Կարմիր բերետավորը մատը մտցրեց աչքս․ ինչ է պատմում տուժած ցուցարարը

Կարմիր բերետավորը մատը մտցրեց աչքս․ ինչ է պատմում տուժած ցուցարարը

Այսօր Թումանյան-Նալբանդյան խաչմերուկից ոստիկանական ուժերը քաղաքացիներին բերման ենթարկելիս վնասել են մի քաղաքացու աչքը։ Նկատելով, որ արյուն է հոսում, կանչվել է շտապօգնություն։

«Հրապարակ»-ը կապ հաստատեց տուժած քաղաքացու՝ Զոհրաբ Իգիտյանի հետ։ Վերջինս ասաց, որ հիվանդանոց գնացել է, աչքը ներսի կողմից վնասված է․ «Կան որոշակի ցավեր, բայց այն ցավը չէ, որը տեսնում եմ, թե ինչ է կատարվում ոստիկանների կողմից։ Դա ավելի ցավ է ինձ համար»։

Իգիտյանը պատմեց, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել․ «Ես կանգնած էի Թումանյան-Նալբանդյան խաչմերուկում, այդ պահին խաղաղ ակցիա էր գնում, ես նկատեցի, որ ոստիկանները հարձակվեցին ժողովրդի վրա, այդ պահին բռնի ուժով բերման էին ենթարկում Արցախի բանակի սպա, երկու անգամ վիրավորված, Մարտական խաչ կրող անձին, որին հեռակա ճանաչում եմ։ Իրեն ձեռնաշղթաներով ասֆալտին վրա պառկացրել էին, քարշ տալով տանում  էին, ես ասացի՝ ի՞նչ եք անում, գիտե՞ք այդ մարդը ով ա, այդ պահին հարձակվեցին իմ վրա, ու կարմիր բերետավորներից մեկը մատը մտցրեց աչքս։ Ասում են՝ տեսանյութը կա, բայց ես չեմ նայել»։

Քաղաքացին նշեց, որ այսօրվա իրականության մեջ չի կարող դիմել իրավապահներին՝ իր առողջությանը վնաս հասցնելու դեպքով․ «Այս կառավարության օրոք պատիժ ես չեմ սպասում, նույնիսկ եթե ես բողոքեմ էլ, կարծում եմ՝ կանցնի, կգնա։ Իմ աչքը ցավում է, ի վիճակի չեմ գնալ, բողոք ներկայացնել»։

Նա այժմ ցավեր ունի աչքի շրջանում, չի կարողանում մասնակցել ցույցերին։

Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ որեւէ քաղաքական ուժի չի ներկայացնում։