Տասը հոգով ձեռքերը ոլորեցին, ձեռնաշղթան հագցրին ու տարան անհայտ ուղղությամբ

Դուրս էինք եկել զբոսնելու, «Ռիո Մոլից» բան ունեի գնելու՝ էլեկտրոնիկայի խանութից․ նոր էինք մտել մոլ, տասը կամ հինգ րոպե, հենց խանութից դուրս եկանք, Արթուրին շրջապատեցին, «Հրապարակի» հետ զրույցում պատմեց «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ, պատերազմի մասնակից Արթուր Վարդանյանի կինը՝ Աշխեն Սումբուլյանը:
Ամեն ինչ այնքան արագ է տեղի ունեցել, որ կինը չի էլ հասկացել, թե ինչ է կատարվում:
«Սկզբում մեկ-երկուսը, հետո տասը հոգով շրջապատեցին, ձեռքերը ոլորեցին, ձեռնաշղթան գցեցին, բոլորը քաղաքացիական հագուստով էին ու տարան։ Ում հարցնում էի՝ ամեն մեկը մի բան էր ասում: Մեկն ասաց Մաշտոցի բաժին ենք տանում, մյուսն ասաց Էրեբունի»,-նշեց Վարդանյանի կինը։
Վերջինս նկատեց, որ ամենայն հավանականությամբ իրենց տնից են հետևել ու մոլում որոշել այդ ձևով իր ամուսնուն տանել բաժին: Միայն վերջում ժամանած պարեկն է ասել, որ Արթուր Վարդանյանին տանում են Էրեբունու բաժին, կինը զանգել է փաստաբանին ու նոր իմացել են, որ իսկապես Արթուր Վարդանյանը ոստիկանության Էրեբունու բաժնում է: Միայն այնտեղ են տեղեկացել, որ բերման ենթարկելու պատճառը Վճռաբեկ դատարանի որոշումն էր, որը կայացվել է երեկ՝ հունիսի տասնութին: Սակայն, ծանուցում ո՛չ Վարդանյանը, ո՛չ նրա փաստաբանը չեն ստացել:
«Կարող էին ուղղակի գալ տուն կամ նամակ ուղարկել, որ ինքը ներկայանար; Կարծում եմ այստեղ խնդիրը հիմնականում կապված էր վերջին դեպքերի հետ, որ շարժմանը աջակցում էր, այնտեղ ենք եղել ընտանիքով, մասնակցել ենք հավաքների, սակայն վերջին օրերին տանն ենք եղել»,-ասում է Սումբուլյանը:
Նա հավելում է, որ իր ամուսինը ոչ թե Բագրատ սրբազանին էր աջակցում, այլ ժողովրդի արդար պահանջներին և որտեղ եղել է ժողովրդի արդար պահանջը, այնտեղ էլ եղել է Վարդանյանը:
Վարդանյանի կինն ասաց, որ ամենայն հավանականությամբ հենց շարժման մասնակցության համար այսպիսի բերման մեթոդ են կիրառել՝ որպես պատիժ. այս պարագայում ուժայինները խնդիր չունեին՝ Վարդանյանի դեմ կա հարուցված գործ:
«Մեր փաստաբանը պարզապես ապշած էր, չէր հասկանում, թե ինչպես կարող են մարդուն այդպես բերման ենթարկել՝ առանց ծանուցման՝ որոշում կայացնելու հաջորդ օրը: Նման ձևով ամուսնուս բերման ենթարկելը կապում են քաղաքական հաշվեհարդարի հետ»,- եզրափակեց Սումբուլյանը և հավելեց, որ ամուսինն ունի նաև առողջական խնդիրներ ու ազատազրկման վայրում գտնվելը կարող է միայն բացասաբար ազդել վերջինիս առողջական վիճակի վրա:
Ոստիկանության Էրեբունի բաժնում Վարդանյանի տիկնոջը տեղյակ են պահել, որ Արթուր Վարդանյանը գտնվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:
Հիշեցնենք, որ Վարդանյանը մեղադրվում էր 2015 թվականին Նորք Մարաշում հայտնաբերված զենքի գործով, նրան և խմբի անդամներին մեղադրում էին իշխանությունների դեմ ահաբեկչություն կազմակերպելու փորձի մեջ: Դատաքննությունն ընթանում էր նրա ազատության պայմաններում, այժմ, ըստ ամենայնի, դատավճիռը մտել է ուժի մեջ: Նրան դատապարտել են 13 տարվա ազատազրկման:
Կարծիքներ