Որն է այս քայլերի իրական պատճառը

Որն է այս քայլերի իրական պատճառը

Նրանք, ովքեր ասում են «ինչ գործ ունենք Սիրիայի, Լիբիայի, Իրաքի, Ղարաբաղի և Երուսաղեմի հետ», խոչընդոտներ են ստեղծում թյուրքական մեծ շարժման ճանապարհին. Էրդողան

Մինչև 2020 թվականի պատերազմը ես հաճախ էի բանավիճում «թավշյա» իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ այն մասին, որ հնարավոր չէ քիչ թե շատ ընդունելի հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, քանի դեռ չի փոխվել այդ ազգերի և ցեղախմբերի  պետական և ազգային գաղափարախոսությունը (քանի որ մեր տարածաշրջանում ներկայացված այս երկու քաղաքական միավորներն իրենց պետական գաղափարախոսության հիմքում դրել են Մեծ Թուրան կոչվող հսկայական էթնո-քաղաքական միավորի ստեղծումը):

Գրեթե բոլոր «թավշյա» գործիչներն աչքերը չռած ու փրփուրը բերանին վիճում էին իմ հետ, թե դա իմպերիալիստ-բոլշևիկ-ռուս-իրանցիներ-չինացիների հեքիաթներն են և նման բան  չկա` «Արևմուտքը դա թույլ չի տա, և ընդհանրապես թուրքերը հիմա լավն են, նրանք այլևս արյունարբու գազաններ չեն և փոխվել են», ասում էին իրենք։

Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչների պաշտոնական դոկտրիններին, փաստաթղթերին, հայտարարություններին, հռչակագրերին իմ բոլոր հղումները նույնիսկ չլսվեցին` զայրույթով նետվեցին մի կողմ։ 

Հետո եղավ «տարօրինակ» 44-օրյա պատերազմը, Հայաստանի տարածքների օկուպացիան, հետո Արցախի փաստացի ոչնչացումն ու օկուպացիան, իսկ հիմա արդեն խոսվում է թուրք-ադրբեջանական տանդեմին Հայաստանի ռազմավարական տարածքները (անկլավները) հանձնելու և Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելու մասին։

Ընդ որում, այս ողջ ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմի նախաձեռնած բոլոր գործընթացներն ընթանում էին թուրքական գոտու ձևավորման տրամաբանությամբ՝ Կիպրոսից մինչև Սիրիա, Իրաքից մինչև Լիբիա, Արցախից մինչև Միջին Ասիա։ 
Բայց նույնիսկ ակնհայտ փաստերը, գործողությունները, պատերազմները, արյունն ու կորուստները, որոնք իրենց հետ բերել են, բերում են և բերելու են թուրքերը, այդպես էլ թավշյա իշխանությունների համար ապացույց չդարձան այն բանի, որ թուրքերի նպատակները խիստ հակասում են Հայաստանի ներկայիս իշխանության «հեքիաթներին» խաղաղության մասին։

Թուրքերը մեզ խեղում են, թալանում, գողանում մեր պատմությունն ու մշակույթը, սպանում, օկուպացնում մեր հողերը և պատրաստվում հարվածել արդեն Հայաստանի խորքը, իսկ թավշյա «քաղաքական գործիչներն» իրենց եվրո֊դեմքերի վրա «դեմոկրատ-գլոբալիստների» դիմակներ կպցնելով ամեն միջազգային պատի տակ անհեթեթություններ են արտաբերում խաղաղության, խաղաղության դարաշրջանի, խաղաղության խաչմերուկի մասին նրանց հետ, ում միակ նպատակը մեզ սպանելն ու վտարելն է։ 

Անշուշտ, «թավշյա» կուրությունը, խլությունն ու համրությունը միանգամայն ռացիոնալ բացատրություն ունեն, որովհետև ներկայիս հայաստանյան իշխանության մեջ կա ով ասես, միայն թե ոչ ապուշներ...

Եվ ահա հարցը. 

Եթե հայաստանյան իշխանություններն ակնհայտը (Այսինքն՝ մեզ սպանելու եկածների մեջ խաղաղություն հաստատելու անհնարինությունը) ժխտելու իրենց քաղաքականությամբ, այնուամենայնիվ, շարունակում են մեզ բոլորիս մահվան տանել «հանուն խաղաղության», ապա որն է այդ քայլերի իրական պատճառը։ 

Որն է պատճառը, որ ներկայիս իշխանությունների քաղաքականությունը փաստացի սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը։ 
Սրանք իրականում սկզբունքային հարցեր են, որոնց պատասխաններից է կախված՝ կպահպանվի Հայաստանը, թե ոչ։ 

Արման Աբովյան