Քաղաքականություն

Մե՛նք ստիպեցինք Նիկոլ Փաշինյանին, որ ընտրության գնա

Մե՛նք ստիպեցինք Նիկոլ Փաշինյանին, որ ընտրության գնա

Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո մարդիկ սկսեցին Սահմանադրության դրույթներն ուսումնասիրել եւ մեջբերումներ անել՝ փորձելով ապացուցել, որ Փաշինյանն օրենքի ուժով չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար, մյուս հատվածը համաձայն չէ սրա հետ։ Սակայն անիմաստ են սահմանադրական ցիտատները, քանզի նման հարցերում գործող իշխանությունը սեփական հայեցողությամբ է մեկնաբանում Սահմանադրությունը, իսկ թիմում ձեւացնում են, թե չեն հիշում իրենց հեղափոխական առաջնորդի եռամյա վաղեմության հայտարարությունն այն մասին, որ հրաժարական տալուց հետո Սերժ Սարգսյանը չի կարող դառնալ վարչապետի պաշտոնակատար։ Եվ չդարձավ, քանի որ դա էր Սահմանադրության ու օրենքի պահանջը։ 

Ստեղծված թնջուկի սահմանադրական բանալին խորհրդարանական ընդդիմության (27 պատգամավորի ստորագրությամբ) եւ ՀՀ նախագահի ձեռքում է, նրանք կարող են դիմել Սահմանադրական դատարան, որտեղ էլ կորոշեն՝ Փաշինյանն ունի՞ նման իրավունք, թե՞ պետք է այլ անձ ԺՊ նշանակվի։ Քաղաքական դաշտում կարծում են, որ սա առանցքային հարց է եւ էական ազդեցություն է ունենալու ընտրությունների արդյունքների վրա, քանի որ, լինելով պաշտոնակատար, Փաշինյանը տնօրինելու է բոլոր ռեսուրսները եւ վերարտադրվելու է։ Արմեն Սարգսյանը վաղուց ձեռքերը լվացել է եւ Նիկոլ Փաշինյանի դեմ առճակատման չի գնում, իսկ ի՞նչ են մտածում ԲՀԿ-ում եւ ԼՀԿ-ում։

ԲՀԿ-ական պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեր հարցին՝ չե՞ն կարծում, որ պետք է դիմել ՍԴ եւ թույլ չտալ, որ Փաշինյանը պաշտոնավարի, ասաց․ «Այստեղ կա սահմանադրական թնջուկ, բազմաթիվ սահմանադրագետներ այս հարցի հետ կապված ունեն ոչ հստակ մոտեցումներ, այսինքն՝ կա կարծիքների որոշակի երկակիություն»։ ՍԴ-ն այն կառույցն է, որտեղ այդ թնջուկը կլուծվի։ «Եթե մենք գնում ենք այս հարցերի պարզաբանման, բացահայտման ճանապարհով, բնականաբար, նախընտրական, նախապատրաստական գործընթացները որոշակի առումով կդանդաղեն, եւ հունիսի 20-ի գործընթացները որոշակիորեն հետ են շպրտվում, մինչդեռ մեզ համար այս պահին առաջնահերթ է արտահերթ ընտրությունների անցկացումը»։ Բայց չէ՞ որ կարելի է դիմում գրել՝ գործընթացը ՍԴ-ում ինքնըստինքյան կընթանա։ Տոնոյանն ասաց․ «Մենք մինչ այս պահը չենք քննարկել այդ հարցը, ես իմ անձնական դիրքորոշումն եմ հայտնում»։ Փաստորեն, վստահո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին եւ սպասարկում նրա օրակարգը, Տոնոյանն ասաց․ «ԲՀԿ-ն որեւէ մեկի օրակարգը չի սպասարկում, ինքն իր օրակարգն ունի»։

Էդմոն Մարուքյանի կուսակից Արմեն Եղիազարյանին էլ հիշեցրինք ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի հայտարարությունը, որ Փաշինյանը չի կարող ԺՊ մնալ, եւ հարցրինք՝ ի՞նչն է ձեզ հետ պահում ՍԴ դիմելուց։ Պարզվեց՝ մեր զրուցակիցը լոռեցուն բնորոշ միամտությամբ հավատում է, որ Նիկոլ Փաշինյանը չի կեղծի ընտրությունները․ «Նիկոլ Փաշինյանը մի անգամ եղել է ԺՊ, էդ ժամանակ ոչ մեկ ոչ մի ձայն չհանեց, հիմա եկել հարցնում եք՝ ինչո՞ւ չեք դիմում»։ 

