Սաֆարյանը դա պետք է անի, ոչ թե կրակի վրա յուղ լցնի

Սաֆարյանը դա պետք է անի, ոչ թե կրակի վրա յուղ լցնի

Հանրային խորհրդի նախագահ նշանակվելուց հետո Ստյոպա Սաֆարյանը հանդես եկավ մի քանի աղմկահարույց գրառումներով, սակայն դրանցից ամենաաղմկահարույցը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վերաբերյալ գրառումն էր։

Հիշեցնենք, Սաֆարյանը գրել էր․«Օրեր առաջ վտանգներ մատնանշել էինք Վանեցյանի համար ու հուշել, որ կառավարությունը նրա անվտանգության մասին հոգ տանի, բայց սևերը, պարզվում է, "գիշերը" թիրախ են փոխել... Ցավակցում եմ Կուտոյանների ընտանիքին...»։ Սաֆարյանը հետագայում հանդես էր եկել պարզաբանմամբ, որը, թերևս, իր հետ քննադատություննների ևս մեկ տարափ բերեց, Սաֆարյանը ասաց,որ  հասարակությանը սև-սպիտակի բաժանելու ակնարկ չի ունեցել, այլ հանրահայտ Մաֆիա խաղի սև-կարմիրի ակնարկն ուներ։ ՀԽ-ի՝ Սաֆարյանի նախագահությամբ առաջին նիստն էլ խաղաղ չէր անցել, բավականին բուռն բանավեճեր եղան։

ՀԽ-ի անդամ, հրապարակախոս Արծրուն Պեպանյանին հարցրինք, թե հնարավո՞ր է համարում ՀԽ-ի այս կազմով գործունեությունը՝ նկատի ունենալով, որ Սաֆարյանի գործունեությունը միանշանակ չի ընկալվում․

«Եթե Հանրային խորհրդում բանավեճ չպետք է լինի, էլ ո՞ւմ է պետք այդ Հանրային խորհուրդը, պետք է բանավիճեն էլ, պետք է լեզվակռիվ էլ լինի, եթե դրա կարիքը կա, պետք է եզրահանգման գալ, որ կարողանանք ճիշտ խորհուրդներ տալ կառավարությանը»,- պատասխանեց Պեպանյանը։

Բայց չէ՞ որ ՀԽ անդամները մնալ-չմանալու հարց էին բարձրացնում․

«Հանրային խորհուրդը ունի 45 անդամ, եթե կպարզվի, որ այնտեղ առնվազն 20 անդամ կա, որ ինքնուրույն է մտածում, ինքնուրույն է որոշում կայացնում՝ անկախ նրանից, թե իր եզրակացությունը մյուսի եզրակացությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ, եթե պարզվի, որ այդքան մարդ կա, իմաստ ունի շարունակել ՀԽ-ում աշխատել, իսկ եթե կպարզվի՝ մի մասը կառավարվում է, իրենց կարծիքը չեն ասում, էդ դեպքում լավ է դուրս գանք և մեր հասարակական գործունեությունը ուրիշ տեղ ծավալենք, ես հույս ունեմ, որ կլինեն իմ ասած թվաքանակի մարդիկ»։

Պեպանյանից կարծիք հարցրինք Սաֆարյանի գրառման վերաբերյալ։ Նախկինում Վազգեն Մանուկյանին մեղադրում էին քաղաքական հայտարարություններ անելու մեջ․

«Ես խորհուրդ կտամ նրաց, ովքեր Վազգեն Մանուկյանին այդ մեղադրանքը ներկայացնում էին, իրենց դիմեք այդ նույն հարցով և հարցրեք՝ արդյոք պարոն Սաֆարյանի տեսակետը քաղաքակա՞ն չէ, արդյոք դա կողմնապահությո՞ւն չէ։ Ինձ էլ է հետաքրքիր իրենց կարծիքը։ Ես գտնում եմ, որ Հանրային խորհրդի նախագահը պիտի հաշվի առնի երկրում ստեղծված կացությունը, և համարյա թշնամանքի հասնող ագրեսիվությունը, և ջանքեր գործադրի, իր անձի և Հանրային խորհրդի ռեսուրսը օգտագործելով՝ բավանեճը բերենք քաղաքակիրթ հուն, այլապես ես վտանգներ եմ տեսնում։ Ես ՀԽ-ի վերջին նիստի ժամանակ էլ եմ ասել, որը պարոն Սաֆարյանն էր նախագահում, ես այնտեղ էլ եմ ասել, որ կա այդ պրոբլեմը, ես այն տեսնում եմ։ Դա պետք է անի, ոչ թե յուղ լցնի կրակին՝ այս մի թևի կամ այն մի թևի»։

Պեպանյանի խոսքով՝ հենց Հանրային խորհուրդը պետք է ստանձնի հանրությունում տիրող ատելության մթնոլորտը կարգավորելու, և բանավեճը քաղաքակիրթ ուղի բերելու գործը․

«Եթե Դուք ինձ ցույց տաք մեկ այլ սահմանադրական մարմին, որը դա կանի, ու այդ ինտելեկտը կա, իր գործառույթների մեջ դա գրած է, ապա ես շատ ուրախ կլինեմ, որ դա մեկ ուրիշ կառույց անի, ես էլ այլ գործերով զբաղվեմ։ Բայց ես այնքան մտքի խտացում չեմ տեսնում, որքան որ Հանրային խորհրդում կա․ ո՛չ խորհրդարանում կա, ո՛չ կառավարությունում կա, ո՛չ ընդդիմությունում կա, ցաքուցրիվ են։ Իրենց որոլորտներում կայացած 45 հոգին՝ փորձառու մարդիկ, որոնք հեղինակություն ունեն։ Օրենքների մեջ էլ կա, որ եթե հասարակության մեջ լարվածություն է առաջանում, ՀԽ-ի ֆունկցիաների մեջ է մտնում կարգավորելը։ 11 անդամ կարող է ստորագրել և արտահերթ նիստ հրավիրել իրենց օրակարգով, և նախագահը պարտավոր է ենթարկվել։ Խորհրդի նախագահը մի առաձնակի իշխանություն չունի, նա ընդամենը մի ձայն ունի և նիստ վարող է, նա չի կարող կարգադրել խորհրդի անդամներին և այլն, եթե, իհարկե, խորհրդի անդամները ինքնուրույն մարդիկ են»։