Հովհաննես Շահինյանը միանում է Դոգի կուսակցությանը

 Հովհաննես Շահինյանը միանում է Դոգի կուսակցությանը

Երեւանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը, որպես քաղաքապետի թեկնածու կառաջադրվի Երեւանի ավագանու ընտրություններին, որը կայանալու է 2023 թվականի սեպտեմբերին՝ եթե, իհարկե, արտահերթ ընտրություններ չկայանան։ Նա մեզ հետ զույցում նշել էր, թե որպես «Երեւան 2805» նախաձեռնության հիմնադիր է նման որոշում կայացրել: Այսօր մենք տեղեկացանք, որ Շահինյանը որոշել է առաջադրվել Վարդան Ղուկասյանի՝ «Դոգի» «Հանրային ձայն» կուսակցությամբ:

«Հրապարակը» զրուցել է Հովհաննես Շահինյանի հետ:

- Մենք տեղեկացանք, որ Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում առաջադրվելու որոշումն արդեն վերջնական է եւ առաջադրվելու եք «Հանրային ձայն» կուսակցությամբ: Ինչո՞ւ հենց «Հանրային ձայն»-ով:

- Ամենայն հավանականությամբ կառաջադրվեմ «Հանրային ձայն» կուսակցության կողմից: Եթե հիշում եք, ես հոկտեմբերի 20-ին հայտարարեցի այն մասին, որ քննարկումներ եմ ունենալու տարբեր կուսակցությունների հետ: Առաջադրման իրավունքն օրենքով կուսակցություններին է վերապահված: Ինձ համար ընդունելի է առաջադրվել, օրինակ, հենց «Հանրային ձայն» կուսակցության կողմից:

- Իսկ Ձեր որոշումն ինչո՞վ է պայմանավորված՝ Դո՞ւք եք առաջարկել, թե՞ Ձեզ են առաջարկել:

- Պայմանավորված է նրանով, որ կուսակցությունը նորաստեղծ է, երբևէ քաղաքական պրոցեսներին մասնակցություն չի ունեցել, նաև արդարամտությունն է ինձ գրավել, որը դրված է կուսակցության գործունեության հիմքում: Դա ինձ համար շատ կարևոր է:

- Դուք ինքներդ նշեցիք, որ կուսակցությունը նոր է, ո՞ր գործողությունն եք համարում արդարամիտ:

- Այդ կուսակցությունը միայն Վարդան Ղուկասյանը չէ: Կա Արտակ Գալստյան, կան նաև այլ անդամներ: Արդար եմ համարում այդ կուսակցության ամեն ինչը, ինչի մասին Վարդան Ղուկասյանը խոսում է: Հայհոյանքը կողքի դնենք, մնացած ամեն ինչ իրականությանը համապատասխանում է:

- Նիկոլ Փաշինյանն էլ էր լավ խոսում, միայն խոսելը բավարա՞ր է:

- Նիկոլ Փաշինյանը հայտնի ջեբկիր-դալալ է եղել, որի մասին ես ինքս խոսել եմ: Ինքս երկու անգամ փող եմ տվել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իր թերթը կարողանա պահել: Դա եղել է 1994-1995 թվականներին: Անձամբ եկել է Արաբկիրի գործկոմ, իր համար մարդ է զանգած եղել և ես վճարել եմ: Նա հատնի դալալ է, հիմա ո՞նց համեմատենք նրան ինչ-որ մեկի հետ: Մենք չենք խոսում այն մասին, թե ով ինչ է խոսում: Այսօր բազմաթիվ մարդիկ կարող են Վարդան Ղուկասյանից ավելի գեղեցիկ խոսել, սակայն դա չէ էականը: Ինչու՝ Լևոն Տեր-Պետրոսյանը վա՞տ էր խոսում միտինգների ժամանակ: Տեր-Պետրոսյանին բերեցին Ղարաբաղ կոմիտեն քանդելու համար, սակայն ինչպե՞ս բերեցին, բերեցին որպես հռետոր: Ներկայացրին, որ մի լավ տղա կա, որն աշխատում է Մատենադարանում, բերենք, թող լավ ելույթներ ունենա, էդպես Կագեբեի ավագ լեյտենանտ Տեր-Պետրոսյանը պղծեց Ղարաբաղ կոմիտեն և նրա գաղափարախոսությունը: Մարդու ապրած կենսագրությունն ու քայլերը պետք է վերցնել, գործունեությունը: Ոչ մեկս էլ էս կյանքում անթերի չենք:

- «Հանրային ձայն» կուսակցությունում հատկապես ո՞ւմ կենսագրությունն է Ձեզ գրավել:

- Վարդան Ղուկասյանի: Նրա գործունեությունը բանակում, զինվորական կյանքում: Նա ամենագլխավորը` զինվորի խնդիրները մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել: Վարդան Ղուկասյանը չէ՞ր կարող կաշառվել, մյուսների պես 4-5 լավ ավտոմեքենա քշեր, շատերի նման:

- Իսկ Վարդան Ղուկասանի հետ անձամբ զրուցե՞լ եք քաղաքապետի ընտրությունների և Ձեր որոշման վերաբերյալ:

- Ոչ, դա իմ որոշումն է: Քննարկումներ եղել են ընհանուր, սակայն կոնկրետ իր հետ չեմ խոսել: Մոտեցումների, անցած ճանապարհի առումով կան բազմաթիվ եզրեր: Կարող են մեր ճանապարհները համադրվել: Որոշակի տեխնիկական հարցեր կան, սակայն ընդհանուր առմամբ` ամենագլխավորն այն է, որ կոռուպցիան արմատախիլ պետք է անել: Պետք է այնպիսի թիմ ձևավորել, որը կկարողանա երևանցիների հետ միասին լուծել կարևոր խնդիրները: Պայքար կոռուպցիայի դեմ և ծառայել կարևոր նպատակներին, սա ամենակարևորն խնդիրն է: Երկար խոսել պետք չէ, կոռուպցիան վերացրու, մնացյալն ինքն իրեն կլուծվի:

- Իսկ հնարավո՞ր է Ձեր որոշումը փոխվի:

- Մենք վերջնական որոշում չունենք: Կան ուժեր, որոնց հետ ես իմ աշխատանքը չեմ պատկերացնում:

- Ո՞ր ուժերի հետ չեք պատկերացնում:

- Չեմ պատկերացնում այն ուժերի հետ, որոնք երկիրը հասցրել են այս վիճակին: Ես հիմա զուտ ապագայի ծրագիրն ու մոտեցումներն եմ ներկայացնում: Պետք է կոռուպցիան արմատախիլ անել: Երբ ես թաղապետ էի, ամեն օր տարբեր համարներով զանգում էի մարդկանց և շփվում էի նրանց հետ: Հիմա ևս պետք է հասկանալ քաղաքացիներին:

- Ե՞րբ կկայացնեք վերջնական որոշում:

- Կարծում եմ` 1-2 ամսից, ոչ ավելի: Այնպես չէ, որ մետրոյի գծերը վերցրած գալու եմ փռեմ` Զանգվի ձորից Աջափնյակ մտնեմ: Դա թող անի Ավինյան Տիկոն: