Միշան շուն է` ապրում է իր փրկչի՝ կենդանասեր Մարի Տեր-Անտոնյանի կացարանում, Մասիսում։ Միշայի տերը՝ Նուբարաշենի բնակիչ Գ․Ա-ն նրան շան ծեծ է տվել, կրակել է «շեշմայով»։
Կենդանասերները տարել են անասնաբուժական կլինիկա, վիրահատել են, բազմաթիվ բեկորներ հանելով Միշայի մարմնից։ Մի մասը հանել հնարավոր չի, և շունը ապրելու է` բեկորները մարմնում։ Այժմ նա Մարիի կացարանում է, Մասիսում։ Խոշտանգողն ամբաստանյալի աթոռին է։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, իր բնակության վայր հանդիսացող՝ Երևան քաղաքի Նուբարաշեն Բ-8 Այգեգործական թաղամասի 16-րդ հասցեում գտնվող տնակի դիմաց, տառապանք պատճառելու ուղղակի դիտավորությամբ՝ փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր շան գլխի և մեջքի հատվածներին՝ այդ կերպ շան նկատմամբ դրսևորել՝ դաժան վերաբերմունք: Մարի Տեր-Անտոնյանը անհերքելի փաստ է ներկայացրել Էրեբունու ոստիկանություն` տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Գ-ն դաժանորեն ծեծում Միշային։
«Մեղադրանքը կառուցվել է միայն դաժան ծեծի հիմքերով, կրակելու մասով ոչինչ չկա, որովհետև տեսանյութում, որը մենք տրամադրել էինք, միայն երևում էր ծեծը, թեև մենք քննիչին տրամադրել էինք ռենտգեն նկարը, որտեղ տեսանելի են շեշմաները», - ասում է Մարի Տեր-Անտոնյանը։ Նա վստահ չի, որ դատարանը չի ազատելու տղամարդուն պատժից։
Հիշեցնում է Ալ-Կապոնե անունով շանը տանջանքների ենթարկած Հրազդանի բնակչի գործը։ Դատական նիստերն այնքան ձգեցին, որ վաղեմության ժամկետն անցավ և տղամարդուն ազատ արձակեցին։ Հայաստանում դեռևս տարածված է գիտակցությունը, որ շանը տանջելն ու սպանելը հանցանք չի։