Վաղարշակ Հարությունյանը կմասնակցի Մեղրիի հանձնմանը

Վաղարշակ Հարությունյանը կմասնակցի Մեղրիի հանձնմանը

Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը նախօրեին այցելել է Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, ով ծանր վիրավոր է եւ գտնվում է զինվորական հոսպիտալում։

Մեր աղբյուրը պատմեց, որ վարչապետը Ջալալ Հարությունյանին ասել է, թե մոտ օրերս փոխելու է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին եւ նախարար է նշանակելու Օնիկ Գասպարյանին, իսկ իրեն առաջարկում է զբաղեցնել ՀՀ Զինված ուժերի շտաբի պետի պաշտոնը՝ Օնիկ Գասպարյանի փոխարեն։ Ջալալ Հարությունյանը գրեթե բաց տեքստով մերժել է այդ առաջարկը, ասելով՝ նման պայմաններում ես չեմ պատկերացնում, թե ինչ կարող եմ անել։ Նիկոլ Փաշինյանը հորդորել է չշտապել՝ մտածել, նոր պատասխանել։
Երեկ արդեն լուր տարածվեց, որ պաշտպանության նախարար է նշանակվում ոչ թե Օնիկ Գասպարյանը, այլ՝ Վաղարշակ Հարությունյանը։ Թերեւս, Ջալալ Հարությունյանի մերժումը եղել է վերջնական, եւ դա է նաեւ ազդեցություն ունեցել նման որոշման վրա։

Ուշագրավ է, որ երեկ վաղ առավոտից պաշտոնապես լուրեր էին տարածվել, եւ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունն էլ հաղորդել էր, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարական է տվել։

Սակայն մեր աղբյուրները վկայում են, որ Դավիթ Տոնոյանը ոչ թե հրաժարական է տվել՝ կամովին դիմում գրելով, այլ նրան ազատել են աշխատանքից։

Ավելին՝ ՊՆ մեր աղբյուրներն ասում են, որ Դավիթ Տոնոյանը վերջին օրերին արտահայտվելով իր հրաժարականի թեմայով՝ ասել է, որ այս պահին հրաժարական չի տալիս, քանի որ դա «դասալքություն կդիտվի»։ Իրականում՝ նրան ազատել է վարչապետը, իր որոշմամբ։ Երեկ ավելի ուշ հրապարակվեց Դավիթ Տոնոյանի ուղերձը, որով նա հրաժեշտի ու զղջումի խոսքեր էր ասում, որ ինչ-որ բաներ չի հասցրել, որ ինքն էլ է պատասխանատու պարտության համար եւ այլն։ Բայց տեքստում մի բառ անգամ չկա այն մասին, որ ինքն է հեռանում, հակառակը՝ «հեռանում եմ» եզրույթն էր օգտագործված, որից հասկացվում է, որ նա կամովին չի հեռանում, այլ հեռացնում են պաշտոնից։

Ինչ վերաբերում է Վաղարշակ Հարությունյանի նշանակվելուն, ապա երեկ շատերը հիշեցին, թե ինչպես էր նա տարիներ շարունակ խոսում Ռոբերտ Քոչարյանի կողմից «Մեղրին ծախելու» մասին, մինչդեռ ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ այսօր խոսքը գնում է Մեղրիով Ադրբեջանին տրանսպորտային միջանցք տրամադրելու մասին, ինչը մերժվել է Քոչարյանի օրոք, եւ ինչին համաձայնել է իրեն նախարար նշանակող վարչապետ Փաշինյանը։