Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը վերադարձվել է իր նախկին տեղը 

Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը վերադարձվել է իր նախկին տեղը 

«Մեծ աղմուկից հետո Արցախյան պատերազմի սիմվոլ, հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը վերադարձվել է իր նախկին տեղը»,- «Հրապարակի» հետ զրույցում քիչ առաջ հայտնեց Ալբերտի հայրը` Արտակ Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ վահանակը հանելու մասին ահազանգել էր հայրը: 

Արտակ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ցուցանակը հանված է եղել դեռ սեպտեմբեր ամսից: «Թյուրիմացություն է տեղի ունեցել, իրավիճակին չեն տիրապետել, չեն իմացել, որ դա անվանակոչված բաժանմունք է, այդ է պատճառը, որ ցուցանակը հանել են։ Տնօրենն ինձնից 2 ամիս խնդրեց, որպեսզի բաժանմունքն ամբողջ կազմով երկրորդ հարկից հետ վերադառնա չորրորդ հարկ, քանի որ այս հարկը մեզ համար խորհուրդ ունի»,–ասաց նա։

Ի՞նչ խորհուրդ է դա` հետաքրքրվեցինք մենք: «Այնտեղ 200 և ավելի զինվոր է եղել», ասաց զոհվածի հայրը` հավելելով, որ վերանորոգման արդյունքում է բաժանմունքը տեղափոխվել, այն ավարտվելուն պես հետ են գնալու:

Բայց տպավորություն է, թե վահանակը հանվել է, որովհետև հրահանգ է իջեցվել և միայն աղմուկի շնորհիվ ԲԿ-ն այն վերականգնեց, Հովհաննիսյանը նշեց. «Ես չեմ կարող նման պնդում անել, չունեմ հիմք նման բան ասելու, անձամբ տնօրենից պարզաբանում եմ ստացել, կսպասենք երկու ամիս, կտեսնենք փոփոխություն լինում է, թե չի լինում, այդ ժամանակ ավելի հստակ գնահատականներ կտամ», - նշեց նա: Արտակ Հովհաննիսյանն ընդգծեց, որ ոչ մի պատճառ չունի տնօրենին չհավատալու կամ նրա վրա ցեխ շպրտելու։ 

Ալբերտի մայրն էլ` Մանիկ Աճեմյանը նշեց, որ 2021 թվականին բաժանմունքը վերանորոգվել է, քանի որ եղել է Ալբերտ Հովհաննիսյանի անունով, և այս բաժանմունքում բազմաթիվ զինծառայողներ են բուժվել։ «Մեզ տնօրենն ասաց` եթե կցանկանաք, թող ցուցանակը լինի 4–րդ հարկում` իր նախկին տեղում, իսկ պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության բաժանմունքը` այլ հարկում։ Մենք չհամաձայնեցինք, ասացինք, որ կա՛մ ցուցանակը կտանենք մեզ հետ, կա՛մ բաժանմունքը կվերադարձվի երկրորդ հարկ։ Մեզ խոստացան 2 ամիս հետո բաժանմունքն ամբողջ կազմով վերադարձնել 4-րդ հարկ»,–ասաց մայրը։ 

Նշենք, որ այժմ «Երևան» բժշկագիտական կենտրոնի 4–րդ հարկում գործում է Գաստրոէնտերոլոգիական և հեպատոլոգիական ծառայությունը։ Իսկ «Երևան» բժշկագիտական կենտրոնի պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության բաժանմունքը 44-օրյա պատերազմում զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի անունով է անվանակոչվել 2021 թվականին։

Հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, մարտի 4–ին հայտարարել էր, որ այցելել է նշված կենտրոն և անակնկալի եկել` տեսնելով, որ ո՛չ նշված բաժանմունքը կա, ո՛չ որդու անունը կրող ցուցատախտակը։ Աշխատակիցներից փորձել է տեղեկանալ` որտեղ են բաժանմունքն ու ցուցատախտակը, ոմանք ասել են, որ բաժանմունքը տեղափոխվել է, ոմանք զարմացել են, որ այնտեղ վահանակ չի եղել, այնինչ պատի վրա հստակ երևացել են վահանակի հետքերը։ Դրանից հետո միայն հայրը գրառում էր արել սոցցանցերում եւ մարդիկ սկսել էին քննարկել կատարվածը: