Էլի Սերժն է մեղավոր

Էլի Սերժն է մեղավոր

Ընկերներիցս շատերն ասում են, որ հանրային կարծիքին ծանոթանալու լավագույն միջոցը տաքսիստների հետ զրույցն է՝ նրանք ասես հասարակական տրամադրությունների բարոմետր լինեն։ Չհամաձայնելով նրանց հետ, այնուամենայնիվ, չեմ խանգարում, որ հերթական տաքսիստն իր «քաղաքագիտական» վերլուծությունները փաթաթի իմ վզին։ Մարդը, ի զարմանս ինձ, գրագետ է, երկու տարվա իրադարձություններն է բարձրաձայն վերլուծում։ Ասում է․ «Ով էլ լիներ Նիկոլի տեղը, դա լինելու էր՝ շատ էինք զզվել էն իշխանություններից, դրանց ալան-թալանից։ Պայթելու էր, ու Նիկոլը հայտնվեց ճիշտ տեղում՝ ճիշտ պահին։ Բայց էս երկու տարին ցույց տվեց, որ ամենավատ բանն այն է, երբ փողոցից, անպատրաստ մարդիկ գալիս են իշխանության։

Մի կողմից՝ մենք շատ անգրագետ ու անգիտակից ժողովուրդ ենք, որ տենց մի օրում մաքրեցինք հներին ու բերեցինք էս խակ ու անպատրաստ մատղաշներին, դրեցինք երկրի ղեկին։ Բայց մյուս կողմից՝ դրանում էլ է Սերժը մեղավոր։ Ինչի՞ էր հասցրել մեզ էդ հուսահատությանը, ինչի՞ ժամանակին ու հոժար կամքով չհեռացավ։ Էն վարչապետ Կարեն Կարապետյանը կարգին էլ տղա էր՝ աշխատում էր, ժողովուրդն էլ վատ չէր վերաբերվում իրեն, ինչի՞ չթողեց էդ մարդուն իշխանությունը՝ հանգիստ հեռանար, մենք էլ էս զուլումը չբերեինք մեր ու երկրի գլխին։ Բայց մեկ է՝ եթե ընտրություն լինի, ու ընտրելու լինեմ Նիկոլի ու Սերժի մեջ, ես էլի Նիկոլին եմ ընտրելու։ Չեմ ուզում դա հետ գա։ Իրանց թիմից ինչ-որ մարդիկ՝ հա, թող գան, լավ էլ կաշխատեն, բայց ո՛չ ինքը կամ Ռոբերտ Քոչարյանը»։ Ես փորձում եմ հանգստացնել՝ ասելով, որ էլ երբեք Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը չեն լինելու երկրի ղեկավար։ «Քաղաքագետ» տաքսիստը համաձայնում է ինձ հետ ու հառաչում․ «Բայց դեռ ինչքա՜ն կվախեցնեն նրանց կերպարներով»։