Քաղաքականություն

Միֆերի երկիր Հայաստանս

Միֆերի երկիր Հայաստանս

«Թքած ունեմ պարետի էլ, մարետի էլ որոշման վրա: Դիմակ չեմ կրելու, մարետի որոշումը չեմ կատարելու»: Մեջբերման ավարտ: Հեղինակային իրավունքը՝ Պավլիկ Մանուկյանի: Ահա այսպիսի երկրում ենք ապրում: Որտեղ ղարաբաղյան պատերազմին մասնակցությունը մարդուն «իրավունք է տալիս» ապրիլյան քառօրյայից հետո ներխուժել ՊՊԾ գունդ, սպանել ոստիկանների, բժիշկներին պատանդ վերցնել եւ հայտարարել, որ «կանխում է հողերի հանձնումը»: Հետո ողջունել թավշյա հեղափոխությունը, թեեւ մինչ այդ կոչ էր անում «Նիկոլին նետել աղբամանը»: Հետո կալանքից ազատ արձակվել: Հետո օստրակիզմի ենթարկել դատարանին: Հետո հրաժարվել «ապստամբ» ընկերներից: Հետո քննադատել հեղափոխությունը: Հետո ծաղրել պարետի որոշումը եւ «լավագույն օրինակ» քարոզել՝ դիմակ չկրել, չկատարել կառավարության ցուցումները:

Որովհետեւ «ես լա՜վ տղա եմ, կռվա՜ծ տղա եմ»: Հետո դառնալ որոշ լրատվամիջոցների սիրելին եւ եթերում փաստացի քաղաքացիական անհնազանդության կոչեր անել: Որպեսզի ոստիկանությունը ստիպված բերման ենթարկի իրեն: Իսկ դրանից մինչեւ «խղճի կալանավոր»՝ արդեն կես քայլ է: Կհայտնվեն իրավապաշտպաններ, փաստաբանների մի բանակ կզորակոչվի եւ իշխանության քայլերը կորակվեն «ոչ համաչափ»: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի չգիտեմ որ հոդվածի որ մասի որ ենթակետին հակասող: Հետո կդիմեն ՄԻԵԴ՝ Մանուկյանն ընդդեմ Հայաստանի կառավարության: Կորոնավիրուսի դեմ թող պայքարի առողջապահության նախարարը: Կարեւորը մարդու անօտարելի իրավունքներն են: Ի՞նչ փույթ, որ դիմակ չկրելով՝ Պավլիկ Մանուկյանը խախտում է այլոց առողջության եւ ապահովության՝ Աստծուց գրված իրավունքը: Դուք ուզում եք օրինականության երկի՞ր: Ուրեմն ենթարկվեք Պավլիկ Մանուկյանին: Նա գիտի՝ ինչպես դա անել: Ով իր մոտեցումները չի կիսում, համարում է, որ ՊՊԾ գնդի գրավումն ապստամբություն չէր, այլ՝ ահաբեկչություն, պետք է անհապաղ հայտնվի բանտում: Նմանների տեղը նույնիսկ ոչ թե օրինավոր կալանատեղին, այլ՝ Սարդարի ժամանակների զնդաններն են, պատիժը՝ «խոնջան կնքելը»: Եթե չգիտեք՝ դա ինչ է, կարդացեք ազգային գրականության հսկա Րաֆֆուն, որ հաճույքով նկարագրում է, թե պարսկական խավարի երկրում ինչպես էին խաներն ինքնադատաստան տեսնում մեղավորների նկատմամբ. գոտիներին երկաթե  կողպեք էին դնում եւ թողնում, որ սեփական կեղտի մեջ դանդաղ մեռնեն: Ահա՝ միակ «օրինականությունը»: Թե չէ նախկին ռեժիմից մնացած դատարանն ի՞նչ իրավունքով է քննում «ժողովրդական ապստամբերի» գործը: Ո՞ր իրավունքով են «փորփրում»՝ ո՞վ է կրակել ոստիկանի վրա: Այդ  ռեժիմն է  սպանել, որպեսզի ապստամբների վրա բարդի նրանց արյան  պատասխանտվությունը: Եւ առհասարակ, ո՞ր իրավունքով են դատում ղարաբաղյան պատերազմ անցած հերոսներին:

