«Հրապարակ». Ժողովրդին ստերով կերակրելով՝ երկիրը կորցնելու ենք

«Հրապարակ». Ժողովրդին ստերով կերակրելով՝ երկիրը կորցնելու ենք

«Հրապարակի» հարցերին պատասխանում է «Արաբո» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Մանվել Եղիազարյանը:

- Երեկ թշնամին Տեղ գյուղի ուղղությամբ կրակում էր: Կրակոցներ են հնչել նաեւ Գեղարքունիքի մարզում: Ունենք զոհեր եւ վիրավորներ: Ձեր կարծիքով` դեռ որքա՞ն է շարունակվելու այս անհասկանալի եւ սարսափազդու իրավիճակը:

- Եթե մի մարդ պատրաստ չէ երկիր ղեկավարել, պաշտպանել ինքն իրեն, ապա այսպես էլ պետք է լինի: Սա հենց դրա արդյունքն է: Երբ իշխանությունը ոչ մի բան չի անում երկրի դիրքերը պաշտպանելու համար, լինում է այսպես եւ շարունակվելու է այսպես: Երկիրը հայտնվել է սարսափելի վիճակում` ապաշնորհ քաղաքականության արդյունքում:

- Առաջիկայում լայնածավալ ռազմական գործողություններ հնարավոր համարո՞ւմ եք:

- Այո, իհարկե: Աշխարհը չի մարսում Ուկրաինայի պրոբլեմները: Այնպես որ, ամեն ինչ հնարավոր է: Պետք է մենք լինենք մեր պաշտպանը, եթե մենք մեզ չենք պաշտպանում, ոչ մեկը չի պաշտպանելու: Մեզ հակառակորդը սպանում է, որովհետեւ մենք հանձնվել ենք նույն այդ հակառակորդին: Թուրքն ինչ ուզում, անում ա:

- Իսկ եթե իշխանությունները «խաղաղասիրաբար» են տրամադրված, որոշել են ամեն գնով առաջ մղել խաղաղության օրակարգը եւ հայտարարում են այդ մասին, ի՞նչ սպասել այս դեպքում:

- Եթե այսպես շարունակվի, անընդհատ կտցահարելու են…. ի՞նչ խաղաղություն են ուզում: Եթե Ադրբեջանն ասում ա՝ քեզ սատկացնելու եմ շան նման, դու ի՞նչ խաղաղություն ես ուզում: Սա մուրալ է, ուզել չէ: Սրա-նրա վրա մեղքը բարդելով, հողերը հանձնելով հարց չի լուծվում, այդպես Հայաստան չի մնա: Զանգեզուրն էլ կտանք, էս տեմպերով եթե շարժվենք, ամեն ինչ էլ կտանք: Մի օր էլ Հրազդանն ենք տալու, որ Երեւանն էլ տանք…. Մի խոսքով` ժողովրդին էսպես ստեր կերակրելով՝ երկիրը կորցնելու ենք ամբողջությամբ: Իրենք, հավանաբար, արդեն պայմանավորվածություն ունեն, հակառակ դեպքում ի՞նչ մի դժվար բան է մոբիլիզացիա հայտարարելը: Ամեն մարդ արդեն պետք ա մտածի իր կնոջն ու երեխաներին պաշտպանելու մասին:

- Երկրապահ կամավորականների միությունն ինչո՞ւ է լռում այս օրերին: Սասուն Միքայելյանի՞ց են վախենում:

- Ես շատ վաղուց՝ դեռ 2020 թվականի պատերազմից առաջ եմ ԵԿՄ-ից դուրս եկել: Ես կարող եմ ասել, որ այդ կառույցը չեն ուզում զարգացնել, չեն ուզում առաջ տանել, եւ ես դա հասկանալով՝ թողեցի ԵԿՄ-ն: Այսօր ԵԿՄ չկա, գոյություն չունի: Ի՞նչ ԵԿՄ: Անցավ գնաց ամեն ինչ: Սրանց ո՛չ ԵԿՄ է պետք, ո՛չ էլ Հայաստանի պաշտպանությունը:

- Օրեր առաջ Աննա Հակոբյանն ասում էր, որ Հայաստանում կա ավելի քան 11 հազար դասալիք: Ձեր կարծիքով՝ մենք այդքան դասալիքնե՞ր ենք ունեցել։

- 11 հազար դասալի՞ք կա: Չեմ հասկանում՝ ինչի մասին ա խոսքը: Ես կարող եմ միայն մի բան ասել․ եթե ղեկավարություն չկա, ամեն ինչ էլ հնարավոր է: