Բաքուն պնդում է, թե Իրանի հետ այսօր դրել են «Զանգեզուրի միջանցքի» հիմքը․ ի՞նչ է հայտնի

Բաքուն պնդում է, թե Իրանի հետ այսօր դրել են «Զանգեզուրի միջանցքի» հիմքը․ ի՞նչ է հայտնի

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Ադրբեջանի կողմից օկուպացված Զանգիլանում՝ Ագբանդ գյուղի և սահմանային կետի մոտ, տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի միջև ավտոճանապարհային կամրջի հիմնարկեքը։

Այդ մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ նշելով, որ այդկերպ որոշվել է «Զանգեզուրի միջանցքի» աշխարհագրական տեղանքը։

Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի փոխվարչապետ, Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրի և հումանիտար ոլորտներում համագործակցության պետական ​​հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, հանձնաժողովի համանախագահ Բազպրաշ Մեհրդադը: 

Նշվում է, որ նոր կամուրջը կդառնա Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև կապի մի մասը՝ հետագայում Թուրքիա մուտքով: Այլ կերպ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, դա նույն, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է, որը պետք է անցներ Հայաստանի տարածքով, սակայն «Երևանը պարբերաբար խափանում էր»։

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ եթե Հայաստանը խոչընդոտի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, ապա այն կանցնի Իրանի տարածքով։ Ի դեպ, օրերս Իրանի նախագահը կրկին դեմ արտահայտվեց «Զանգեզուրի միջանցք»-ի բացմանը՝ վերահաստատելով  պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը տարածաշրջանում աշխարհաքաղաքական ու սահմանային փոփոխության անընդունելիության մասին։