5 ամիս անց ազատեցին աշխատանքից

5 ամիս անց ազատեցին աշխատանքից

Այս տարվա ապրիլի 6-ին մենք գրել էինք, որ աշխատանքից ազատման դիմում է գրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի երկարամյա գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը` ԽՍՀՄ պետական ականավոր գործիչ Ալեքսան Մատվեյիչի որդին: «Նա 20 տարուց ավելի կառավարում էր սկզբում Սոցներդրումների հիմնադրամը, ապա՝ Տարածքային զարգացման։ Տարիներ շարունակ հիմնադրամը դպրոցներ, մանկապարտեզներ, ինֆրաստրուկտուրա է կառուցել Հայաստանում»։                                                                      

Նա դեռ աշնանն էր ցանկացել հեռանալ, սակայն միջազգային կառույցներից կազմված հոգաբարձուների խորհուրդը դեմ էր եղել եւ կանխել էր դա։ Սակայն նոր իշխանությունները, որ վճռականորեն տրամադրված են ազատվել բոլոր հին կադրերից եւ նոր ու անփորձ մարդկանց նշանակել, հասան այն բանին, որ հոգաբարձուները զիջեցին եւ համաձայնեցին նշանակել նոր տնօրեն՝ դիմումը գրելուց 5 ամիս անց։                                                                              

Քիչ առաջ տեղեկացանք, որ արդեն նոր տնօրեն է նշանակվել եւ շուտով կներկայացվի Հիմնադրամի աշխատակազմին։ Նա Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածների նախարարության տարածքային կառավարման վարչության պետ Արթուր Սողոմոնյանն է:

Նկատենք, որ Կիրակոսյանին հանելու հարցում ամենաշահագրգիռը Տարածքային կառավարման նախարարն էր՝ Սուրեն Պապիկյանը, ով հավանաբար, ուզում է բոլոր առանցքային պաշտոններում նշանակել յուրայիններին։ Իսկ Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենի պաշտոնը ամենագայթակղիչ պաշտոններից է համարվում՝ այս հիմնադրամը բավականին մեծ շրջանառություն ունի եւ լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ է իրականացնում Հայաստանով մեկ։