Մահացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը

Մահացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը

Hraparak.am -ի տեղեկություններով քիչ առաջ կյանքին հրաժեշտ է տվել ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:

Նա տևական ժամանակ է, ինչ բուժվում էր ծանր հիվանդությունից, իսկ վերջին օրերին նրան տեղափոխել էին Գերմանիայի Դաշնություն` բուժման: Այսօր առողջական վիճակը կտրուկ վատացել է, և Գալուստ Գրիգորիչի կյանքը փրկել չի հաջողվել: Հոգեհանգստի և հուղարկավորության օրը դեռ հայտնի չէ, քանի որ դեռ պետք է հանգուցյալին Գերմանիայից Հայաստան տեղափոխման հարցերը կարգավորեն:

Գալուստ Սահակյանը ծնվել է 1948 թ.-ի ապրիլի 8-ին:

1971 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Բանասեր:

1970-1972թթ. Երեւանի մետաքսի կոմբինատում եղել է փականագործ: 1972-1991 թթ. աշխատել է կրթական համակարգում. թիվ 30 դպրոցում՝ ուսուցիչ, թիվ 94 եւ թիվ 153 դպրոցներում՝ տնօրենի տեղակալ, թիվ 3 եւ թիվ 185 դպրոցներում՝ տնօրեն: 1991-1996 թթ. եղել է Երեւանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, առաջին տեղակալ:

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա ղեկավար:

2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության ղեկավար: ՀՀԿ խորհրդի անդամ: