«Հրապարակ». Հիվանդանոցներում տեղ չկա, դպրոցներում խայտառակ վիճակ է

Սուր շնչառական վարակներն աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբն են, որոնց հարուցիչները հիմնականում վիրուսներն են՝ ներառյալ գրիպի, ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսը, ադենովիրուսը, բոկավիրուսը եւ այլ վիրուսային հարուցիչներ։ Այդ վարակները կարող են ընթանալ ծանր եւ առաջացնել բարդություններ, ինչպիսիք են թոքաբորբը, բրոնխիտը, ականջաբորբը եւ այլն։ Բարդությունների զարգացման համար առավել խոցելի խումբ են երեխաները, հատկապես կյանքի առաջին տարիների ընթացքում, տարեցները եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք: Հայաստանում վիրուսները նկատելի են հատկապես տարվա այս շրջանում` հունվար-փետրվար ամիսներին, ինչպես նաեւ՝ գարնանը: Վերջին շրջանում մենք մեծ դժգոհություններ ենք լսում մեր ընթերցողներից, որ դպրոցներում խայտառակ համաճարակային իրավիճակ է, սակայն որեւէ քայլ չի արվում, դեռ մի բան էլ երեխաների բացակաները չեն համարվում հարգելի, անգամ երբ բժշկի տեղեկանք են տանում դպրոց: Ինչո՞ւ է համաճարակային իրավիճակն այս տարի առավել տեսանելի ու տարածված, ո՞րն է պատճառը, ի՞նչ քայլեր պետք է անի պետությունը` առողջապահության եւ կրթության նախարարությունները, որոնք չեն արվում։ Այս եւ այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանի հետ:
- Ամեն տարի` այս շրջանում սեզոնային վիրուսներ են լինում, սակայն այս տարի համաճարակային վիճակը մեծ թափ է հավաքել, քաոտիկ վիճակ է, մարդիկ դժգոհում են, որ ոչինչ չի արվում նախարարության կողմից` կանխարգելելու առումով:
- Այո, սեզոնային վիրուսներ ամեն տարի էլ լինում են, պարբերաբար շրջանառվում են վիրուսների նույն տեսակները, չենք կարող ասել, որ այսօր առկա է վիրուսի մի այնպիսի տեսակ, որը չեն կարող կանխարգելել: Խնդիրն այն է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը, ի դեմս «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոն» ՊՈԱԿ-ի, զբաղված է ներպալատական տարբեր ինտրիգներով, օրինակ` աշխատակիցների են ազատում աշխատանքից, մարզերից ստորաբաժանումներ են որոշում կրճատել, ինչ-որ անհասկանալի քայլեր են անում, ինչի արդյունքում բաց է թողնվում էպիդեմիոլոգիական վերահսկողությունը: Համապատասխան պատվաստումների կատարման ցուցանիշները խիստ ընկել են, դպրոցներում էպիդեմիոլոգիական ֆիլտրի կիրառում չի իրականացվում, սենյակներում ջերմաչափումներ չեն արվում, տեսչական մարմինը չունի ռեսուրսներ եւ միայն մեր կողմից բարձրացված խնդիրներից հետո սահմանափակվում է Ֆեյսբուքում մեկ-երկու հայտարարություն տեղադրելով: Բայց այդ ամենի արդյունքում ոչ ոք չի շահում, բնակչությունը տուժում է միայն, մարդիկ համատարած հիվանդանում են, հիվանդանոցներում տեղ չկա, դպրոցներում խայտառակ վիճակ է, շատ բացակայությունների համար աշակերտներին դիտողություն են անում, անգամ բժշկի տեղեկանքն ազդեցություն չի ունենում, որպեսզի բացական հարգելի համարվի, երեխաներին թողնելու են վերաքննության` եթե 60 ժամ բացակայություն ունենան: Արդյունքում` ծնողները ստիպված հիվանդ երեխաներին դպրոց են ուղարկում, վարակը տարածում են, առողջ երեխաները եւս հիվանդանում են, հետո նրանք էլ ուսուցիչներին են վարակում, եւ այդպես իրավիճակն օր-օրի դառնում է անվերահսկելի:
- Այժմ ո՞րը պետք է լինի առաջին քայլը՝ իրավիճակը փոխելու համար:
- Պետք է հստակ վերլուծել դպրոցներում երկու-երեք օրերի բացակայությունների թվերը: Պետք է հաշվել հիվանդանոցներում հոսպիտալացվածների թվերը, այս ամենի արդյունքում նախարարությունը պետք է որոշում կայացնի` դպրոցները պետք է գործե՞ն, թե՞ ոչ: Պետք է կտրել էպիդեմիոլոգիական օղակը, պետք է հստակ որոշումներ կայացնել, շուտով արձակուրդը կավարտվի նաեւ բուհերում, ինչը նոր հնարավոր վարակի տարածման ալիք կարող է բարձրացնել: Էլ չենք խոսում պոլիկլինիկաների հերթերի մասին, որոնք առողջ մարդկանց համար խնդիր են դառնում, առողջ մարդը վարակված տուն է գալիս պոլիկլինիկայից: Մասսայական տեղերում նույնպես պետք է կանխարգելիչ պայմաններ պահպանվեն: Հստակ ամենօրյա մոնիթորինգներ են հարկավոր: Ամեն օր, օրը մի քանի անգամ բոլոր բուժհաստատությունները պետք է թիվ փոխանցեն առողջապահության նախարարությանը, խոսքը նաեւ մարզային ստորաբաժանումների մասին է: Բայց փոխանակ նման քայլեր կատարելու, դեռ մի բան էլ մարզերում կրճատումներ են անում, նման ֆունկցիա կատարող կենտրոններ են փակում: Վիրուսներ այս շրջանում միշտ են լինում, ցուրտ շրջան է, ինֆեկցիաների տարածման համար բարենպաստ պայմաններ են ստեղծվում: Դպրոցներում եւ մանկապարտեզներում գազը խնայում են, վատ են ջեռուցում, համապատասխան ջերմաստիճան չեն պահում, հատկապես դպրոցների միջանցքներում շատ ցուրտ է, արդյունքում երեխաները քրտնում են, իսկ վիրուսներն արագորեն տարածվում են:
Կարծիքներ