Մարդկանց ընդվզումն իր արդյունքը տվեց՝ ադրբեջանցիները հետ են վերադարձել. Մետաքսե Հակոբյան

Մարդկանց ընդվզումն իր արդյունքը տվեց՝ ադրբեջանցիները հետ են վերադարձել. Մետաքսե Հակոբյան

 

Արցախում ադրբեջանցիները հերթական սադրանքին են դիմել այսօր՝ դեկտեմբերի 10-ին, նրանք ռուս խաղաղապահներից պահանջել են իրենց ուղեկցել Կաշենի հանքավայր: Տեղեկություններ էին պտտվում, որ ադրբեջանցիների ճանապարհը փակել են մի խումբ արցախցիներ ու արգելել մտնել հանք: «Հրապարակի» հետ զրույցում Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ կարևորն այն է, որ ադրբեջանցիները հանքին չեն հասել, չեն հասել իրենց առաջ դրված նպատակին: 

«Մարդկանց ընդվզումը ամեն դեպքում իր արդյունքը տվել է, ամեն բան ընթացքի մեջ է, ինչ հնարավոր է մեզանից՝ անում ենք: Այն, ինչ պատրաստվում էր անել Ստեփանակերտը, Ադրբեջանը դրանից մի քայլ առաջ հանկարծակի արեց և մենք ոնց որ անտեղյակ այդ ամեն ինչից, այդ պրոցեսը տեղի էր ունեցել։ Ամեն դեպքում բնակչությունը դրա դեմն առել էր՝ դա շատ կարևոր գործոն էր»,-ասաց Մետաքսե Հակոբյանը: 

Արցախի պատգամավորը պատասխանելով մեր հարցին ասաց, որ ադրբեջանցիներին լավ են ճանաչում, եթե մի նպատակ դնում են իրենց առաջ, ապա փորձում եմ ամեն կերպ հասնել մինչև վերջ, որովհետև այդ չորս տարվա մեջ տեսնում են, որ հային այնպիսի վիճակի մեջ են դրել, որ ինքապաշտպանական շատ հատկություններից հետ ենք կանգնել կամ կորցրել ենք: 

«Բայց հիմա Արցախում այն իրավիճակում ենք, որ հասկանում ենք՝ ի դեմս Հայաստանի իշխանությունների, մենք չունենք երաշխավորներ, ռուս խաղաղապահներն են, որոնք չեն կարող իրականացնել քաղաքական որևէ գործառույթ: Խաղաղ ճանապարհով որքան որ կարողանում են՝ միանում են կամ ինչքան հնարավոր է՝ անում են, մնում է՝ մենք էլ ինքնակազմակերպվենք, ոչ թե նստենք ու ռուս խաղաղապահին մեղադրանք կամ մյուսին: Այդպես չի ստացվի, մենք ինքներս պիտի ռուս խաղաղապահին օգնենք, որպեսզի իրենք էլ կարողանան իրենց գործառույթներն իրականացնել, ոչ թե մեղադրենք»,- նկատեց Հակոբյանը: Նա հավելեց, որ այսօրվա դեպքը հենց դրա վառ ապացույցն էր, սակայն չի կարելի թողնել, որ դա ժողովրդի ուսերին մնա: Հակոբյանը նկատեց, որ այս անգամ էլ իշխանությունները ուշացրին անել այն, ինչ պարտավոր էին անել, գործուն քայլերի դիմել: 

«Պետք է լինի ռուսների միջոցով միջնորդավորված երկխոսություն կամ գրավոր պահանջների ներկայացում՝ միանշանակ դա պիտի լինի՝ անկախ նրանից, թե ինչ-որ թափթփուկներ այդ ուղղությամբ ինչ են ասում կամ ինչ կարծիք ունեն: Բայց միանշանակ անվտանգային հարցերում չի կարող այնպես լինել, որ Ադրբեջանը ներկայացնող ունենա, տեսեք, ներկայացնող ունենալու արդյունքը սա էր՝ նրանք կարողացան հասնել նրան, ինչին որ ուզում էին: Հետևաբար հայկական կողմը ևս՝ այս պահին նկատի ունեմ Արցախը, ներկայացուցիչ պիտի ունենա, պիտի կարողանա ընդդիմանալ և դա չպետք է լինի, իհարկե, իմ կարծիքը՝ դա պիտի լինի հավաքական կարծիք, որը պիտի ներկայացվի: Արցախի իշխանությունների դանդաղկոտությունը, այս գործընթացներին հակազդելու լծակներ չօգտագործելը հանգեցրեց այս վիճակին: Հային բնորոշ դանդաղկոտությունը, որ նստեն, մտածեն, տեսնեն՝ ինչ անեն, մինչև որոշեն՝ ադրբեջանցին արդեն իր քայլն անում է իր գործողություններով»,-շեշտեց Մետաքսե Հակոբյանը: Նա նաեւ նշեց, որ դիմադրության հանդիպած ադրբեջանցիներն ամենայն հավանականությամբ վերադարձել են Շուշի: