Ոչ բոլոր դատավորների նկատմամբ է հնարավոր ճնշում գործադրել

Ոչ բոլոր դատավորների նկատմամբ է հնարավոր ճնշում գործադրել

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը վերջերս աննախադեպ որոշում կայացրեց՝ ապօրինի ճանաչելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ կիրառված գործողությունները՝ անձեռնմխելիությունը դադարեցնելու, լիազորությունները կասեցնելու մասով։ Սակայն ԲԴԽ-ն եւ գործադիրը հրաժարվում են կատարել նրա կայացրած ակտը։ 

Մեզ հետ զրույցում անդրադառնալով իր կայացրած որոշումը չկատարելուն՝ Դ․ Հարությունյանն ասաց․ «Հիմա ճիշտ չի լինի, որ ասեմ՝ կատարվում է, թե չի կատարվում։ Իմ խնդիրն ակտ կայացնելն ու կողմերին տրամադրելն է։ Այդ որոշման կատարման ընթացքի հետ կապված՝ ես հսկողական, վերահսկողական որեւէ գործառույթ չունեմ։ Արդեն կողմերը, շահառուներն են պարտավոր հետամուտ լինել, որպեսզի այն ի կատար ածվի կամ հակառակը։ Ընդհանրապես, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու շրջանակներում կայացված որոշումների մասով, որով քննվել է նաեւ Ձեր հիշատակած բողոքը, ի տարբերություն, օրինակ, դատավճիռների, դատարաններն այդ որոշումների կատարման մասով առանձին կատարողական թերթիկ չեն արձակում, կատարման փուլ ու դրա նկատմամբ դատական հսկողություն, որպես այդպիսին, օրենքով նախատեսված չէ, հետեւաբար, նաեւ կատարման մասին դատարանին պաշտոնապես չեն տեղեկացնում: Այլ է իրավիճակը, երբ դատարանը վերջնական դատական ակտ, դատավճիռ է կայացնում իր վարույթում քննված քրեական գործով»:  

- Մամուլում Ձեզ ուղղված մեղադրանքներ կան, որ Դուք դատավորի վարքականոն եք խախտել՝ իրավունք չունեիք քննելու այս գործը, պետք է ինքնաբացարկ հայտնեիք, քանի որ Վարդազարյանը ժամանակին բավարարել է Ձեր հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու միջնորդությունը։

- Այդ ամենը, թե արդյոք իրավունք ունեի քննել այդ գործը, թե ոչ, դատական նիստում, այդ թվում նաեւ՝ դատական նիստի դռնբաց հատվածում, քննարկվել է, դրա կապակցությամբ կայացվել է որոշում: Ինչ վերաբերում է գաղտնալսման որոշմանը, ապա այն բեկանվել է, եւ այն գործի, վարույթի շրջանակներում, որ այն կայացվել էր, այդ գործով արդեն վերջերս ինձ տուժող ճանաչելու մասին որոշում է կայացվել։ Այդ գործով ունեմ տուժողի կարգավիճակ՝ դատավորին զրպարտելու կամ սուտ մատնության դեպքի հետ կապված։
Ինչ վերաբերում է Ձեր նշած՝ իմ նկատմամբ հնչեցված մեղադրանքներին, ապա բոլոր շահառուները, այդ թվում նաեւ անանուն հոդվածների հեղինակները գիտեն, թե ուր կարող են դիմել այդ հարցերի բարձրաձայնման համար:

- Այսինքն՝ այդ ամենը կարո՞ղ էր ազդել Ձեր՝ որպես դատավորի կողմից կայացված անաչառ որոշման վրա։

- Այդ հարցի հետ կապված՝ բացարկի միջնորդություն է ներկայացվել ինձ, եւ այդ բացարկի միջնորդության մերժելու վերաբերյալ 30-ից ավելի էջ ունեցող որոշում է կայացվել։ Այդ փաստարկները գնահատվել են, դրա վերաբերյալ կայացվել է որոշում՝ բացարկը մերժելու մասին, որով, ըստ էության, դատարանն այն եզրահանգմանն է եկել, որ այն չէր կարող ազդել։

- Ձեզ քննադատել են նաեւ նրա համար, որ Դուք չէիք կարող այս գործը քննել այն հիմքով, որ Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, մեկ բառով ասած, գլխավոր դատախազի որոշումը՝ մեղադրյալ ներգրավելու մասին, բողոքարկել։

- Էն մյուս 120-էջանոց որոշման երեւի թե մի 10-15 թերթն էլ դրան է նվիրված, թե կարո՞ղ էի քննարկել, թե՞ չէի կարող քննարկել։ Հիմա այդ 10-15 թերթն ինչպե՞ս կարող եմ բանավոր փոխանցել։

- Այն, որ բավականին երկար ժամանակ պահանջվեց, մինչեւ որոշումն ամբողջությամբ հրապարակեցիք, դա ծավալո՞վ էր պայմանավորված։

