Վստահ եմ, որ Աննա Վարդապետյանը, Անդրանիկ Սիմոնյանն ու Արթուր Պողոսյանը ժամանակին շատ են դիտել 1937 թվի մասին կինոֆիլմեր, եւ նրանց ամենասիրելի հերոսները եղել են Յագոդան, Եժովն ու Բերիան: Կարծում եմ` Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Պապ թագավորի, այլ նաեւ Ստալինի, Պինոչետի կերպարներով է ժամանակին ոգեշնչված եղել, եւ ուժի ու հզորության մասին նրա պատկերացումները սահմանափակվում են մարդկանց բռնել-նստեցնել-դատելու գործողություններով:
Նրանք երեւի տեսել են, թե ինչպես էին 37 թվին սեւ «վորոնյոկները» լուսումթին գնում իրենց զոհերի տուն` այնպես, որ շենքի բոլոր բնակիչներն իմանային, երկրով մեկ ահուսարսափ տարածվեր, ու գիշերային ամեն ճռռոցից, մոտակայքով անցնող ամեն մեքենայի ձայնից մարդկանց սիրտը թփրտար, եւ բոլորն անխտիր սպասեին գիշերային դահիճներին:
Երեկ ընդդիմադիրներից մեկը մեր լրագրողին ասել էր, թե տունը միշտ մաքուր են պահում, հագուստն էլ կողքները դրած, որ արագ հագնվեն ու գնան իրենց բերման ենթարկելու եկածների հետ: 2018-ին մենք ազգովի դեմոկրատիա եւ ազատություն էինք երազում, մարդու իրավունքների, խոսքի ազատության, ընտրական իրավունքի ընդլայնում, ստացանք սողացող ստալինիզմ` գիշերային ձերբակալություններով, անհիմն ու նենգ կալանավորումներով: Երեւի նիկոլական դատավորներն էլ «եռյակների» օրինակով են շարժվում: Տասնյակ տարիներ իր թերթում քաղաքական հետապնդումների եւ անհիմն կալանավորումների դեմ հոդվածներ հրապարակած, անմեղության կանխավարկածի խախտումները դատապարտած Նիկոլ Փաշինյանը գերազանցեց իր նախորդներին` մարդու իրավունքների ոտնահարման տեսանկյունից:
Պարզվեց` կալանքը նրա ամենասիրելի գործիքն է, քաղաքական հետապնդումը` իր աթոռը պաշտպանելու միջոց, իսկ քաղաքական հակառակորդները` ոխերիմ թշնամիներ: