Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը մի քանի օր առաջ տեսանյութ էր պատրաստել Կապանի մոտակայքից, որտեղ լրագրողը սարի գլխից ցույց էր տալիս հայկական ճանապարհները, խոսում Հայաստանի հանքարդյունաբերության եւ դրանից կրած իրենց «հսկայական վնասների» մասին: Կադրերում երեւում էր նաեւ Կապանի օդանավակայանը։ Այս թեմայով զրուցել ենք Արցախյան պատերազմների մասնակից, արցախցի Աշոտ Սեւյանի հետ։
- Այդ տեսանյութով ի՞նչ էին ուզում ցույց տալ։
- Որ իրենք վերահսկում են, հետեւում են մեր ամբողջ հանքարդյունաբերությանը, մեր բոլոր ստրատեգիական ճանապարհներին։ Այդպես էլ ասում էր՝ վերահսկում ենք։
- Անվտանգային տեսանկյունից նայենք՝ թշնամին այնքան մոտ է մեր բնակավայրերին, որ ամեն ինչ իր տեսադաշտում է հայտնվել:
- Դա նշանակում է, որ իրենք Հայաստանն ընդհանուր վերահսկում են, ու որ րոպեին պետք լինի, կարող են վնաս պատճառել` թե՛ տնտեսությանը, թե՛ ամեն ինչին` մայր ճանապարհները կարող են կտրել։ Եկեք պատկերացնենք այսպես․ ապրանք են տեղափոխում, զբոսաշրջիկներ են գալիս-գնում, Իրանից եկող ճանապարհն այնտեղ կտրեցին, Կապանի ճանապարհները երկու անգամ կրակում են, դառնում է վտանգավոր ճանապարհ, ու էլ ոչ ոք չի գա ու գնա։
- Այսինքն՝ բնակավայրը, փաստացի, հայտնվում է շրջափակման մե՞ջ։
- Շրջափակման մեջ չէ, որովհետեւ հետ գալու տեղ ունի, բայց ոչ պիտանի։ Շրջափակում չի լինելու, ամբողջ Կապանն այսօր վատ վիճակում է, սարերից հոսող խմելու ջուրը լրիվ ադրբեջանցիների վերահսկողության տակ է։ Այդ անվտանգությունն ո՞վ է ապահովում։ Պարզ է, չէ՞, որ այսօր ոչ ոք դրա համար պատասխանատու չէ։ Նույնիսկ Երեւանում խմելու ջրի մասով պատասխանատվություն չեն ստանձնում, ուր մնաց այնտեղ՝ սարերից հոսող ջրի աղբյուրով։
- Հանքարդյունաբերության մասով ի՞նչ էին ակնարկում։
- Ասում էին, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը, Սյունիքի մարզի հանքարդյունաբերությունը վնասում է իրենց, ու այս COP-29-ի ժամանակ այդ հարցը բարձրացնելու են, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը վտանգավոր է։ Չգիտես ինչու, Կասպից ծովից չեն խոսում, որն ինքն իրենով խնդիր է՝ գազը, նավթը հանում են, տեղն ի՞նչ են թողնում՝ ոչինչ, ծովը մեռնում է։ Նավթն ու գազը պահում է այդ ծովի կալորիականությունը, եթե իրենք քաշում են դա, դրա փոխարեն պիտի ներարկեն մի բան, իրենք դա չեն անում, ու ծովը մեռնում է։ Հիմա իրենց ո՞վ է թույլ տվել, որ Կասպից ծովը սպանեն, էկոլոգիան սպանեն։ Դրա համար իրենք Արցախին են անցել՝ կանաչ էներգիան օգտագործում են։
- Այսինքն՝ Կասպից ծովի նավթի ու գազի պաշարները սպառվում են։
- Այո, իրենք անցան կանաչ ծրագրին, Ադրբեջանի կանաչ ծրագրի 30 տոկոսն Արցախից է ապահովվում։ Միայն Քարվաճառում կա 38 հատ ՀԷԿ, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ էներգիա է դա տալիս՝ մաքուր էներգիա․ Թարթառ գետի վրա կառուցված ՀԷԿ-եր են։ Հիմա ամբողջ աշխարհն է անցնում կանաչ էներգիային։ Ուղղակի մերոնք չմտածեցին, որ կարելի է պահել Ղարաբաղը, այդ կանաչ էներգիան վաճառել։ Հիմա արդեն ատոմակայանը փակելու թեման են պտտեցնում։
- Ուզում եք ասել՝ Արցախը գրավեցին ոչ թե այն պատճառով, որ «իրենց հայրենիքն» է, այլ նաեւ այդ էներգիայի՞ համար։
- Արցախի մասով Ալիեւը կարողացավ բոլորին օգտագործել ի շահ իրեն։ Իսրայելը խառնվեց` հույս ուներ, որ Արցախը պիտի տար Ֆիզուլին, Կուբաթլուն՝ բազաներ տեղադրելու համար, ի վնաս Ադրբեջանի... Կռիվը դեռեւս չսկսված, բոլորս էլ արդեն գիտեինք, դա նորություն չէր՝ 2020 թ. Ալիեւն արդեն Անգլիային վաճառել էր Դրմբոնի ու Մարտակերտի հանքերը։ Բոլորի հետ էլ նույն շահն ուներ, ինքն այդ շահերն օգտագործեց ու իր ժողովրդին ապացուցեց, որ, տեսեք` ես կարողացա Արցախը հետ բերել։
- Իսկ այդ շահագրգիռ կողմերն իրենց հասանելիքը չե՞ն պահանջելու։
- Պահանջելու են, ձգվում է դեռ։ Երեսուն տարի մենք էլ էինք Արցախին տիրություն անում՝ մենք ի՞նչ արեցինք մեր երկրի համար՝ ոչինչ։ Ընդերքն էլ օգտագործեցինք, ամեն ինչ էլ արեցինք` ո՛չ բանակ սարքեցին, ո՛չ պետություն, ո՛չ վերաբնակեցրինք։ Քարվաճառի նման ստրատեգիական շրջանն ուներ 3 հազար բնակիչ։ Եթե մարդիկ ապրեին, այդտեղից մարդ դուրս չէր գա, բայց դա ծրագիր էր։ Այնպես չէ, որ Քարվաճառի բնակիչները թողել են կամ փախել` ոչ, Քարվաճառը ստորագրությունով են տվել, նույնը՝ Աղդամը: Խմելու ջուրը դառնալու է ոսկի՝ ամբողջ աշխարհում։ Մի ժամանակ Վարդենիսի գլխին՝ Քարվաճառում, գետեր էին հոսում՝ Արա լճերի սառնորակ խմելու ջուրը հոսում էր, որի կեսը գալիս էր լցվում Սեւան։ Հիմա ո՞ւր են այդ գետերը, չկա այդ ջուրը, որովհետեւ իրենք ապուշ չեն։ Պայթեցում արեցին, ու Արա լճերի ջրերը հիմա լցվում են Թարթառ գետն ու գնում Ադրբեջան։ Տեսեք՝ քանի տեղ են իրենք կարողանում Թարթառ գետն օգտագործել՝ 39 ՀԷԿ է աշխատում։ Տնտեսապես տեսեք ինչ հզորություն է, խտացված խմելու ջուր է, չգիտեմ՝ քանի միլիոն խորանարդ է։ Դա ինքն իրենով ապահովում էր Սարսանգ ԳԷՍ-ը, բայց, չէ` չֆայմեցինք, չպահեցինք, մի ստորագրությամբ տվեցին, հիմա ասում ենք՝ մեզ պետք չէ դա։ Ոչ ոք սրտացավ չէր, ոչ մեկը հեռատես չէր, ոչ մեկը հետագայի մասին չէր մտածում։ Մեր ազգը մի շատ առնետային գիծ ունի՝ այսօր փողն իմ գրպանում լինի՝ հերն անիծած, թե մի տարի հետո ինչ կլինի։ Ով եկավ պաշտոնի, մտածեց՝ բեր տանեմ, ուտեմ, այսօր վայելեմ, վաղն ինչ կլինի սերունդների հետ, ինձ չի վերաբերում։ Նույնն այսօրվանն է՝ նրանք 30 տարի լափեցին-կերան, սրանք 6 տարվա մեջ այն 30 տարվա երեք անգամը տարան։ Խնդիրն այստեղ փողը չէ, առաջ մեր գաղափարը ո՞նց էր՝ ասում էին. կյանք տանք՝ հայրենիք պահենք, հող պահենք։ Հիմա ասում են․ հող տանք՝ կյանք պահենք։ Չկա նման հասկացություն, չգիտեմ ինչի հետ համեմատեմ, ինչի ենք հասել։
- Այս հեռանկարով Հայաստանի վիճակն ինչպիսի՞ն է լինելու։
- Հայաստա՞ն․․․ ձեւական մի անուն է լինելու քարտեզի վրա ու վերջ։ Ազգային ժողովում մի մարդ` գեներալ, ասում է՝ ղարաբաղցիք հյուր են, թող հյուրի նման պահեն։ Այդ տարանջատումները... ես իրեն չեմ մեղադրում։ Նախրչի Գագոն ո՞վ է։ Այսօր մենակ Նիկոլի խնդիրը չէ։ Այդ նախրչին դարձել է գեներալ-գնդապետ՝ իմ ժամանակաշրջանում, իրեն Նիկոլը չի տվել գեներալ-գնդապետի կոչում, տվել են նախկինները։ Ու այդ մարդիկ են ուրացող, եթե մի ազգի գեներալիտետն այդ անասուններն են, այդ ազգի ապագան ի՞նչ պիտի լինի։ Եթե գենշտաբում կամ կենտրոնական շտաբում մի մարդ, որ բարձրանում ու պատիվ է տալիս Պապիկյան Սուրոյին, այդ ազգից էլ ի՞նչ ես սպասում։ Ես վատ բան եմ մտածում․ Աստված չանի՝ քաոս լինի, միակ ելքը՝ որ վերեւից ներքեւ պիտի բոլորը խստագույնս պատժվեն։ Նիկոլը արդյունքն է, մենք չգիտե՞նք, որ ընդդիմադիր նախկին նախագահներից մեկը մեկ օրվա մեջ 100 հազար մարդ էլ կհանի փողոց, բայց չի անում, որովհետեւ պետք չէ։ Իմ միակ սխալն այն էր, որ իմ նման տղերքը, որ պատերազմել են, երկիր են ազատագրել, եկել են, հասել են երկիր, կառավարություն ստեղծելուն, մենք ասել ենք՝ չենք ուզում, մենք գնացինք՝ դուք ստեղծեք։ Չպիտի տայինք, որ դրանց նմաններն այսօր ընդդիմություն, դիմություն, կառավարություն չխաղային։ Ես չեմ հասկանում՝ եթե մի մարդ 6 տարի չի կարողանում Նիկոլ հեռացնի, ի՞նչ սահմանադրության մասին են խոսում։ Վաղը թուրքի հետ սահմանադրությունո՞վ են խոսելու։ Թուրք ասկյարը որ էգուց մտավ Երեւան՝ սահմանադրությունո՞վ են խոսելու, թե՞ դատարանով։ Մարդիկ ասում են՝ հետ ենք բերելու Արցախը․ ախր, դուք ձեզ չեք կարողանում հետ բերեք՝ ումո՞վ եք հետ բերելու։ Եթե Հայաստանին բերեն, աշխարհի ամենաուժեղ զենք-զինամթերքն էլ տան, միեւնույն է՝ Հայաստանը հանձնվելու է մինչեւ վերջ։
- Ինչո՞ւ։
- Որովհետեւ կառավարությունն էլ, ընդդիմությունն էլ մտածում են միայն իրենց անձնական ունեցվածքները պահելու մասին։ Այս մարդիկ երբեք չեն գնա Նիկոլի դեմ, որովհետեւ գիտեն, որ 5 րոպեում իրենց ունեցվածքը կխլեն։ Բայց չեն գիտակցում, որ իրենց ունեցվածքը Մեմեդն ու Պետյան գալու են, ձեռքից վերցնեն։ Նույնը եղավ Ղարաբաղում, հիմա ո՞ւր է Արայիկը, ո՞ւր է իր ունեցվածքը։ Այ, դա չեն գիտակցում, ոչ ոք չի գիտակցում, որ թուրքը վաղը եկավ, իր ունեցվածքը ո՛չ սահմանադրությունով է պահելու, ո՛չ դատարանով, ո՛չ դատախազությունով։ Մեր պատմությունը ո՞նց է եղել, ես հիշում եմ` հարուստների կանայք, նույնիսկ այդպիսի ֆիլմեր կային, իրենց զարդեղենը վաճառում էին՝ զորքին տալիս։ Բայց այս մարդիկ՝ ընդհակառակը, զորքին նվաստացրել, զորքին բռակ արտադրանք ուտելու, սպառելու տեղ են սարքել։ Այս