Կապանում «Յանդեքս» հավելվածից օգտվելու համար Ադրբեջանի քարտեզն են «քաշում»

Կապանում «Յանդեքս» հավելվածից օգտվելու համար Ադրբեջանի քարտեզն են «քաշում»

Կապանի բնակիչները, որոնք օգտվում են «Յանդեքս» տաքսի ծառայությունից, օրերս տհաճ անակնկալի են եկել։ Բնակիչներից մեկը պատմեց մեզ, որ փորձել է «Յանդեքս» հավելվածի միջոցով տաքսի պատվիրել, եւ նրան եկել է հրահանգ, որ ծառայությունը հասանելի կլինի միայն Ադրբեջանի քարտեզը ներբեռնելուց հետո: Զայրացած քաղաքացին, բնականաբար, հրաժարվել է «Յանդեքս» կանչելու մտքից: Մենք զանգահարեցինք «Յանդեքս» գրասենյակ՝ պարզաբանում ստանալու նպատակով:

Մեզ պատասխանեցին. «Կապանում «Յանդեքս» ծառայությունը հասանելի է, սակայն այնտեղ փոքր թվով մեքենաներ կան»: Ադրբեջանական քարտեզ ներբեռնելու հրահանգի մասին տաքսի-ծառայությունում տեղյակ չէին: Մեզ հետ կապի դուրս եկած օպերատորը շատ զարմացավ, շնորհակալություն հայտնեց տեղեկության համար եւ խոստացավ, որ անպայման այն կստուգվի: Հայտնի է, որ Կապանից Երեւան ուղեւորվողների ճանապարհին, հատկապես Որոտանից մինչեւ Դավիթ Բեկ հատվածում այլ տհաճ անակնկալներ էլ են սպասվում: Ադրբեջանցիները, մեր մեքենաները տեսնելով, անպարկեշտ կամ սպառնացող ժեստեր են անում հենց ռուս խաղաղապահների ներկայությամբ: Օրինակ, մատը դնելով քունքին, «ատրճանակ» կոմբինացիա են ցույց տալիս՝ կրակոցի իմիտացիա ստեղծելով, կամ մատը վզի տակով են անցկացնում՝ հոգեբանական ճնշում գործադրելով: Ի պատասխան՝ հայկական կողմից «պալեց» են ստանում: 

Ճանապարհը հսկող ռուս, ադրբեջանցի եւ հայ զինվորականները կեցվածքով խիստ տարբերվում են միմյանցից: Ուղեւորներից մեկը պատմեց «Հրապարակին», որ ռուս եւ ադրբեջանցի զինվորականները ոտքից գլուխ զինված են: «Մենակ աչքերն են երեւում: Էնպես են զինված, որ տեսնողին թվում ա, թե հեսա իրան հում-հում կուտեն»,- ասաց մեր զրուցակիցը: