Նույն շղթայի օղակները

Նույն շղթայի օղակները

Առաջին հայացքից թվում է, եթե ոչ մի կապ չունեն իրար հետ ոստիկանությունում փաստաբանների եւ անչափահասների ծեծը, «Համերի» վարորդի արկածները, 15 զինծառայողի ողբերգական մահը հրդեհից, ընդդիմադիրների դեմ հարուցված անհեռանկար գործերն ու ձեռնարկված շոուները:

Բայց իրականում դրանց միջեւ շատ սերտ ու համակարգային կապ կա: Դրանք բոլորն ի ցույց են դնում պետական կառավարման սնանկությունը, պետական մարմինների փլուզվածությունն ու անընդունակությունը, պետությունը ղեկավարողների ապաշնորհությունը: Այս բոլոր իրադարձությունները նույն շղթայի օղակներն են: 2018-ից սկսած պետության հիմքերը հետեւողականորեն խարխլելու հետեւանքները: Մենք նախկին ոստիկանությունից էլ էինք դժգոհ, բայց բացառված էր, որ նախկինում փաստաբան խոշտանգվեր ոստիկանությունում, կամ` պատահմամբ ոստիկանությունում հայտնված նկարչին ծեծելով խեղեին ու վերջում քրեական գործ հարուցելով` կալանավորեին:

Բացառված էր, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները ներխուժեին ոստիկանություն, նվաստացնեին ոստիկաններին, ապա ոչ միայն չպատժվեին, այլեւ այդ համայնքի ներկայացուցիչները ոստիկանության բարեփոխումները կառավարեին: «Համեր»-ներն էլ, ճիշտ է, միշտ են փողոցներում ճռռացրել, բայց թմրանյութերի նման քանակի անպատիժ կիրառում ու խրախուսում անգամ բարձր իշխանավորների կողմից, երբեք չի եղել:

Իսկ այն, ինչ արեցին այս տարիներին բանակի նկատմամբ, այլ կերպ, քան վնասարարություն եւ պետական դավաճանություն, հնարավոր չէ անվանել: Եվ երբ այս բոլոր իրադարձությունները դնում ես մի շարքում, հասկանալի է դառնում, թե ինչ աղետ ենք բերել մեր գլխին: Հասկանալի է դառնում, որ անփույթ ենք եղել պետության ու պետականության հանդեպ: