Լարիսա Մինասյանը գնա՞ց, թե՞ փախավ Հայաստանից

Լարիսա Մինասյանը գնա՞ց, թե՞ փախավ Հայաստանից

Նախորդ տարվա դեկտեմբերին տելեգրամյան ալիքները հայտնեցին, որ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին կանչել են Մոսկվա: ԱԱԾ-ն հաստատել էր այդ տեղեկությունը՝ մանրամասներ չհայտնելով այցի օրակարգի մասին։ Իսկ համացանցում գրում էին, որ ԱԱԾ տնօրենը ՌԴ-ում ծանր հանդիպում է ունեցել Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) ղեկավարի հետ։ Աբազյանին է փոխանցվել Հայաստանի սորոսական գործակալական ողջ ցանցի քարտեզը՝ անուն առ անուն, եւ պահանջ է ներկայացվել հեռացնել նրանց պետական պաշտոններից՝ նախանշված սեղմ ժամկետում։

Ապրիլի 23-ին Հայաստանից ԱՄՆ մեկնեց «Բաց հասարակության հիմնադրամների» Հայաստանի մասնաճյուղի երկարամյա ղեկավար Լարիսա Մինասյանը։ Նա 21 տարի ղեկավարել է, այսպես ասած՝ Սորոսի հիմնադրամը եւ մեկնելուց առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Տեսակետ կա, որ հիմնադրամը որոշել է փոխել տնօրենին, որպեսզի իր դեմ ուղղված բացասական վերաբերմունքը որոշակիորեն պարպվի։ Հիշենք, որ այս կառույցի դեմ վերջին շրջանում մեծացել է հասարակության ժխտողական վերաբերմունքը: 44-օրյա պատերազմից հետո ավելի է ուժեղացել բացասական վերաբերմունքը սույն կառույցի հանդեպ, շատերը համոզված են, որ Հայաստանում ազգային արժեքները ոչնչացնելու, երկիրը կազմաքանդելու եւ պարտության մեջ մեծ դեր են ունեցել հենց սորոսականները, որոնք փաշինյանական իշխանության օրոք սկսեցին գրավել բարձր պաշտոններ, նրանց խոսքն ու կարծիքը դարձան «օրենք»:

Մինչ պատերազմն էլ գրասենյակի առջեւ հաճախ էին կազմակերպվում ակցիաներ ՎԵՏՕ շարժման կողմից: Բայց Լարիսա Մինասյանն անդրդվելիորեն շարունակում էր աշխատանքը: Նա պաշտոնից եւ Հայաստանից հեռացավ միայն այն ժամանակ, երբ ԱԱԾ տնօրենի առաջ պահանջ դրեց ՌԴ անվտանգությունը: Կարելի է ասել, որ ՌԴ անվտանգության ծառայությունն ուղղում է ՀՀ նախորդ իշխանությունների բացթողումը, որ թույլ էին տվել այս օտարերկրյա կառույցին այսքան խոր արմատներ գցել Հայաստանում: Լարիսա Մինասյանը, բնականաբար, շատ գաղտնիքների է տիրապետում, որոնք վերաբերում են հենց Փաշինյանին եւ իշխանության սորոսական պաշտոնյաներին, նրանց գործունեությանն ու այդ գործունեության արդյունքներին:

Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, շատ սորոսականներ պատերազմի օրերին ակտիվորեն եւ անարգել շրջում էին Արցախում եւ ինչ-որ անհասկանալի գործունեություն ծավալում: Այս ամենն ի վերջո բացահայտվելու է, ու Լարիսա Մինասյանը պետք է շատ հարցերի պատասխանի: Հաջորդ իշխանության ժամանակ, բնականաբար, կքննվեն բոլոր գործակալական ցանցերի ու դրանց ներկայացուցիչների գործերը: Ուստի Մինասյանի՝ Հայաստանում մնալը խիստ վտանգավոր էր ոչ միայն իր, այլեւ այս իշխանության որոշ շրջանակների համար, հատկապես, երբ արդեն  իշխանության նավը երերում է, եւ իշխանությունից հեռացվելու վտանգը կախված է նրանց գլխին: Ուստի մտածել, թե Մինասյանը պարզապես հեռացավ, միամտություն կլինի. նա փախավ Հայաստանից՝ իր հետ տանելով շատ ու շատ գաղտնիքներ…