«Հրապարակ». Կյանքիս ամենադաժան օրերն եմ անցկացրել Բաքվի բանտում

«Հրապարակ». Կյանքիս ամենադաժան օրերն եմ անցկացրել Բաքվի բանտում

«Գերությունից վերադարձածները մեր երկրում տեղ չունեն. եթե ուզում են գոյություն քարշ տալ, պիտի ապրեն պետության վրա հույս չդնելով: Կամ՝ լինեն այնքան աննկատ, որ իրենց լինել-չլինելը միայն ընտանիքը նկատի»,- մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց 44-օրյա պատերազմում գերեվարված, ապա վերադարձված Արթուր Ստեփանյանը:

Արթուրը Մեծամոր քաղաքից է: Պայմանագրային զինծառայող է եղել: Պատերազմ է մեկնել Էջմիածնի «քիմիկների զորամասից»: Կովսականում (Զանգելան) ավտոբուսներից իջնելուն պես թշնամու կողմից հարձակման են ենթարկվել: «Մենք 62 հոգի էինք, իրենք մի 600 կլինեին: Իջանք, թե չէ՝ կրակի մեջ առան: Մեզ դիտավորյալ, թե չիմանալով էին տարել թշնամու բերան՝ չեմ կարող ասել: Միայն գիտեմ, որ մեզնից 30-35 հոգի մինչեւ այսօր չկան»:

Հասկանալով, որ հայտնվել են շրջապատման մեջ, ով որ կողմ կարողացել՝ փախել է: Իրեն ու զինակից երեք ընկերներին արբեջանցիները հետապնդել եւ վերցրել են շուջկալի մեջ: «Մեզ գերի վերցրին: Տեղից տեղ տեղափոխելուց հետո տարան Բաքու: Կյանքիս ամենադաժան օրերն եմ անցկացրել Բաքվի բանտում»:

Ընտանիքն Արթուրի գոյության եւ կարգավիճակի մասին իմացել է գերեվարությունից չորս ամիս հետո՝ Կարմիր խաչի միջոցով: ԿԽՄԿ-ի ջանքերով էլ տղան տուն է վերադարձել՝ ադրբեջանական բանտում 8 ծանր ամիսներ անցկացնելուց հետո:

«Վերադառնալու առաջին երեք օրը տարան բուժումների: Մեկ ամիս էլ «Զինվորի տանն» եմ վերականգնողական կուրսեր անցել: Հոգեբանական լուրջ խնդիրներ էին առաջացել: Ճիշտ է՝ հիմա փոփոխություն կա, բայց վախը, թուլությունն ու անքնությունը չեն անցել: Գիշերները չեմ քնում, ցերեկներն անընդհատ լարված եմ, ձայներից վեր եմ թռչում: Գլուխս ու ոտքերս միշտ ցավում են…»:
Արթուրի ընտանիքը հույսով է, որ տղայի ֆիզիկական ցավերն ու հոգեբանական ճգնաժամը կանցնեն, ժամանակ է պետք: Դժվար է պետության վերաբերմունքին, ավելի ճիշտ՝ վերաբերմունքի բացակայությանը դիմանալը: Գերությունից վերադառնալուց հետո պետական որեւէ կառույցից նրան չեն հիշել, չեն այցելել, որպիսությամբ չեն հետաքրքրվել:

«Մի անգամ Սեյրան Օհանյանը եկել էր Արմավիր, ինձ էլ կանչեցին: Հարցեր տվեցին՝ խոսեցի, նկարեցին, ասաց՝ կզբաղվենք քո հարցով: Մինչեւ հիմա սպասում եմ: Մի անգամ էլ Վանեցյանի մարդկանցից եկան, նորից կանչեցին, նորից խոսեցրին ու նկարեցին, բայց իրենք էլ գնացին, ոչինչ չարեցին»:

Գիտակցելով, որ որեւէ մեկի հետ հույս կապել չի կարող, ինքն անձամբ է դռներ թակել՝ աշխատանք գտնելու հույսով: Չեն ընդունել, նույնիսկ լսել չեն ցանկացել: «Տարբեր զորամասեր եմ դիմել, այդ թվում՝ իմ նախկին՝ «քիմիկների զորամաս»: Շատ կոնկրետ մերժեցին: Դե, հասկանում եմ՝ նախկին գերի եմ…, բայց քաղաքացիական ծառայությունները նույնպես չեն ընդունում: Որտեղ դիմում եմ գրել, պատասխանել են՝ հանգամանքներից ելնելով, ընդառաջել չենք կարող: Բա հիմա ես ի՞նչ անեմ, չորս երեխաներիս ո՞նց պահեմ: Յոթ տարի տնից, ընտանիքից կտրված՝ ծառայել եմ երկրին, գնացել եմ պատերազմ, ինձ անհայտ պատճառով շրջափակման մեջ ենք հայտնվել, գերի ընկել: Հիմա ո՞րն է իմ մեղքը, որ հայտնվել եմ լուսանցքում..․»։

Հասկանալով, որ աշխատանք գտնելու հույսն օրեցօր մարում է, Արթուրը դիմել է Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթեւոսյանին: «Խնդրեցի, որ Մեծամորի 300 հա պահուստային հողերից մի կտոր տրամադրի, որ մշակեմ, ընտանիքս պահեմ: Համ էլ կզբաղվեմ, դեպրեսիայից դուրս կգամ: Մարզպետը խոստացավ մի բան անել, բայց չհասցրեց. տարան փոխվարչապետ»,- պատմում է Արթուրը: 

Երբ կողմնորոշվել է, որ կարելի է ստացած խոստման ու իր խնդրանքի մասին հիշեցնել փոխվարչապետին, ուշացել է՝ Մաթեւոսյանին գործից հանել են: