Կինը կազմակերպել է ամուսնու սպանությունը

Կինը կազմակերպել է ամուսնու սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեն այսօր մի արտառոց դեպքի մասին հաղորդեց։ Կինը` ամուսնու աշխատողների հետ կազմակերպել է նրա սպանությունը, ապա հաղորդում է տվել, թե ամուսինն անհետ կորել է։ Շաբաթներ անց հայտնաբերվել է սպանվածի դին՝ Ջրվեժի գերեզմանատան ճամփեզրի ձորում։ Սպանվածը Ավանի բնակիչ 36-ամյա Ի.Սիմոնյանն է, որը պահեստ էր աշխատացնում, իսկ մարդասպանները, որոնք անհետ կորելու իմիտացիա են ստեղծել, ըստ ՔԿ-ի, այդ պահեստում աշխատող երկու` 25 և 36 տարեկան տղամարդ են։ Նրանցից մեկը «անձնական հարցի շուրջ» Ի.Սիմոնյանի նկատմամբ ունեցել է «անբարյացկամ» վերաբերմունք։ Հավանաբար, նաև աչք` նրա կնոջ վրա։

Ստացվում է` ում հանդեպ անբարյացկամ վերաբերմունք ունենա, պետք է սպանի՞: ՔԿ խոսնակը մեզ պատասխանեց, որ ներընտանեկան լուրջ խնդիրներ են եղել, ՔԿ-ն չի կարող այդպիսի տվյալներ հրապարակել։ Այդ երկուսը Սիմոնյանի մեքենայով գնացել են Գեղադիր գյուղի մոտի սարը, գարեջուր խմելու։ Ի.Սիմոնյանի գարեջրի մեջ քնաբեր են լցրել, ապա քարով խփել են գլխին, սպանել, իսկ դիակը գցել ձորը։ Այս պատմության գլխավոր հերոսուհին՝ Սիմոնյանի տիկինը, դեպքի վայր է գնացել, ներարկիչը փնտրելու ու չի գտել։ Փորձել են որպես անհետ կորած ներկայացնել սպանվածին, հետքերը խճճել:

Հետարքիր է, որ կինը չի կալանավորվել` ստորագրությամբ բաց են թողել։ Տղամարդիկ կալանքի տակ են։ Մենք պարզեցինք, որ ինչ-որ երրորդ անձինք են հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, գործող անձանց ձերբակալել են և ինքնախոստովանական ցուցմունքներ տվել, նշելով դիակի տեղը։