«Հրապարակ». Շարժումը բյուրեղացել եւ զտվել է

«Հրապարակ». Շարժումը բյուրեղացել եւ զտվել է

Հարցազրույց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանի հետ

- Ինչո՞ւ ընդդիմադիր դաշտը չի համախմբվում։ Գոնե մի քանի մեծ միավոր չի ձեւավորվում, որ հանրությունը գտնի «ո՞վ, եթե ոչ Նիկոլը» հարցի պատասխանը։

- Կարծում եմ, որ, մեծ հաշվով, սա քաղաքական մշակույթի եւ կուսակցական համակարգի չզարգացածության լրջագույն խնդիր է: Նկատի ունեմ, որ Ձեր նշած քաղաքական միավորների բնույթն առաջնային անձնակենտրոն եւ շահերի համադրման միավորների բնույթ ունի, հետո նոր՝ քաղաքական: Իսկ անձնակենտրոնը շատ ավելի խոցելի եւ շահերի առումով հաշվարկելի է, քան ամուր սկզբունքային եւ իր ողջ բնույթով քաղաքական միավորը:

- Ընդդիմադիր ուժերն իրենց ճի՞շտ պահեցին, ինչով հնարավոր է՝ աջակցեցի՞ն Բագրատ սրբազանի պայքարին, թե՞ միայն ձեւական աջակցություն էր, որ չասեն` միտումնավոր ձախողում եք շարժումը, քանի որ դուք չեք նախաձեռնողը։

- Մեծ վերապահումով` ողջ ոչ իշխանական իսթեբլիշմենթին կդասակարգեի ընդդիմադիր դաշտի շարքերում: Դատելով գործընթացներից՝ Սրբազան շարժմանն աջակցող ուժերն ու քաղաքական միավորները բավականին բյուրեղացել եւ զտվել են: Նույնիսկ կասեի՝ զտվել այն աստիճան, որ արդեն հստակ է, որ այս շարժմանն աջակցում եւ սատարում են այլեւս նրանք, որոնց համար առաջնային է ոչ թե իրենցով իշխանությանը փոխարինելը, այլ այս իշխանության կողմից վարվող քաղաքականության կասեցումն ու ընդհատումը:

- Արդեն 26-ի ընտրությունների՞ն ենք պատրաստվում, թե՞ մինչեւ դա էլ պայքար կարող է ծավալվել եւ հաջողություն արձանագրվել։

- Չեմ կարծում, որ այս շարժման ողջ պոտենցիալն ու հնարավորությունները սպառվել են: Մեկ այլ բան է, որ այն արագությունները, որը կային նախկինում, հիմա չկան: Կարծում եմ, որ այս շարժման գոյության եւ շարունակականության մեջ մեծ շահագրգռություն պետք է ունենա Հայաստանի ողջ պահպանողական գաղափարական քաղաքական դաշտը՝ իր պոտենցիալով եւ հնարավորություններով: Ինչ վերաբերում է քաղաքական կուսակցություններին եւ ընտրություններին, ապա հենց կուսակցությունները պետք է ունենան այնքան պատրաստված համակարգ, որ, անկախ շարժումներից եւ իրադարձություններից, պատրաստ լինեն թե՛ հերթական եւ թե՛ արտահերթ ընտրական պրոցեսներին, որովհետեւ դրանց պատրաստ չլինելն արդեն իմաստազուրկ է դարձնում այդ կուսակցության քաղաքական գոյությունը քաղաքական դաշտում:

- Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի թույլ տված 2 ամենակարեւոր սխալները, եւ եթե արել է որեւէ ճիշտ, հայանպաստ քայլ, նշեք, խնդրեմ։

- Չկա որեւէ քայլ, որը կարելի կլիներ գնահատել քիչ թե շատ դրական` այն ողջ ավերիչ քաղաքական վարքաբանությունից հետո, որի հիմնական եւ կենտրոնական առաքելությունը Հայաստանի Երրորդ Հանրապետության՝ բոլոր իմաստներով սնանկացումն է:

Արեգ Մարգարյան