«Հրապարակ»․ Սահմանազատման գործընթացի մեկնարկից հետո Ոսկեպարից 5 ընտանիք է հեռացել
«Հրապարակը» զրուցել է պահեստազորի գնդապետ, Ոսկեպարի բնակիչ Միհրան Մախսուդյանի հետ։
- Սահմանազատումը Կիրանցում հայտարարեցին ավարտված, ինչպե՞ս եք գնահատում կատարվածը, սահմանների գծերը, սահմանապահների տեղակայումը․ ադրբեջանցիները մեր նկատմամբ առավելություն ունե՞ն։
- Բնականաբար, առավելություն ունեն, բա առանց առավելությա՞ն։
- Ռազմավարական տեսանկյունից մենք ավելի՞ խոցելի դիրքում ենք հայտնվել։
- Իհարկե, այդպես է, այն ժամանակ էլ էինք ասում, որ այդպես է լինելու։
- Փաշինյանը վերջին անգամ Կիրանց այցելության ժամանակ հայտարարեց, որ Կիրանցը երբեք այդքան պաշտպանված չի եղել, ինչքան հիմա, եւ Սյունիքում, օրինակ, իրեն խնդրում էին, որ սահմանազատումն իրենց մոտ էլ իրականացվի։
- Եթե պատերազմ սկսվի, այնտեղ պաշտպանման խնդիր չկա։ Բայց այս պահի դրությամբ էլ թուրքը եթե ուզենա վատություն անել, կարող է անել։ Եթե խաղաղություն լինի, կարելի է ասել՝ սահմանը կա, բայց այդ սահմանը գիտենք, որ ժամանակավոր բան է, թուրքը հենց այնպես չի հանգստանալու, ինչքան տվեցին, այնքան ուզելու է։
- Իսկ անվտանգության տեսանկյունի՞ց, երբ ասում են, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոցի մոտակայքում է կանգնած, տներից 100-150, դպրոցից` 50 մետր հեռավորության վրա։
- Մինչեւ որ չկրակի, չվնասի, դա անվտանգ է, բայց եթե կրակեց, անվնաս չի։
- Մարդիկ ինչպե՞ս են իրենց զգում, անվտա՞նգ են զգում այս պահին։
- Մի 3-4 հոգու համար երեւի անվտանգ է, մնացածը հասկանում են՝ անվտանգության խնդիրներն ինչումն են։ Բայց նույնիսկ այդ 3-4 հոգին էլ է գիտակցում, որ վաղը չէ, մյուս օրը հակառակորդը հանգիստ չի նստելու։
- Մարդիկ իրենց նշանառության տա՞կ են զգում։
- Կարելի է նաեւ այդպես ասել, հակառակորդը քո կողքին նստած է, բնականաբար, այդպես են զգում։
- Սահմանազատումից հետո մարդկանց տրամադրվածությունը` սահմանամերձ գյուղում ապրելու, նո՞ւյնն է։ Հեռանալու պատրաստվող կամ նման միտք ունեցողներ կա՞ն։
- Կան, օրինակ, Ոսկեպարից 5 ընտանիք այդ գործընթացը սկսելուց հետո հեռացել է, բայց Կիրանցի մասով չգիտեմ։
- Ծանոթացե՞լ եք Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին։
- Չեմ կարդացել, տեղյակ չեմ։ Ես չգիտեմ՝ ինչ կանոնակարգ է գրված, դա մերո՞նք են գրել, թե՞ ադրբեջանցիները, այստեղ չեմ եղել՝ տեղյակ չեմ։
- Տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ՀՀ իշխանությունները քննարկում են նաեւ, այսպես կոչված, Սյունիքի միջանցքն ինչ-որ միջազգային պահնորդական կազմակերպության հանձնելու հարցը։ Ի՞նչ է նշանակում սա։
- Դա ծիծաղելի է, դա բանկ չի, որ պահնորդական ծառայությունը վերահսկի, ոչ էլ խանութ է։ Դա սահմանապահ զորքերի խնդիրն է։
- Այդ դեպքում ինչո՞ւ են վստահում դրսի կազմակերպությանը, ոչ թե ՀՀ ԱԱԾ զորքերին, ՀՀ պաշտպանության բանակին ու ոչ էլ անգամ ՀՀ ոստիկանությանը։
- Չեմ կարող ասել, այդ հարցին դժվարանում եմ պատասխանել, բայց դա աբսուրդ է։
- Ի՞նչ վտանգներ եք այդտեղ տեսնում։
- Ժողովրդական ասացվածք կա, ասում է՝ ուրիշի մեռելին թաղելը հեշտ է լինում, հիմա մեզ համար` ի՞նչ պահնորդական ծառայություն։
- Նկատի ունեք, որ ռազմական գործողությունների պարագայում այդ պահնորդական ծառայությունը չի՞ պաշտպանելու մեր տարածքը։
- Բնականաբար, եթե մենք մեր զինված ուժերը չունենանք, մեր սահմանապահ զորքերը չունենանք։ Փառք Աստծո, սահմանապահ զորքերն էլ նորմալ ունենք` կան, ինչո՞ւ չեն դիտարկում սահմանապահ զորքերին, չեմ հասկանում։ Նման կարեւորագույն կառույցները հսկում են կա՛մ զինված ուժերը, կա՛մ Ազգային անվտանգության ծառայության ուժերը։
- Որովհետեւ Ադրբեջանն է այդպես պահանջում: Եթե նման որոշում կայացվի, ի՞նչ խնդիրներ կառաջանան մեզ մոտ, ըստ Ձեզ։
- Անվտանգային հարցերի կարգավորման հարցեր են առաջանում, սեփական զորքերը պիտի լինեն, որ անվտանգությունն ապահովենք։ Դրսից եկած պահնորդական ծառայությունն ի՞նչ պիտի մեզ անի՝ ոչ մի բան։ Կամ՝ եթե ներքին պահնորդական ծառայությունն է, որ իրենց բարեկամներից որեւէ մեկը կա, ու իրեն են տալիս այդ պահնորդական ծառայությունը, որ ինքն իրականացնի, այդտեղից գումար աշխատի՝ դա եմ մտածում, չգիտեմ։ Կամ էլ իրենք համոզված են, որ հակառակորդը չի հարձակվի։
- Իսկ սահմանազատումը, ըստ Ձեզ, դրանով կանգ առա՞վ, թե՞ շարունակվելու է։
- Կարծում եմ, որ չի ավարտվել՝ չի կարող ավարտվել։ Ադրբեջանը հրապարակել է քարտեզը, թե ինչ նորություններ են սպասվելու։ Ադրբեջանից ավելի շուտ կիմանանք եղածը, քան թե այստեղից։ Իրենք ինչ հրապարակում են, ճիշտ է, մենք դրսից՝ իրենցից ենք իմանում։
Կարծիքներ