Քաղաքականություն

«Հրապարակ»․ Աշխատանքից ազատման հիմքերը չպետք է վերացական լինեն

«Հրապարակ»․ Աշխատանքից ազատման հիմքերը չպետք է վերացական լինեն

Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, երեկ ազատվել է աշխատանքից: Հովսեփ Աղազարյանը մեկ տարի է՝ աշխատում էր էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչությունում՝ որպես պետի խորհրդական: Հոր հետ կապված պատմությունից հետո նախարար Գեւորգ Պապոյանն Աղազարյանի որդուն փոխանցել է, որ ճիշտ կլինի՝ ազատվի աշխատանքից, ՔՊ խորհրդի անդամ Հովսեփ Աղազարյանն էլ գրել է դիմումը։ Սա «Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանն է, որտեղ արդեն անթաքույց հետապնդումներ են իրականացնում իրենց թիրախների հարազատների նկատմամբ: Ակնհայտ է, որ Հովսեփ Աղազարյանին աշխատանքից ազատելը մտնում է Հովիկ Աղազարյանի մանդատը խլելու օպերացիայի մեջ, որն անձամբ Նիկոլ Փաշինյանն է ղեկավարում: Նման գործընթացներ որեւէ ժողովրդավարական երկրում չէին կարող տեղի ունենալ, եթե լինեին, մեծ աղմուկ կբարձրանար, եւ հանրային պայքար կսկսվեր, որովհետեւ ոչ միայն անբարոյական է այս հաշվեհարդարը, այլեւ՝ հակաօրինական: Ի վերջո, Հայաստանում գործում են ՀՀ սահմանադրություն, ՀՀ Աշխատանքային օրենսգիրք, որը մարդուն պաշտպանում է  վերադասի կամայականություններից։ Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է աշխատանքային իրավունքի մասնագետ Գեւորգ Պետրոսյանի եւ փաստաբան Միհրան Պողոսյանի հետ:

Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Աշխատանքային օրենսգիրքը` աշխատանքային պայմանագրի լուծմամբ նման հիմք չի նախատեսում, բայց այստեղ ողջ խնդիրն այն է, որ տվյալ աշխատանքից ազատման հրամանի մեջ նշված չէ, որ տվյալ անձն աշխատանքից ազատվել է որպես Հովիկ Աղազարյանի որդի: Եթե մարդն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, անկախ այն բանից, թե դրա հիմքում ինչ շարժառիթներ են եղել, հրամանը վիճարկելու դեպքում անգամ, ես գրեթե 100 տոկոսով հաջողություն չեմ տեսնում: Ինչո՞ւ. որովհետեւ պետք է ապացուցել հետապնդման ակտը, բայց այդ հրամանում հաստատ նման բան չեն նշել: Խնդրին լուծում տալու համար դիմում չպետք է գրվեր, պետք է ասվեր, որ աշխատանքից չեմ հրաժարվում, եթե գտնում եք, որ իմ ծառայությունն աննպատակ է, պիտանի չէ, ազատեք ինձ օրենքով նախատեսված հիմքերով: Մարդիկ իրենց իրավունքների մասին տեղյակ չլինելով կամ գուցե էմոցիաների ազդեցությամբ՝ միանգամից դիմում են գրում եւ հեռանում ու հետո վերանայում իրենց որոշումը, ինչը սխալ է: Պետք է ի սկզբանե չլիներ դիմում: Ինձ համար կապ չունի՝ Աղազարյանի որդին է, թե ով է: Խնդիրն այն է, որ կա հստակ պատճառ այստեղ, բայց պատճառի մասին չի խոսվում, քանի որ իրավական ակտով այն չի կարող արձանագրվել: Նա կարող է դիմել դատարան, բայց ես հույս չեմ տեսնում: Այ, ուրիշ բան, որ իրեն աշխատանքից ազատելու շարժառիթը պահանջեր, գուցե այդ դեպքում հավանական լիներ հաջողությունը: Դժվար ապացուցելի հարց է: Օրինակ` ինձ ԵՊՀ-ից ազատեցին, եւ ես դատարան դիմեցի դրա համար, հրամանի իրավաչափությունը վիճարկել եմ, որովհետեւ ինձ հետ ժամկետային պայմանագիր է կնքվել, եւ այդ հիմքով այն չի երկարացվել: Ես դա վիճարկել եմ, այժմ Վերաքննիչ դատարանը բեկանել է, նորից ուղարկել դատարան: Ես Հովիկ Աղազարյանին որպես քաղաքական գործիչ չեմ ընդունում, այսօր էլ լսում էի նրա հարցազրույցը, այնպիսի անլուրջ հայտարարություններ էր անում, որ ասելու չէ: Ասում է` պահի տակ հեքիաթ էր Մոսկվայում ընկեր ունենալը, ես էլ հնարեցի…. ինչքանո՞վ է լուրջ, երբ քաղաքական գործիչը նման հայտարարություններ է անում, բայց մի կողմ թողնենք նրան, եթե մարդուն ասում են` արի դիմում գրի… Աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը սահմանում է աշխատանքային իրավունքների ինքնապաշտպանության սկզբունքը: Այսինքն` աշխատողն իրավունք ունի չենթարկվելու գործատուի այն պահանջներին ու հրամաններին, որոնք խախտում են իր իրավունքները: Այս երեւույթն առհասարակ տհաճ է, պարսավելի է եւ հակաօրինական: Նա կարող էր ուղղակի ասել, որ չի կիսում իր հոր տեսակետները, եւ պահանջեր օրենքով նախատեսված հիմքերը»:

Միհրան Պողոսյանն էլ ասաց. «Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է անձին աշխատանքից ազատել միայն որոշակի հիմքերով, օրինակ, երբ կորցնում է աշխատողն իր վստահությունը, բայց դա չի նշանակում, որ ամեն մի նման պատճառով օրենքը թույլ է տալիս անձին ազատել: Վստահություն կորցնելը պետք է բացատրվի այն հանգամանքով, ասենք, եթե անձը կատարել է հանցանք եւ այլն: Հստակ է մի բան, որ ուղղակիորեն չի կարելի անձին պաշտոնից ազատել: Օրենքը նման հնարավորություն չի տալիս, բացառությամբ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց, որոնք այդ կանոններին չեն ենթարկվում: Օրինակ, նախարարներին ազատեցին աշխատանքից, այդտեղ այս տեսանկյունից չկա խնդիր, հիմքեր պարտադիր չեն: Դրանով են քաղաքական եւ հայեցողական պաշտոնները տարբերվում իրարից: Ինչ վերաբերում է Աղազարյանի որդուն, ապա նա քաղաքական պաշտոնյա չէ, եւ նրան աշխատանքից ազատելն անօրինական է: Չի կարելի սուբյեկտիվ գործառույթներ կիրառել նման հարցերում: Օրինակ, եթե ինչ-որ մի պահեստապետի ազատում են աշխատանքից, պետք է անձը մեղադրվի գողության մեջ, եւ դա ուղիղ հիմք լինի աշխատանքից ազատման: Հիմքերը չպետք է վերացական լինեն, հակառակ դեպքում սուբյեկտիվիզմը կարող է լինել չափազանց մեծ: Պետք է պարտադիր իրադարձություն տեղի ունենա, ըստ դրա` նման ընթացք ստանա: Մրցութային կարգով աշխատանքի անցած մարդուն ոչ մի իրավունք չունեն ազատելու աշխատանքից` սա էլ առանձին թեմա է»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image