Արցախից Հայաստան բեռնափոխադրումները նվազե՞լ են, թե՞ ոչ

Արցախից Հայաստան բեռնափոխադրումները նվազե՞լ են, թե՞ ոչ

«Հրապարակի» հարցերին պատասխանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը:

- Պարոն Գրձելյան, մենք տեղեկացանք, որ Արցախից Հայաստան եկող բեռնափոխադրումների թիվը կտրուկ նվազել է: Ինչո՞վ է այն պայմանավորված:

- Ես նման տեղեկություն չունեմ, ճիշտն ասած հաջորդ տարվա պլանների վերաբերյալ հարցեր պարբերաբար ուղղում են մեզ, սակայն եկող տարվա համար նախատեսված պլանները դեռևս չենք ստորագրել փոխադրողների հետ, տարեսկզբին ենք սովորաբար դրանք ստորագրում, որպեսզի հասկանանք ինչ ծավալի աշխատանքներ պետք է տարվեն:

- Արցախում բավականին ծանր իրավիճակ է այսօր: Տեղյակ չե՞ք, թե Արցախից Հայաստան եկող բեռնափոխադրումներն ինչ վիճակում է:

- Ընթացիկ ամսվանը չեմ կարող ասել, սակայն նախորդ 11 ամսվա մեջ Արցախից մոտավորապես 10 տոկոս աճ ենք գրանցել:

- Իսկ այս ամսվա պատկերն ինչպիսի՞ն է, ինչո՞ւ չեք կարող այդ մասին խոսել:

- Պետք է ընհանրացման աշխատանքներ տարվեն, որից հետո միայն պատկերը պարզ կլինի, առայժմ ընդհանրացված տվյալներ չկան, հավանաբար ամսվա վերջ նոր պարզ կլինի:

- Արցախից բեռանփոխադրումներն ինչպե՞ս են իրականացվում առհասարակ:

- Մեքենաներով տեղափոխում են Հայաստան, հասնում է մեզ:

- Մեքենաներով որտե՞ղ են տեղափոխում մինչև ձեզ հասնելը:

- Տեղափոխում են Երևան: Եթե մեր միջոցով է արվում փոխադրումն, ապա գնացքով Երևանից ապրանքը տեղափոխվում է իքս ուղղությամբ, եթե մեզ հետ կապ չունեն, արդեն չգիտեմ, թե բեռն ուր է գնում: Փոխադրումներն իրականացնում են տարբեր ճանապարհներով, այդ հարցին ավելի հստակ Արցախից կարող են պատասխանել:

- Իսկ տեղեկություն ունե՞ք, թե Սոթքի հանքից որքան հանքանյութ է ձեր միջոցով Հայաստան տեղափոխվում:

- Մեր միջոցով հանքանյութ տեղափոխվում է: Սովորական ծավալով տեղափոխվում է մշտապես:

- Ինչ ասել է սովորական ծավալ:

- Տարեկան կտրվածքով մոտ մեկ ու կես միլիոն տոննա, գուցե մի քիչ ավելի: