Հարցազրույց

Ասել եմ` խնդրում եմ, ինձ չուղարկեք այդ նկարները, չեմ կարողանում նայել

Ասել եմ` խնդրում եմ, ինձ չուղարկեք այդ նկարները, չեմ կարողանում նայել

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Անկախության օրը, Արցախի վերջին նախագահը, հասարակական ու քաղաքական գործիչներ, հոգևորականներ այցելել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախի համար զոհվածների հիշատակին։ Շուտով կլրանա մեկ տարին, ինչ Արցախը օկուպացվեց և մեր 120 հազար հայրենակիցներ բռնի գաղթի ենթարկվեցին, նրանց ռազմաքաղաքական ղեկավարներն էլ հայտնվեցին Բաքվի բանտում: «Հրապարակը» զրուցել է Արցախի Արտաքին գործերի նախարարության աշխատակից Ռուզաննա Կարապետյանի հետ:

- Մեկ տարի առաջ ճարահատյալ ամեն բան թողեցիք և Հայաստան եկաք: Ինչպիսի՞ն էր այս մեկ տարին, ի՞նչ դժվարությունների, խնդիրների բախվեցիք այս ընթացքում: 

- Հայաստան եկանք սեպտեմբերի 25-ին` երեք օրվա ճանապարհից հետո: Ճանապարհին քնում էինք ավտոմեքենայի մեջ: Մեր ընտանիքը պատրաստ չէր տնից վերջնական դուրս գալուն….  շատ հապճեպ ստացվեց: Մարդիկ օրերով պատրաստվում էին դուրս գալուն, իսկ մենք` ոչ: Աղջիկս ասաց` դուրս եկեք, գնում ենք, ասացի` լավ, բայց տնից դուրս գալիս այնպիսի տպավորություն էր, որ ժամանակավոր ենք դուրս գալիս, որ անպայման պետք է հետ գանք: Իրերս հավաքելիս ինքս ինձ ասում էի` սա տանում եմ ի՞նչ անեմ, մեկ է` գալու եմ հետ: Լուսամուտը փակեցի, տները մաքրեցի, լվացի, չէի պատկերացնում, որ տունս թողնում եմ ընդմիշտ: Մտածում էի` գոնե 2020 թվականի նման մի բան կորոշեն, որ մենք մեր տներում, մեր հայրենիքում մնանք: Եկանք Հայաստան, առաջին օրը տեղ չգտանք քնելու, գիշերեցինք ավտոմեքենայի մեջ, հետո գնացինք Հրազդան, մեզ շատ լավ դիմավորեցին: Անձրևի տակ էինք ընկել, լրիվ ջրի մեջ էինք հայտնվել…. բարեկամս զանգահարեց ասաց` կարող ենք իր ամառանոցում մնալ, մեկ ամիս մնացինք այնտեղ, հետո Երևան տեղափոխվեցինք` մոլորված, մեզ լրիվ կորցրած: Եթե այդ օրերին անունս հարցնեիք` չէի իմանա…. ահավոր վիճակում էինք, աննկարագրելի, լրիվ կորած:

- Արցախում ի՞նչ ունեիք, որ մնաց թշնամուն:

- 30 տարի աշխատում էի Արցախի Արտաքին գործերի նախարարությունում, թողեցի աշխատանք, ի դեպ` շատ նվիրված էի իմ աշխատանքին, աշխատանքս էր առաջին տեղում, լրիվ ջանքերը, որ պետք է Արցախի համար լավ լիներ, դարձան ապարդյուն: Տուն ունեինք` Ստեփանակերտի ամենասիրուն հատվածում: Երեսունքանի տարվա տուն էր, պատրաստի տուն, ամեն ինչ կար, մնում էր` ապրել, բայց այսպես ստացվեց:

- Երևանում հարմարվե՞լ եք, կարգավորվե՞լ է ձեր կենցաղը:

