ԶՊՄԿ-ի բաժնեմասը գնել է իրավաբանական լուրջ կազմակերպություն․ կառավարության փայը վտանգված է

ԶՊՄԿ-ի բաժնեմասը գնել է իրավաբանական լուրջ կազմակերպություն․ կառավարության փայը վտանգված է

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսի՝ Ռոման Տրոցենկոյի կողմից ձեռքբերման հետ կապված վեճը շարունակվում է։ Հիշեցնենք, որ բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր «Զանգեզուր մայնինգ» ընկերությունը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ կոմբինատի՝ Տրոցենկոյի կողմից 60 տոկոսի գնումն անվավեր ճանաչելու պահանջով, քանի որ «Զանգեզուր մայնինգ»-ը, լինելով բաժնետեր, առաջնային իրավունք է ունեցել մյուս բաժնեմասերը ձեռբերելու հետ կապված։

«Զանգեզուր մայնինգի» 12.5 տոկոս բաժնեմասի սեփականատերը Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն էր: Մոտ մեկ ամիս առաջ` հոկտեմբերին հայտնի դարձավ, որ վերջինս իր բաժնեմասերը վաճառել է Bell Capital Switzerland ընկերությանը, որի սեփականատերերն են Իտալիայի քաղաքացի Իգնասիո Գուայան և Շվեյցարիայի քաղաքացի Կարլոս Բալեստերոս Չերպը։ Այս կազմակերպությունը փաստացի նաև դարձել է «Զանգեզուր մայնինգ»-ի սեփականատեր և դատարանում պատասխանող կողմը մնացել է անփոփոխ, հետևաբար դատական պրոցեսը ևս «գնվել է» այս կազմակերպության կողմից։ 

Bell Capital Switzerland ընկերությունը իրավաբանական կազմակերպություն է, որը միջազգային արբիտրաժային գործերով մեծ փորձառություն ունի, ուստի լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ այս կազմակերպությունը շուտով դիմելու է միջազգային ներդրումային արբիտրաժ՝ հարցին հանգուցալուծում տալու համար։ Հենց այս առ ու վաճառքի գործարքն էլ պատճառ դարձավ, որ ՀՀ իշխանությունը քրեական գործ հարուցեց Արթուր Վանեցյանի եղբոր` Կարեն Վանեցյանի նկատմամբ եւ կալանքի սանկցիա կիրառվեց: Բանն այն է, որ Կարեն Վանեցյանը Միխայիլ Զուրաբովի ընկերն է եւ ՀՀ իրավապահները կարծում են, որ ԶՊՄԿ 12,5 տոկոսի իրական սեփականատերը Կ.Վանեյանն է, այլ ոչ թե Զուրաբովը եւ այդ քրգործն էլ հարուցվել է, որ շվեյցարական ընկերությունը հրաժարվի արբիտրաժ դիմելուց:

Հիշեցնենք, որ Ռոման Տրոցենկոն ԶՊՄԿ բաժնեմասերի իր 60 տոկոսից մոտ 25 տոկոսը նվիրել է ՀՀ կառավարությանը, և եթե այս ընկերությունը հաղթի դատական գործընթացում, կստացվի, որ այդ 25 տոկոսի՝ կառավարությանը փոխանցելը եղել է ապօրինի։ 

Մեր հարցին, թե ինչ վիճակում է դատական գործընթացը, Հայաստանյան դատարաններում «Զանգեզուր մայնինգ»-ի շահերը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանն ասաց․ «Մենք դատավարությունները դեռևս շարունակում ենք, մեր մասով որևէ փոփոխություն չկա, ունենք գործեր, որոնք վերջացել են և որոնցով պարտվել ենք, ունենք գործեր, որոնք վճռաբեկի փուլում են, ունենք գործեր, որոնք առաջին ատյանում են։ «Զանգեզուր մայնինգը» ունի նախապատվության իրավունք, հետևաբար ուրիշ` որևէ 3-րդ անձի վաճառելուց առաջ պետք է «Զանգեզուր մայնինգ»-ին առաջարկեին, իսկ «Զանգեզուր մայնինգը» ցանկանում է գնել։ «Զանգեզուր մայնինգ»-ի նպատակն այս պրոցեսում այն է, որ այն նույն պայմաններով, ինչ պայմաններով, որ վաճառվել է մյուս ընկերություններին, պետք է վաճառվի «Զանգեզուր մայնինգին»»,- ասաց Օրբելյանը։