Վարչապետի հրամանը Անանյանի համար ընդամենը հորդոր է

Վարչապետի հրամանը Անանյանի համար ընդամենը հորդոր է

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում դարձյալ անդրադարձավ ավտոմաքսատան աշխատակցի՝ աշխատանքից ազատմանը։ Անանյանի համար Նիկոլ Փաշինյանի հրամանը, պարզվում է, այդքան էլ հրաման չի եղել, այն ավելի շատ կոչ-հորդոր էր, որ դրոշը անխնամ վիճակում թողած աշխատակիցը դիմումը գրի հեռանա։

«Նախ վարչապետը ոչ մեկին չի հեռացրել աշխատանքից։ Նա չի պահանջել ազատվել աշխատանքից, դա կոչ-հորդոր էր, դրա մեջ տարբերություն կա։ Եթե երկրի վարչապետը հորդորում է, որ նա այ էդ արարքի համար դիմում գրի գնա, դա վարչապետի կոչ-հորդորն է»,-ասաց Անանյանը։

Hraparak.am-ի դիտարկմանը՝ դա հորդո՞ր էր, թե՞ հրաման, կարծես հրաման էր, Դավիթ Անանյանը նորից պնդեց, որ վարչապետի ասածը կոչ-հորդոր էր։

-Բայց վարչապետը չասաց, որ ինքը հորդորում է ազատվել աշխատանքից, նա ասաց՝ դիմումդ կգրես, կգնաս։ Հիմա դա հրամա՞ն է, թե՞ հորդոր։

-Հորդոր։

-Ինչպե՞ս է հորդոր, եթե վարչապետը հրամայական տոնով էր ասում, նախադասությունն էլ հրամայական եղանակով նախադասություն էր։

-Ես հայոց լեզվի կանոններ չեմ ուզում հիմա քննարկել, ես ասում եմ՝ հորդոր։ Կարող ենք, չէ՞, մենք իրար հետ, օրինակ, համաձայնություն չունենանք էս հարցի վերաբերյալ։ Իմ կարծիքով հորդոր էր, Ձեր կարծիքով՝ հրաման, չէ՞։ Ըհը, ավարտեցինք էս հարցը։

-Վարչապետն է ասել, որ դա հորդոր է, դրա՞ համար եք ասում՝ հորդոր է։

-Վարչապետը հորդորի անո՞ւն է տվել, ասել է՝ ես հորդորո՞ւմ եմ։ Ասում եմ՝ ես վարչապետի ասածը համարում եմ կոչ-հորդոր։