Շենգավիթի թաղապետը հավաքել է մանկապարտեզների տնօրեններին և ոստիկանների է կանչել

Շենգավիթի թաղապետը հավաքել է մանկապարտեզների տնօրեններին և ոստիկանների է կանչել

Երկու օր առաջ, երեկոյան տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել Շենգավիթի թաղապետարանում: Թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը հրավիրել է ժողովի համայնքի բոլոր մանկապարտեզների տնօրեններին, հրահանգելով, որ իրենց հետ բերեն սննդամթերքի մուտք ու ելքի մատյանները:

Այնուհետև Շենգավիթի թաղապետարան են եկել ոստիկաններ և պահանջել են, որ տնօրենները հանձնեն իրենց բոլոր գրանցամատյանները և առգրավել են դրանք:
«Թաղապետը մեզ մատյաններով կանչել էր ուրբաթ օրը, ժամը չորսին: Այդ ընթացքում նա, հավանաբար, ոստիկաններ էր հրավիրել, ու ոստիկանները չէին գալիս: Մեզ պահեցին մինչև գիշերվա տասը: 21 մանկապարտեզների տնօրեններիս», — հայտնեց մեզ տնօրեններից մեկը, խնդրելով չհրապարակել իր անունը: Նա ասաց, որ տնօրենները տագնապած են ու վիրավորված:

Forrights.am-ի հարցին, թե ինչու էր իրենց հրահանգված մատյաններով գալ ժողովի, նա պատասխանեց. «Ասել էր՝ խախտումներ եք անում, բոլորիդ մատյանները բերեք, նայեմ, հարց կա դրանց հետ կապված: Երևի, դա պետք էր, որ բոլորին մի տեղ հավաքի, ոստիկաններն էլ եկան, վերցրեցին մատյանները, արձանագրություն կազմեցին: Ասում էին՝ կասկածում ենք, որ անազնիվ բաներ եք արել»:

Տեղեկությունները ճշտելու համար, զանգահարեցինք Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանին: Նա հերքեց տեղեկությունը, թե ինքն է կանչել ոստիկաններին, սակայն չթաքցրեց, որ եղել է նման հանդիպում: Ահա, ինչպես է ներկայացնում կատարվածը Շենգավիթի թաղապետը:

«Նախ և առաջ, այդ հանդիպումը նախօրոք պլանավորված եղել է, և ուղիղ կապել նրա հետկ, որ մենք գրանցամատյաններ ենք իրենցից վերցրել, ճիշտ չի լինի: Որովհետև այդ հանդիպման ընթացքում նոր ի հայտ է եղել, որ հարկավոր է գրանցամատյանները վերցնել, և դա արել է ոստիկանությունը: այդ ամենը պարզ ասենք, տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի վարչական շենքում: Ոստիկաններն իրենք են եկել ու արձանագրություն են կազմել»: Բայց ինչու՞: Այս հարցին թաղապետը պատասխանեց. «Կասկածեր կան, որ չարաշահումներ են եղել, և ոստիկանները տարել են մատյանները ստուգումների: Ստեղ արտառոց բան չկա: Եթե պարզվի, որ ոչ մի բան չկա, մենք ուրախ կլինենք, որ երեխաները նորմալ սնունդ են կերել, և մանկապարտեզների տնօրեններն էլ ուրախ կլինեն: Ոչ մի խնդիր չկա»:

Բայց տնօրենները վախեցած էին: «Դե, կարող է և առաջին անգամն էր, որ ոստիկաններն են միջամտում: Նման բան, որքան հիշում եմ, չէր եղել, և սա կարող էր զարմանալու տեղիք տար: հանդիպումը տևել է, երևի, թե երեք ժամ, չեմ բացառում, բայ ժամը տասը միաժամանակ հերքում եմ: Այդ ժամին բացառում եմ, որ վարչաակն շենքում մարդ լիներ: Մեր աշխատողները մնացել են: Առգրավումը եղել է բոլորի ներկայությամբ: Ես ինքս շենքից դուրս եմ եղել, երբ որ եկել են ոստիկանները»,- պատմում է թաղապետը: Հետո նա, իր իսկ խոսքերով, մոտեցել է տնօրեններին, և ասել է նրանց. «Ի՞նչ խնդիր կա: Եթե խնդիր չկա, հանգիստ եղեք, իսկ եթե խնդիր ունեք, ցավում եմ ուղղակի Ձեր համար: Կարևոր է, որ երեխաները ճիշտ սնվեն: Մեզ վստահել են երեխաների օրվա մեծ մասը, և մենք պատասխանատու ենք, որ այդ երեխան ճիշտ սնվի»:

Այսպես ահա, դատավարական գործողությունները մեր կենցաղի, աշխատանքային առօրյայի մասն են դարձել: Դրանք պետք է ոչ մեկի չվախեցնեն, ոչ մեկի չզարմացնեն, ու ամեն աշխատակից վերադասի աշխատասենյակը մտնելուց, պետք է պատրաստ լինի, որ այնտեղ նրան սպասում է ոստիկանը:

Մանրամասները՝ այստեղ։