Ո՞վ է Ռուբեն Վարդանյանը

Ո՞վ է Ռուբեն Վարդանյանը

Ենթադրում էի, թե Արցախի պետնախարար, նախկին ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականի հարցի փակումով փակվել է նաև ընդհանրապես նրա անձի քննարկումը հայաստանյան մեդիահարթակում: Ենթադրում էի նաև, որ Հայաստանում բազմամիլիոն դոլարների ներդրումներ կատարած («Տաթևեր»-ն ու Դիլիջանի դպրոցը և այլն) և համաշխարհային մակարդակով իրավապաշտպան գործունեություն («Ավրորա» նախաձեռնությունը) իրականացնող այդ անձը պետք է հատկապես այս օրերում գտնված համարվեր արցախցիների համար: Գտնված համարվեր ասելով նկատի ունեմ նրա միջազգային լայն կապերն ու հեղինակությունը գործարար, կրթական և իրավապաշտպան ոլորտներում: Վերջինիս առումով էլ նկատի ունեմ այդ ոլորտի դերակատարների ամենամյա գնահատումը (կարծեմ մինչև 2023 թվականը ներառյալ): Ինչպես նաև նրանց 1 միլիոն դոլարի գումարի տրամադրումը՝ այդ ոլորտի այլ անձանց և կազմակերպություններին ֆինանսավորելու նպատակով: Ընդ որում, ընդունենք թե ոչ, այդ ոլորտում ևս առանց ֆինանսավորման շարունակական աշխատանք ապահովելն անհնար է: Դա որպես նախկինում հասարակական կազմակերպության անդամ և աշխատակից եմ ասում:

Բայց պարզվում է, որ ես չարաչար սխալվել էի: Եվ զարմանալիորեն հասարակության հենց ընդդիմադիր մի հատվածի կողմից է սկսվել ու շարունակվում Ռուբեն Վարդանյանին «սևացնելու» (մեղմ ասած) գործընթացը: Ի դեպ, հենց այդ պատճառով եմ այս պարբերության առաջին նախադասությունում օգտագործել «չարաչար» մակբայը: Որովհետև եթե այդ գործընթացն իրականացվեր գործող իշխանության կողմից, ապա ամեն ինչ հասկանալի կլիներ: Ու ինձ կմնար նրանց ուղղակի արհամարհելը: Սակայն, դժբախտաբար, դա այդպես չէ: Ես հասկանում եմ նաև, թե ինչու է այդպես արվում, բայց չեմ հասկանում այն հանգամանքը, թե ինչպես կարող է դա արվել հենց հիմա: Արվել այն շրջանակի կողմից, որը տեսականորեն անգամ չի կարող անտարբեր լինել Արցախում տիրող իրավիճակի առումով: Եվ չի կարող չհասկանալ, որ Ռուբեն Վարդանյանի դեմ քարոզարշավը հարված է հենց արցախահայության շահերին: Ինչը նույնն է, թե ջուր լցվի թշնամի երկրի ղեկավարի ջրաղացին:

Օգտագործելով այդ շրջանակի բառապաշարը՝ ասեմ, որ այո, անցյալ տարվա վերջում Արցախի պետնախարար նշանակվելը հերոսական-հայրենասիրական քայլ է Ռուբեն Վարդանյանի կողմից: Որ, այո, նա թողել է իր՝ ոչ թե «փափուկ պալատական», ինչպես ասվում է, կյանքը, այլ գործարար ոլորտը: Որ նա ոչ թե անգլիական լրտես է, ինչպես ֆեյսբուքյան ակտիվիստ հայոց փափկասուն տիկնայք են ենթադրում, այլ մարդ, որ եկել է Արցախի հայապահպանման նպատակով: Հա, ի դեպ, ինքը ոչ միայն գործարար է, այլև բարեգործ:

Նրա հիմնած կամ իր մասնակցությամբ հիմնադրամների միջոցով վերականգնվել են մեր եկեղեցու ռուսաստանյան թեմի, վրացական թեմի, Արցախի թեմի մի շարք եկեղեցիներ: Կրթության ասպարեզում բարեգործական (և ոչ միայն) միջազգային կազմակերպությունների կառավարման խորհրդի անդամ է: Որպես գործարար ինքն անցում է կատարել «վենչուրային բարեգործությանը», ինչը շատ մոտ է սոցիալական ձեռնարկատիրությանը (դրանց մասին կարելի է ծանոթանալ հայկական և ռուսական վիքիպեդիաներում): Այնպես որ հենց այդ անձն, այո, կարող էր գալ Արցախ հանուն Արցախի: Եվ ոչ թե անգլիական վիրտուալ լրտեսի կարգավիճակով: Ի դեպ, Կոռուպցիայի դեմ պայքարի (Ա. Նավալնու ռուսաստանյան) հիմնադրամի մեղադրանքի առումով 2019 թ.-ի սեպտեմբերին ավստրիական դատախաղությունը հայտարարել է, որ հիմքեր չի գտել Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա դիալոգ» առևտրային կազմակերպության օֆշորային ցանցի գործունեության պաշտոնական հետազոտության համար: Սա էլ նրանց համար, ովքեր կփորձեն հայկական արխիվներից հանել ժամանակին իմ գործընկերից մեկի հրապարակած նյութը այդ ընկերության վերաբերյալ:  

Պարզ չէ՞, որ նման մակարդակի անձի գտնվելն Արցախում արդեն խնդիր է թշնամի երկրի ղեկավարի համար: Եվ նա պետք է ամեն ինչ անի Ռուբեն Վարդանյանին Արցախից հեռացնելու նպատակով: Եվ պարզ էր նաև, որ այդ գործընթացին արցախյան իշխանական կամակատարների միջոցով պետք է խառնվեր նաև ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձը: Պետք է խառնվեր, քանի որ չէր կարող չկատարեր մի ժամանակվա իր «կիրթ ու կառուցողական գործընկերոջ» ուղղակի հրահանգը: Ինչ մնում է այն հարցերին, թե ով է բերել նրան Արցախ և ինչ գործնական բան է անում այսօր ինքն այնտեղ, ապա, նախ, ինքը փորձում է կարգավորել կյանքը պաշարված տարածքում: Եվ դա անում է հնարավորինս արդյունավետ և ավելին դժվար թե կարողանար անել մեկ ուրիշը: Եվ երկրորդ, եթե Նիկոլն է նրան Արցախ ուղարկողը, որպեսզի Արցախը հանձնի Ադրբեջանին կամ նույնիսկ Անգլիային, ապա որքանո՞վ է այդ քայլը տրամաբանական, եթե այնտեղ արդեն առկա է ԱՀ նախագահ կոչված անձնավորությունը, որը միշտ կատարել է Նիկոլի պատվերները: Իսկ Ռուբեն Վարդանյանը, ինչպես տեսանք, դեմ է գնում թե՛ պաշտոնական Բաքվի և թե՛ պաշտոնական Երևանի ցանկություններինին, և Արցախի նախագահին էլ ստիպում է իր հետ լինել համաքայլ:

Ասեմ, որ բազմաթիվ այլ ֆանտաստիկ հիմնավորումներ են շրջանառվում ֆեյսբուքում ընդդեմ Վարդանյանի, բայց բացարձակ անիմաստ է դրանց անդրադառնալը: Ընդամենն ասեմ, որ ուրիշները զոռով Ռուբենի նման անձին կբերեին Արցախ, իսկ մենք անուններ ենք դնում նրա կամավոր գնալուն: Հա, առկա էր նաև մեկը, որ չեմ կարող չնշել. փաստորեն, տիկնանցից մեկի ասելով, ես ճիշտ այնպիսի նիկոլական եմ, ինչպիսին 3 միլիոն վարչապետներից (Նիկոլի ասած) յուրաքանչյուրը: