Սյունիքի մարզպետն ընդօրինակել է վարչապետին՝ 100 անիմաստ կետ

Սյունիքի մարզպետն ընդօրինակել է վարչապետին՝ 100 անիմաստ կետ

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն ամփոփում է մարզպետի պաշտոնում իր գործունեության մեկ տարին: 100 կետից բաղկացած հաշվետվության մեջ արտառոց ոչինչ չէր լիներ, եթե մարզպետը հրապարակեր հենց իր գործունեությունը, սակայն նա այդ 100 կետում ներկայացրել է մարզում աշխատող միջազգային եւ տեղական կազմակերպությունների, մարզային ենթակայության հաստատությունների, պետական բյուջետային հինարկների, քաղաքապետարանների ծրագրային հաշվետվությունները, որը որեւէ աղերս չունի մարզպետի գործունեության հետ:
Նրա հաշվետվությունն այնպիսի հռետորաբանությամբ է շարադրված, որ, հավանաբար, մարզը պետք է մարզպետին շնորհակալություն հայտնի աշխատանքի գալու համար: Սակայն հանուն արդարության նշենք, որ այդ հարցում նա պատասխանատու է՝ պարտաճանաչ գրաֆիկով նստում է աշխատասենյակում, եթե մարզում իրականացվող միջոցառումներին, փառատոներին, խրախճանքներին մասնակցելու չի մեկնել:

Բայց մի քանի օրինակ նշենք: Մասնավորապես՝ ասվում է, որ Կապան քաղաքում բացվել է նոր պլաստիկից շինանյութերի ստացման արտադրամաս, ինչի արդյունքում Կապանում եւ տարածաշրջանում առաջին անգամ պլաստիկ թափոններից եւ ավազից ստանում են շինանյութեր, արդյունքում ստեղծվել են աշխատատեղեր: Սակայն որեւէ խոսք չկա այն մասին, որ դա արել է Կապան համայնքի ղեկավարը, ով կարողացել է ներդրումներ ապահովել, համագործակցություն ստեղծել միջազգային կազմակերպության հետ, համատեղ գրանտային ծրագիր իրականացնել: Մարզպետն այս ձեռքբերումը վերագրել է իրեն։ Նման օրինակները բազմաթիվ են: Զավեշտալի մեկ այլ դրվագ․ որպես մարզպետի գործունեության կարեւոր փաստերից՝ նշվել է մարզից ուղղաթիռով մայրաքաղաք տեղափոխված 15 հիվանդների մասին տեղեկատվությունը: Բայց, չգիտես ինչու, շտապօգնության կանչերը՝ որպես մարզպետի գործունեության «ձեռքբերում», նշված չեն: Փոխարենը 99-րդ կետում մարզպետը նշել է, որ քաղաքացիների ընդունելություն է կազմակերպել, իսկ 100-րդ կետում՝ թե քանի դիմում եւ թղթակցություն են մուտքագրվել մարզպետարան։ Կարեւոր ձեռքբերում մեկ տարվա ընթացքում։

100 կետից կազմված ցանկում, բնականաբար, հիշատակված չեն մարզային ենթակայության հաստատություններում կոռուպցիոն սխեմաները, կասկածելի կադրային քաղաքականությունը, ներդրումների բացակայությունը, տարբեր կառույցների միջեւ աշխատանքային հարաբերությունների բացակայությունը եւ այլն։ Ոչինչ նշված չէ նաեւ անգործության մատնված աշխատակիցների պարգեւատրումների մասին, որոնց գործունեությունը սահմանափակվում է մարզպետի մասին հրապարակումների տակ ագրեսիվ մեկնաբանություններ թողնելով, մարզպետի համար «անցանկալի» մարդկանց մասին գրառումներ հրապարակելով: Նշված չեն նաեւ բնապահպանական խնդիրներն ու առողջապահական հարցերը։ Մի խոսքով՝ հաշվետվություն է հաշվետվության համար, առանց բովանդակության եւ առանց ապագայի ծրագրերի։