- Ումի՞ց եք դժգոհում՝ ձայն հանեիք, թե՞ մտածում եք, որ անցած ընտրություններին մեծ թվով մանդատ եք ստացել, հիմա էլ եք ստանալու։ Գուցե նման խոստում է տվել ձեզ Փաշինյանը, դրա համա՞ր եք լռում։

- Ես կարծում եմ, որ այս պահին ամենակարեւորը՝ որ հանգուցալուծում լինի քաղաքական այս ճգնաժամին, եւ դա կարելի է անել՝ գնալով ընտրությունների, մենք էլ գնում ենք ընտրության։

- Դուք կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանը ԺՊ-ի պաշտոնում վարչական ռեսուրսն իրեն չի՞ ծառայեցնի, ընտրությունները չի՞ կեղծի։

- Ե՛վ մենք, ե՛ւ ԲՀԿ-ն ունենք բավարար չափով հանձնաժողովի անդամներ ու վստահված անձինք եւ կարող ենք վերահսկել ընտրությունների ընթացքը։

- Բոլոր ուժերը կարող են վստահված անձինք ունենալ, բայց չունեն ձեր վստահությունը՝ Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ ՀՀ առաջին նախագահն անգամ ձեզ կոչ արեց դուրս գալ Փաշինյանի հետ հակասահմանադրական պայմանավորվածությունից։

- Մենք հակասահմանադրական պայմանավորվածություն չենք կայացրել, իսկ եթե գտնենք, որ Ձեր ասած հարցի հետ կապված խնդիր կա, հետամուտ կլինենք։

- Պարզ ասած՝ վստահում եք Նիկոլ Փաշինյանին, որ նա ազատ, արդար ընտրություններ կանի։

- Դե, վստահում ենք, թե չէ, բայց այս պարագայում այլ տարբերակ չեղավ, որ գնայինք ընտրությունների, սա միակ ելքն է, որ կարող ենք ազատվել Նիկոլ Փաշինյանից։

- Իր վարչապետությամբ ընտրությունների միջոցո՞վ։

- Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն այսօր այն կշիռը չունի, որ կարող է ազդել եւ հօգուտ իրեն ընտրություններ անցկացնել։

- Դրա համար էլ մնացել է պաշտոնակատարի կարգավիճակում, որ կշիռ ունենա։

- Միգուցե մտածում է, որ կարող է գործոն լինել, բայց ես չեմ մտածում։

- Դուք, փաստորեն, Նիկոլ Փաշինյանին իրենից լավ եք ճանաչում։

- Ես գտնում եմ, որ ինքն այսօր այն ուժը չունի։

- Ինքն այնքան ուժ ունի, որ 44-օրյա պատերազմից եւ կապիտուլյացիայից հետո կարողացավ ձեզ տանել իր դաշտ եւ, ինչպես Տեր-Պետրոսյանը կասեր՝ հակասահմանադրական պայմանավորվածության գալ։ Սահմանադրությամբ՝ ընտրության օրը նշանակվում է խորհրդարանի լուծարումից հետո։

- Դե, դա մոտավոր, պայմանական ժամկետ է եղել, եւ հնարավոր է այդ ժամկետը փոխվի։ Նիկոլ Փաշինյանն ուժեղ չէ, մենք էինք ուժեղ, որ կարողացանք բերել նրան, որ ընտրություն լինի։

- Ուզում եք ասել՝ ձեր շնորհի՞վ է եղել, իշխանությունը վախեցա՞վ ձեզնից՝ որ ձեր սենյակներից հարցազրույց էիք տալիս ու հորդորում հեռանալ։

- Չէ, փողոցում միտինգից վախեցավ (հեգնում է)։

- Թերագնահատո՞ւմ եք քաղաքացիների ճնշումը փողոցում։

- Չեմ թերագնահատում, իրենք իրենց գործն արեցին` արդյունք չունեցավ, մեր ճանապարհը եղավ արդյունավետ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image