Մեր գործընկերը նույնիսկ մարտական գործողություններին չի մասնակցել․ փոխոստիկանապետը՝ «Հայաստան» դաշինքին միացած ոստիկանի մասին

Մեր գործընկերը նույնիսկ մարտական գործողություններին չի մասնակցել․ փոխոստիկանապետը՝ «Հայաստան» դաշինքին միացած ոստիկանի մասին

Ոստիկանապետի տեղակալ, գնդապետ Արա Ֆիդանյանին հարցրինք, թե նորմա՞լ է, երբ Փաշինյանին տասնյակ ոստիկանական մեքենաներ են ուղեկցում քարոզարշավի ժամանակ, արդյոք դա պետական միջոցների յուրացում և վարչական լծակի չարաշահում չէ․

«Խնդիրը կայանում է նրանում, որ ոստիկանությունը կատարում է իր աշխատանքը, և յուրաքանչյուր դեպքով նախնական գնահատում է իրականացվում հասարակական անվտանգության ապահովման հետ կապված։ Դուք նշեցիք կոնկրետ անձի հետ կապված, բայց մենք այլ ուժերից ևս ստացել ենք նման դիմումներ, և պատշաճ կերպով ևս իրականացվել է ուղեկցումը և անվտանգությունը»,- պատասխանեց Ֆիդանյանը։

Ուզում եք ասել, որ այլ քաղաքական ուժերին էլ են 10-ից ավելի մեքենաներ ուղեկցում՝ հարցրինք Ֆիդանյանին․

«Հարցը այստեղ 10-ից ավելի մեքենաները չեն, մենք իրականացնում ենք գնահատում, և եթե առկա են հստակ, որոշակի խնդիրներ կամ հասարակական անվտանգության հետ կապված հարցեր, ապա համապատասխան ուժերով իրականացվում է ծառայությունը, անվտանգության ապահովումը»:

Իսկ ի՞նչ կարող է ասել այն տեղեկությունների վերաբերյալ, որ ոստիկանները քաղաքացիական հագուստով որպես ցուցարար են մասնակցում Փաշինյանի հանարահավաքներին։ Այս հարցին Ֆիդանյանը պատասխանեց․

«Արձագանքելու որևէ բան չունենք, որովհետև դա չի համապատասխանում իրականությանը»։ Ֆիդանյանին հիշեցրինք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավի ժամանակ ոստիկանության զորքերի ծառայող էր այդ մասին խոսում, Ֆիդանյանը պատասխանեց․

«Մեր ուժերը առանց այն էլ բավարարում են, որ կարողանանք ապահովել մեր բուն ֆունկցիոնալ գործառույթները, և որևէ նման դեպք, ես ձեզ վստահեցնում եմ, տեղի չի ունեցել։ Անդրադառնամ մեր ծառայողին․ նախ կարծում եմ, որ նման գնահատական կարող է տալ մի անձնավորություն․․․ առհասարակ իր ելույթի և վերաբերմունքի հետ կապված, նախ նշեմ, որ մենք ունենք ոստիկանությունում ծառայության մասին օրենք, որի հոդված 39-ով հստակ սահմանված է, որ ոստիկանության աշխատակիցները չեն կարող ներգրավվել քաղաքական գործընթացների մեջ։ Երկրորդը՝ մենք հարգում ենք մեր բոլոր ծառայակից գործընկերներին, սակայն այն անձը, որը իրեն թույլ է տալիս տևական ժամանակ ոստիկանությունում  ծառայություն իրականացնող անձանց խորհուրդներ տալ, ապա այդ անձը պետք է որոշակի ավանդ ունենա ոստիկանությունում։ Մեր ծառայակից գործընկերը ոստիկանության համակարգ ընդունվել է 2020 թվականի սեպտեմբերին ներքին զորքերում, չի մասնակցել նույնիսկ պատերազմական գործողություններին, այն դեպքում, երբ ներքին զորքերի գրեթե ողջ անձնակազմը մասնակից է եղել, և առնվազն մեկ տարվա ավանդ պետք է ունենար, որպեսզի մնացյալին խորհուրդներ կամ ուղղություններ տար»,- ասաց Ֆիդանյանը։

Բայց այդ ծառայողը խոսում էր այն մասին, որ իրենց ստիպելով տանում են Փաշինյանի քարոզարշավին, դա ի՞նչ կապ ունի ավանդի հետ՝ հարցրինք Ֆիդանյանին․

«Ես ավանդի վերաբերյալ շեշտեցի այն բանի համար, որ կարող էր նման կերպ արտահայտվել այն անձը, որը տեղյակ էր․․․, գիտեք՝ պետք է ոստիկանությունում յուրաքանչյուր ծառայող անցնի որոշակի ժամանակահատված, նա պետք է հաստատվի, որպեսզի հասկանա, թե հրամանն տալն ու հրաման կատարելը ինչ են իրենցից ներկայացնում։ Հրաման տալը նշանակում է, որ կա այդտեղ անհրաժեշտություն և պետք է դրված համապատասխան և օրենքով սահմանված գործառութային պարտականություններն իրականացնել։ Եթե այդ անձը գտնում է, որ կա իրեն օրենքից դուրս տրված հրաման, ես Ձեզ վստահեցնում եմ, որ առաջին քայլը ուսադիրները հանելուց հետո նա կգնար դատարան, որպեսզի վիճարկեր իր այդ թեզը»,- ասաց Ֆիդանյանը։