2 տարբեր մարդ
Երեկ, դատախազության տոնի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարեւոր պնդումներ է արել՝ խոսելով արդարության եւ արդարադատության մասին։ Նա ասել է, որ մեր իրականության մեջ ամենատարածված ասույթներից մեկը «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» արտահայտությունն է, որը նաեւ դատախազության ու իրավապահ համակարգի գործունեության արդյունքում է արմատավորվել, մինչդեռ այդ արտահայտությունը «պետք է դառնա որպես թանգարանային բանահյուսական պատմություն եւ որեւէ աղերս չպետք է ունենա մեր այսօրվա իրականության հետ, որովհետեւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ պետությունն ամուր կանգնած է իր թիկունքին»:
Իմաստը, եթե ավելի կարճ ներկայացնենք՝ բոլորը հավասար են օրենքի առաջ, եւ որեւէ մեկը չպետք է անպատիժ մնալու արտոնություն ունենա մեզանում։ Իմաստուն խոսքեր, որոնց առարկելն անհնարին է։ Սակայն, ցավոք, այս խոսքերն ու իրականությունը շատ տարբեր են, եւ գործնականում այդ սուրբ սկզբունքները խախտվում են համատարած եւ, որքան էլ զարմանալի է, հենց իր՝ վարչապետի կողմից։ Ինչ արդարության, անկախ դատական ու դատախազական համակարգի մասին կարող է խոսք լինել, երբ էմոցիոնալ պոռթկումի պահին նույն Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարում է․ «Էսօր Հայաստանում դատավոր կա՞, որ վարչապետի ասածը կարող ա չանի»։ Այս մի հատիկ նախադասությունը ջուրն է գցում օրենքի առաջ բոլորի հավասարության, արդարության, անգամ իր իսկ հայտարարությամբ՝ «մարիոնետային դատարան» չունենալու մասին հավաստիացումները։
Նույնիսկ ենթագիտակցական մակարդակով, անգամ որպես վրիպում, խոսքի սայթաքում՝ նման նախադասություն չպետք է հնչեր։ Այն մատնում է հեղինակի մտածողությունը եւ տեղ չի թողնում ենթադրելու, որ իշխանությունը չի միջամտում դատարանների աշխատանքին։
Կարծիքներ