«Հրապարակ»․ «3+3» ֆորմատի երկրներում Հայաստանի ներկայիս ռեժիմն է ամենադեստրուկտիվ դերակատարումն ունենում

Լոնդոնում Ալիեւ-Փաշինյան չստացված հանդիպման շուրջ փոխադարձ մեղադրանքների ու ԱՄՆ պետդեպի ակնարկած «բարդ որոշումների ու ծանր փոխզիջումների» ֆոնին Իրանը խոսում է «3+3» ձեւաչափի մասին ու հայտնում, որ այն մոտ ապագայում տեղի կունենա Թուրքիայում։
Հայտարարությունն արել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Իրանական SNN գործակալության հետ զրույցում նա հնչեցրել է Թեհրանի դիրքորոշումը՝ տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը բխում են Իրանի շահերից, ու այդ հարցում Իրանը պատրաստ է օգնել։ Այս համատեքստում դեսպանը «3+3»-ն է նշել ու հիշեցրել, որ այդ ձեւաչափով առաջին հանդիպումը Թեհրանում էր։
Տարածաշրջանային անվտանգությունը Թեհրանը Հայաստանի Սյունիքի մարզի անվտանգության ապահովմամբ է պատկերացնում։ Հերթական անգամ Իրանը սա բաց տեքստով է հայտարարում։ Դեսպան Սոբհանին Սյունիքը «ռազմավարական տարածաշրջան» է անվանում, եւ որը «կարեւոր դեր է խաղում Իրանի եւ Հայաստանի միջեւ անվտանգության եւ առեւտրի միջեւ»: Ու հերթական անգամ Իրանը զգուշացնում է՝ «դեմ են միջազգային սահմանների փոփոխությանը եւ, առհասարակ, տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության»։
Իրանը նորից ու նորից է շեշտադրում Սյունիքի կարեւորությունն իր համար, դեսպանը խոսում է նաեւ Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության մասին, ասում՝ Իրանը կկրկնապատկի Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը։ Սրանք ազդակներ են, որոնք Հայաստանի իշխանությունը համառորեն անտեսում է՝ ի հեճուկս հարեւան ու բարեկամ Իրանի տարածաշրջան բերելով նրա արեւմտյան հակառակորդներին։
««3+3»-ի ֆորմատը մեզ համար ամենաարդյունավետ ֆորմատն է, որտեղ Թուրքիայի դիրքորոշմանը կարելի կլինի հակադրել Իրանի դիրքորոշումը, ու, որքան հասկանում եմ, Ռուսաստանը կփորձի կենտրոնական դիրք զբաղեցնել, քանի որ Իրանի ու Թուրքիայի շահերն են այս պահին հակոտնյա։ Ռուսաստանից, Իրանից, նաեւ Թուրքիայից, Հայաստանին զգուշացումներ են հնչում, որ ռեգիոնում չգտնվող երկրներին չպետք է ներգրավել այս խնդիրներին, դա սպառնալիք է իրենց համար: «3+3» ֆորմատի երկրներում Հայաստանի ներկայիս ռեժիմն է ամենադեստրուկտիվ դերակատարումն ունենում»,- «Հրապարակ»-ին ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«3+3»-ի՝ հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ու տարածաշրջանի ավանդական մեծ խաղացողների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությամբ հարթակի գաղափարն ի սկզբանե թուրքական էր։ 2021թ․ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացավ այդ ձեւաչափով փոխարտգործնախարարների առաջին նիստը՝ առանց Վրաստանի։ Պաշտոնական Երեւանը չմերժեց, սակայն հայտարարել էր, որ հարթակին միանում է, բայց այդ ձեւաչափը չպետք է ներառի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված են կամ քննարկվում են ուրիշ հարթակներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Ավելի բարձր՝ ԱԳ նախարարների ձեւաչափով «3+3»-ը, իսկ իրականում «3+2»-ը՝ դարձյալ առանց Վրաստանի, հավաքվեց Թեհրանում՝ 2022թ․ հոկտեմբերի 23-ին։ Այնտեղ Իրանի՝ արդեն նախկին ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը հայտարարել է, որ եկել է «Հարավային Կովկասում խաղաղության, համագործակցության եւ զարգացման ժամանակը»։
Ձեւաչափի հաջորդ հանդիպումը Թուրքիայում անցկացնելու հանգամանքը Ստեփան Դանիելյանը ռոտացիոն սկզբունքով է մեկնաբանում՝ նշելով, որ եթե այդ ֆորմատը սկսի լիարժեք գործել, ապա այն կարող է ռոտացիոն սկզբունքով տարբեր մայրաքաղաքներում անցկացվել: «Հարավային Կովկասում շատ սուր մրցակցություն է գնում, եւ կենտրոնում է հայտնվել Սյունիքի ռեգիոնը: Բրիտանիա-Ադրբեջան-Թուրքիա, որոնց հովանավորում է ԱՄՆ-ն, ցանկանում են տարածաշրջանից դուրս թողնել Ռուսաստանին ու Իրանին, ինչի համար խաղադրույքը դրել են Թուրքիայի ու Ադրբեջանի վրա: Պայքարը գնում է Կենտրոնական Ասիայի ռեսուրսների ու աշխարհաքաղաքական դիրքի համար: Ով վերահսկում է Մեծ Կենտրոնական Ասիան (ներառյալ Աֆղանստանը), նա վերահսկում է ողջ Եվրասիան: Իսկ դրա համար պետք է կառուցել Միջին ուղին, որը, շրջանցելով Իրանը եւ Ռուսաստանը, պետք է ճանապարհ բացի դեպի Կենտրանական Ասիա: Դա կենսական է այդ երկրների համար»,- քաղաքագետը բացատրում է աշխարհաքաղաքական մեծ խաղը՝ շեշտելով, որ առաջինը հարվածի տակ կարող է ընկնել Իրանը, որը հենց դրա համար սատարում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ խոսում էներգետիկ համագործակցությունը խորացնելու մասին։
«Բնականաբար, պետք է նաեւ ապահովեն Հայաստանի կենսական շահերը, այդ թվում՝ նաեւ էներգետիկ ոլորտում: Սա է բուն խնդիրը: Այս առումով Իրանը չափազանց բաց եւ հստակ կերպով է ցուցադրում իր դիրքորոշումը»: Մյուս կողմից, ըստ մեր զրուցակցի, հաշվի առնելով Վրաստանի համարձակ, ազգային շահերի վրա հիմնված քաղաքականություն վարելու հաստատակամությունը, Հայաստան-Վրաստան ուղղությունը կարող է Վրաստանի համար ճանապարհ բացել դեպի Սեւ ծով ու Ռուսաստան: Հատկապես, երբ պարզ չէ, թե Ադրբեջանով անցնող հնարավոր Հյուսիս-Հարավ ճանապարհը որքանով կարող է ապագայում անվտանգ լինել։ Այս ամենը հաշվի առնելով՝ Ստեփան Դանիելյանը հասկանալի է համարում ԱՄՆ քաղաքականությունը, Ադրբեջանի ու Վրաստանի ստրատեգիան, իսկ այսօրվա Հայաստանի ռեժիմի քաղաքականությունը, նրա խոսքով, ակնհայտորեն մեր ազգային շահերին դեմ է:
Քաղաքագետը, միեւնույն ժամանակ, հակասություններ է տեսնում Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ․ «Էրդողանն ու մյուս թուրքական պետական գործիչները, ինչպես ԱՄՆ պաշտոնյաները, հայտարարում են, որ պետք է շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքել, իսկ Ադրբեջանը նոր պայմաններ է առաջ քաշում, որոնք բավարարելու համար, թեկուզ տեխնիկական առումով, երկար ժամանակ է պահանջվում»: Այս հանգամանքը եւս, ըստ մեր զրուցակցի, պետք է հաշվի առնել:
Կարծիքներ