Նրանք սուրբ են, կասկածից դուրս՝ ինչպես հռոմեական օրենքով՝ կայսեր կինը… Ո՞վ եւ ե՞րբ է ստեղծել միֆը, որ պատերազմ անցածներն օրենքից վեր են: Երբ 2015-ի հունվարին պատերազմ անցածների մի խումբը Բերձորում դեմ-հանդիման հանդիպեց մյուսին, եւ եղավ այն, ինչ տեսանք, մամուլն աղմկեց: Ոմանք մինչեւ հիմա պահանջում են օրենքի ողջ խստությամբ պատժել «ղարաբաղյան կլանի գրոհայիններին»: Իրականում երկուսն էլ իրենց օրենքից վեր էին դասել: Մեկը համոզված էր, որ պատերազմին մասնակցությունն իրավունք է, որպեսզի ղարաբաղցիներին հայրենասիրության դասեր տա, մյուսը՝ որ կարող է բռունցքի եւ մահակի զորությամբ ապացուցել, որ պակաս «գիժ» չէ: Արդյունքում երկուսն էլ հեղինակազրկվեցին եւ երկրի վարկը ոտքի տակ տվեցին: Հավասար անհանդուրժողականությամբ եւ մեծամտությամբ: Ճիշտ՝ ինչպես Պավիլ Մանուկյանն է այսօր երկրի փոխվարչապետին անվանում «մարետ»: Ճիշտ՝ ինչպես հայտնի չէ՝ որտեղ, ում կողմից «բլատնոյ» երգ են հորինել. «Թույլ չի տալիս պարետը, որ ինձ սիրի Մարետը/Հանեմ ձեռքիս ձեռնոցը, մտնեմ իմ յարի ծոցը»: Բա՞, մենք բացառիկ ազգ ենք: Մեզ ի՞նչ պիտի անի կորոնավիրուսը: Մենք Նոյան տապանի սերունդ ենք: Աշխարհին Տիգրան Մեծ եւ Կարմիր Վարդան ենք տվել: Մենք Սարդարապատում թուրքի՜ն ենք հաղթել, եւ մեր երեկվա զորավարի մի խեթ հայացքը հերիք է, որ «թուրքը տակը լցնի»: Ահա կգան, կմիավորվեն բոլոր կռված տղերքը, կերգեն «Կարմիր կակաչները ներկել են դաշտերը/Ասես սարերից արյուն է հոսում» եւ կհռչակեն Կուր-արաքսյան հանրապետություն ու Միացյալ Հայաստան, որտեղ չի լինի ոչ տեր, ոչ ստրուկ: Մի տեսակ՝ պավլիկա-դեդական կոմունիզմ, եւ կորոնավիրուսը կչքվի մեր երկրից: («Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տես / Անհետ չքվել է չար մշուշի պես»): Բայց լուրջ՝ մի՞թե մենք իրոք այս միֆակուր ժողովուրդն ենք: Որ Վրաստանից շնչառական սարքեր ենք օգնություն ստանում եւ ծաղրում «տուտուց,»վրացիներին…Իսկ կորոնավիրուսն ամեն օր մարդկային կյանքեր է խժռում: Ուրեմն եկեք բոլորով բարձրանանք Ապարանի պավլիկյան հովանոցները, որտեղ վարակը հաստատ չի հասնի:  Որտեղ հուլիսին չեն շոգում: Նույնիսկ խաշ կարելի է ուտել, եւ հերվա ծիրանի արաղ էլ կգտնվի: Իսկ երեկ «միսը հում ուտող» ժողովուրդներն ինչ-որ անհայտ, աշխարհին ոչինչ չտված երկրներում, պարզվում է, կարգ խախտողներին մահակածեծ անելով՝ հաղթահարում են կորոնավիրուսը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image