Հասարակություն

«Հրապարակ»․ Մայիսին արձանագրվել է աղիքային վարակի 795 դեպք` անցած տարվանից պակաս

«Հրապարակ»․ Մայիսին արձանագրվել է աղիքային վարակի 795 դեպք` անցած տարվանից պակաս

Վերջին շրջանում Հայաստանում աղիքային վարակների եւ այլ վիրուսային հիվանդությունների կտրուկ աճ է նկատվում: Հիվանդների քանակը մեր շուրջն աճում է: Մարդիկ անբացատրելի ջերմում են, դիարեա, ականջի բորբոքումներ, մեջքի եւ այլ օրգանների ցավեր, քրոնիկ հիվանդությունների սրացումներ: Որոշ բժիշկներ սա բացատրում են նյարդային խնդիրներով, ջրի վտանգավոր բաղադրությամբ, տարբեր չբացահայտված վարակների տարածումով, վատ սննդով ու էկոլոգիայով:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ Հայաստանում աղիքային վարակների ակտիվացումը սեզոնային գործոնով է պայմանավորված։ Դիզենտերիան, ինչպես բոլոր աղիքային հիվանդությունները, տարվա տաք սեզոնին ակտիվանում է։ Ներկայում Հայաստանում, սեզոնին համապատասխան, աղիքային վարակներն ունեն աճի միտում, սակայն եթե համեմատենք նախորդ տարվա այս շրջանի հետ, կարող ենք փաստել, որ աղիքային վարակով հոսպիտալացված քաղաքացիների թիվը նվազել է: Բայց աղիքային վարակների սեզոնային ակտիվության հետ կապված՝ բնակիչները մտահոգություն են հայտնում, թե վարակը հնարավոր է պայմանավորված լինի ոչ որակյալ ջրի օգտագործմամբ, իսկ մասնագետները կասկածներ ունեն, որ ստորգետնյա կոմունիկացիաներն այնքան վատ վիճակում են, որ խմելու ջրի եւ կոյուղաջրերի խառնվելու հավանականությունը մեծ է:

Մեր զրուցակիցը պնդում է, որ այս մտահոգություններն անհիմն են, այդ են փաստում նաեւ լաբորատոր հետազոտությունների արդյունքները: Ասում է, որ բնակչությանը մատակարարվող խմելու ջրի որակի եւ անվտանգության նկատմամբ մշտապես իրականացվում է դիտարկում, որի արդյունքում Երեւանում հունիս ամսվա ընթացքում հետազոտված խմելու ջրի լաբորատոր նմուշներում որեւէ շեղում չի արձանագրվել։ Խմելու ջրի որակի նկատմամբ ամենօրյա հսկողություն է իրականացվում նաեւ ջրամատակարար ընկերության կողմից: ՀՀ-ում դիտվող աղիքային վարակների դեպքերի աճը պայմանավորված է սննդային գործոնով` հիվանդության հարուցիչով աղտոտված սնունդ, հիվանդության հարուցիչներ կրող անձի կողմից սննդի պատրաստում, ոչ պատշաճ պայմաններում պատրաստված, պահված սնունդ, աղտոտված սպասք եւ այլն։

«Հայաստանում կա աղիքային վարակիչ հիվանդությունների եւ սննդային թունավորումների համաճարակաբանական դիտարկման համակարգ, որի շրջանակներում ամենօրյա կտրվածքով հավաքագրում ենք դեպքերի քանակը, վերլուծում ենք ըստ տարիքի եւ սեռի, նաեւ՝ բնակության վայրի առումով: Այդ համակարգը մեզ հնարավորություն է տալիս շատ արագ արձանագրել բռնկման դեպքերը, եթե այդպիսիք կան, այս պահի դրությամբ աղիքային վարակիչ հիվանդությունների առումով իրավիճակը լարված չէ, հաշվի առնելով, որ այժմ նմանաբնույթ վարակների սեզոնն է` պայմանավորված շոգ եղանակային պայմաններով: Մարդկանց մոտ տարբեր պատճառներով կարող են տարբեր աղիքային վարակներ առաջանալ: Ինչ վերաբերում է ջրից առաջացող աղիքային վարակներին, ապա պետք է նշեմ, որ սննդային վարակների դեպքում մենք ունենում ենք լոկալ` մի քանի անձանց ներգրավվածություն, սակայն ջրայինն այս առումով խիստ տարբերվում է, ջրից առաջացած վարակների դեպքում ունենում ենք բազմաթիվ դեպքեր, եթե այս պահին ջրի հետ կապված խնդիր լիներ, հիվանդանոցներում տեղ ու դադար չէր լինի, իսկ մենք այն կառույցն ենք, որն առաջինն այդ մասին կիմանար: Ջուրը ենթարկվում է մոնիթորինգի` ողջ հանրապետությունում: Մեր կառույցը եւս իրականացնում է նման մոնիթորինգ, եւ պետք է ասեմ, որ նման խնդիր այս պահին չունենք: Երբ ամառը գալիս է, սկսվում են քաղաքից դուրս հավաքույթները, եւ շատ հաճախ նման դեպքերում էլ աղիքային հիվանդություններ են առաջ գալիս: Սնունդը պահում են մեքենաների մեջ, կան արագ փչացող սննդատեսակներ, որոնք անմիջապես աղիքային լուրջ խնդիրներ են առաջացնում: Առեւտրի կենտրոններում եւս կան խնդիրներ: Կրեմային հրուշակեղենները երբեմն պահվում են ոչ սառնարանային պայմաններում, ինչի արդյունքում ունենում ենք խնդիրներ: Ամռանը մարդիկ նաեւ շատ են օգտագործում տարատեսակ մրգեր եւ բանջարեղեններ: Դրանք լավ չլվանալու դեպքում կարող են աղիքային վարակների հանգեցնել: Տարիների փորձը ցույց է տվել, որ աղիքային վարակների սեզոնն ամռանն է: Մայիս ամսվա ընթացքում արձանագրվել է 795 դեպք, ինչը նախորդ տարվա այդ ժամանակահատվածի համեմատ քիչ է 1,3 անգամ»,- նշում է Ռոմելա Աբովյանը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image