- Ոչ միայն ծավալով, հիմնականում տեխնիկական ծանրաբեռնված աշխատանքով։ Ցավոք, դա եզակի դեպք չէ, երբ չենք կարողանում ժամանակին տրամադրել ակտերը, ծանրաբեռնվածությունը նույն ռեսուրսների պայմաններում վերջին տարիներին երեւի 200-300 տոկոսով աճել է: 

- Այս ընթացքում այս գործի հետ կապված եւ ոչ միայն՝ Ձեզ վրա որեւէ ճնշում գործադրվե՞լ է իշխանության որեւէ օղակի կամ անհատի կողմից։

- Ինձ ընդհանրապես ճնշելն այդքան էլ հեշտ բան չէ, ու եթե էնպիսի ճնշում լիներ, որը բարձրաձայնման ենթակա լիներ, հաստատ կբարձրաձայնեի։

- Դատավորները, սովորաբար, չեն սիրում բարձրաձայնել իրենց նկատմամբ իրականացվող ճնշումների մասին։

- Ոչ բոլոր դատավորների նկատմամբ է հնարավոր ճնշում գործադրել, ու իմ նկատմամբ էլ էնպիսի ճնշում, որը ես բարձրաձայնեմ, փորձեմ էդ մասին հայտարարել, դեռեւս չի եղել։

- Իսկ ի՞նչ գնահատական կարող եք տալ դատական համակարգի ներկայիս վիճակի հետ կապված։ Շատ է խոսվում, որ այսօր փորձում են իրենց բուռը հավաքել դատավորներին, այդ թվում՝ Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ գործուղելով, գործադիր իշխանության կողմից կա դատական համակարգի նկատմամբ ճնշում եւ հատկապես ընտրություններից հետո, երբ վերընտրվեց այս իշխանությունը, դատավորներն իրենց վարքագիծը փոխեցին, ինչը զգացվում է նաեւ կալանքի միջնորդությունների վերաբերյալ կայացրած որոշումներում, արդեն բոլոր այն դեպքերում, երբ կա իշխանական հրահանգ, բավարարվում են։

- Դուք երեւի շուրջ հինգ հարց տվեցիք՝ ամենաքիչը, ընդ որում՝ յուրովի մեկնաբանություններով ու յուրովի ելակետերով։ Հիմա ես այդ հարցերին մեկ-երկու նախադասությամբ ո՞նց պատասխանեմ։

- Եթե կարճ ձեւակերպենք, Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է, վերջին երեք տարում ինչ-որ բան փոխվե՞լ է դատական համակարգում եւ հատկապես՝ վերջին շրջանում։

- Ես իմ գործունեության մասին ասեմ․ շուրջ տասը տարի դատավոր եմ աշխատում, ընդհանուր առմամբ՝ որեւէ բան չի փոխվել։ Ոնց աշխատել եմ, էդպես էլ աշխատում եմ, ու քանի դեռ դատավոր եմ, էդպես էլ աշխատելու եմ։

- Այսինքն՝ այն գնահատականը, որ հնչեցնում էր Նիկոլ Փաշինյանը, թե կան պատերի տակ վնգստացող դատավորներ, այդ առումով ոչինչ չի՞ փոխվել։

- Այսինքն՝ ի՞նչ է նշանակում, թե ոչինչ չի փոխվել։

- Այդ հարցը շատ քննարկվեց, հիշում եք՝ ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը։

- Այո, այդ հարցը շատ հնչեցվեց, շատ քննարկվեց, հիմա Դուք, որ ինձ ասում եք՝ բան փոխվե՞լ է, թե՞ չէ դրանից հետո։ Ինձ համար, ընդհանրապես, որեւէ քաղաքական գործչի որեւէ հայտարարություն որեւէ բան չի փոխում իմ աշխատանքում։

- Այսինքն՝ դատական համակարգն արդարության, արդարադատության տեսանկյունից տասը տարում փոփոխության, տրանսֆորմացիայի չի՞ ենթարկվել, որ ավելի անկախանա, ավելի արդար դատական համակարգ ունենանք։

- Ընդհանրապես, անընդհատ փոփոխվում է։ Փոփոխություններն էլ պայմանավորված են, առաջին հերթին, օրենսդրությամբ, աշխատանքի ծավալով։ Ընդհանրապես, բնականաբար, փոփոխվում է, ոչ մի բան լճացման մեջ չի գտնվում, իհարկե։

- Հիմա ավելի անկախացե՞լ է դատական համակարգը, թե՞ հակառակը։

- Ես համակարգի գնահատականը դժվարանում եմ տալ էսպես՝ հեռախոսով, կոնկրետ, եթե ինչ-որ ցուցիչ վերցնենք, ավելի շատ մասնավոր օրինակների վրա հնարավոր է ասել, բայց հիմա ընդհանուր գնահատական չեմ կարող տալ։ Ես իմ օրինակով կարող եմ ասել՝ ես ոնց աշխատել եմ, էդպես էլ շարունակում եմ աշխատել ու շարունակելու եմ աշխատել։ Եթե իմ գործունեությունը մեր համայնքը՝ իրավաբանական համայնքը, գնահատում է անկախ, ուրեմն էդպես էլ աշխատել եմ։