կառավարությունը Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը համարում է հաղթանակ, գուցե դա իրենց հաղթանակն է` որպես թուրք, բայց հայը չի կարող դա հաղթանակ ճանաչել։ Այս ազգին այնպես են պառակտել, որ եթե պատերազմ սկսվի, ասելու են` թող նիկոլականը գնա, թող սերժականը գնա, թող քոչարյանականը գնա, թող լեւոնականը գնա… ազգին սարքել են պատճառներ փնտրող ու գտնող մարդիկ։ Վերածել են մի տեսակի, երբ գան, տան մեջ տանտիրոջ կնոջը բռնաբարեն, ասի` սպասեմ, հարեւան Պետյան գա, պատժի։ Ու այս իրավիճակում, եթե աշխարհի ամենահզոր զենքերն էլ Հայաստանն ունենա, զենքն ինքնուրույն չի կռվում, զենքը միջոց է՝ կռվողը ես եմ ու մյուսները։ Իսկ ինչ-որ մեկը հարց տալի՞ս է ինձ՝ պատրա՞ստ եմ ես հանուն սրանց իշխանության նորից գնամ մեռնելու։ Արդյո՞ք հանուն սրանց կալվածատերերի, փողատերերի... գնամ մեռնեմ, որ սրանք վայելե՞ն։ Թող թուրքը գա` Գռզոն մտածի, թե թուրքից ոնց է իր ունեցվածքը փրկելու, Լֆիկը թող մտածի՝ իր ունեցվածքը ոնց է փրկելու։ Ես մի կյանք ունեմ՝ թուրքի գալու ժամանակ գիտեմ ոնց օգտագործեմ։ Ինչի՞ պիտի ես ու իմ նմանները սահմանում մեռնեն, ու մեզ այսօր կանգնեն ասեն՝ ախպեր, դուք իրավունք չունեք ապրեք, ազատական երկիր է, ով փող ունի, նա ճիշտ է։ Զենքը չի հարց լուծում, հարցը լուծում է երկրի զինվորը, հոգեբանությունը, դուխը, գաղափարը։ Այն էրեխեքը, որ զոհվել են սահմանին, սահմանադրականով չեն մեռել։ Մարդիկ 6 տարի փնտրում են՝ իմպիչմենթով Նիկոլին հեռացնեն։ Զինվորը որ զոհվել է, իմպիչմենթով չի զոհվել… Այս երկրի բնույթը սա է, դրա համար այս երկիրը պիտի մաքրվի՝ անկախ ամեն ինչից, հին, նոր, թափթազա․․․ միջանցքը, ասում է, հնարավոր է տանք պահնորդական կազմակերպության։ Պահնորդական կազմակերպությունից ո՞վ է պատասխան ուզելու, վաղը վերցրեց, այդ սահմանները թողեց այլազգիին, թողեց գնաց՝ ի՞նչ եք ասելու։ Ձե՞ռ եք առնում։
- Կարդարանան, թե` մենք չգիտեինք, որ այդպես կլինի։
- Այսի՞նքն։ Եթե պետություն ես, բա բանակդ ո՞ւր է, որ խալխի պահակային ծառայությունն ես բերում երկրի ներսում, կամ՝ եթե խալխի պահակային ծառայությունն է գալիս քո երկրի սահմանները պահելու, դու էլ ի՞նչ ինքնիշխան։ Ու դու դեռ պիտի վարձես դրանց, հասկանո՞ւմ եք, թե ուր ենք հասել։ Դու դեռ պիտի հարկ տաս, որ ինչ-որ մեկը գա այստեղ կանգնի, Դուք հասկանո՞ւմ եք սրա հետեւանքները․․․ Մարդիկ ծրագրված իրենց ծրագրերն առաջ են տանում, սրանք շարունակում են ազգին ստորացնել, էշի տեղ դնել։ Ինքնաոչնչացվում ենք, ի՞նչ Հայաստան, քարտեզում Վատիկանից հետո լինելու է Երեւան քաղաք-պետություն, քաղաքապետն էլ լինելու է Նիկոլն ու վերջ։ Այն երկիրը, որը բանակ չունի, երկիր չէ, պետություն չէ, թող լոլո չկարդան։ Եթե երկրի քաղաքացին անվտանգություն չունի, չգիտի՝ տուն կվերադառնա, թե ոչ, ի՞նչ պետության մասին է խոսքը։