- Չէ, ընդհանրապես, կոնկրետ իմ ընտանիքը չի հարմարվում, մարդիկ տարբեր կերպ են այս ամենն ընկալում: Ով տուն չի ունեցել, աշխատանք չի ունեցել, անկեղծ ասած, նրանք շատ հանգիստ հարմարվել են, թեեւ ամենաթանկն են կորցրել` հայրենիքը, բայց մեծ հաշվով իրենց համար տարբերություն չկա` որտեղ կապրեն: Մի «մասս» այնտեղ է մնացել, ես ու տղաս ասում ենք` երանի թե մեռնեինք, բայց մնայինք Արցախում ու շատերն են այդպես մտածում: Մեռածներին երանի ենք տալիս, սա ի՞նչ վիճակ է: Մարդիկ այստեղ մեզ շատ լավ են վերաբերվում, բայց իշխանությունների հռետորիան մեզ դուր չի գալիս, մեր հանդեպ վատ են տրամադրված, մարդկանց են մեր դեմ տրամադրում, թույնով սրսկում մեր դեմ: Եթե այս իշխանությունները մեր դեմ չխոսեն, մարդիկ շատ լավն են, մեզ շատ լավ կվերաբերվեն, բայց անվերջ մարդկանց մեջ թշնամանք են սրսկում մեր հանդեպ:

- Շաբաթ օրվա ասուլիսում Փաշինյանն ասաց, որ Արցախն արցախցիներն են հանձնել, ինքը ոչ մի կապ չունի այդ ամենի հետ:

- Բայց ես օրինակ ո՞նց եմ հանձնել Արցախ: Իմ տնից` Ստեփանակերտից տեսնում էի թուրքի դիրքը: Մեզ մեղադրողները թող պատկերացնեն մի պահ` Երևանի կենտրոնից թուրքի դիրք տեսնեն, ի՞նչ կանեն, սպասեինք, թե ե՞րբ են մեզ մորթելու: Սոված մեկ տարի ապրել ենք: Օրերով քաղաքում ընկած գրամներով ալյուր էի ման գալիս, ոչ մի բան չկար, մեկը մի քանի հատիկ կարտոֆիլ էր առնում, մի քանի հատիկ տալիս….  Քանի՞ րոպե կապրեին այդ կյանքով մեզ քննադատողները` վտանգն էլ կախված: Ես չեմ հավատում, որ եթե աշխարհը ցանկանար բլոկադան վերացնել, չկարողանար: Լավ էլ կարող էին, ուղղակի չուզեցին:

- Ո՞ր դեպքում կվերադառնաք Արցախ:

- Եթե տարածքը` երրորդ կողմից վերահսկվի` այդ ժամանակ, բայց ռուսներին բացառում եմ, նրանք իրենց վստահությունը լրիվ կորցրել են, ռուսների ոտքը չլինի այնտեղ: Հայաստանի վրա էլ հույս չկա: Կարծում եմ` ռազմական ճանապարհով մեր տարածքները վերցնելն անհնար է` այս պահի դրությամբ, որովհետև Ադրբեջանը սրընթաց յուրացնում է ամեն ինչ: Շատ արագ քայլեր են անում, անգամ քանդում են լրիվ, որ ոչ մեկը չվերադառնա հանկարծ իր տուն: Իմ տանն արդեն ադրբեջանիցներ են բնակվում, նկարներ են ուղարկում:

- Ո՞ւմ են նկարներ ուղարկում, ինչպե՞ս:

- Ինձ մեր հարևանն ուղարկեց: Հարևանուհուս պատշգամբում ադրբեջանցին կանգնել էր ու նկարվել, նկարն էլ ուղարկել էր: Զինվորականներ են, մեր տունն էլ են վերցրել, բայց ես չեմ կարողանում նայել: Ասել եմ` խնդրում եմ, ինձ էլ չուղարկեք այդ նկարները, չեմ կարողանում նայել: Հատուկ են այդպես անում, որ այսպես ասած մեր վերքը թարմ մնա: Երեկ իմ բարեկամը տուն էր փնտրում էստեղ, որ տունը փոխի: Ասել են` նոր տան տերը չի սիրում արցախցիներին, հանկարծ իր մոտ Արցախի բարբառով չխոսեք, երևի նման մարդկանց հետ պետք է թուրքերեն խոսել, որ իրենց լավ զգան, սա ի՞նչ վերաբերմունք է: Կան այնպիսի մարդիկ, ովքեր հատուկ վերաբերմունք ունեն արցախցիների նկատմամբ, որ ոչ մի արցախցու տուն չեն տալիս: Այդ վերաբերմունքը ճնշող է:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Պետական հեղաշրջո՞ւմ

Պետական հեղաշրջո՞ւմ

Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...

×
Gallery Image