Մուրադյան Մուշեղին լավ ճանաչում եմ. պատգամավորը՝ «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի թեկնածուին հովանավորելու մասին

Շիրակի մարզում գտնվող գեղատեսիլ ‹‹Արփի լիճ›› ազգային պարկի տնօրենի ընտրության թեժ մրցակցություն է ծավալվել: Մրցույթի առաջին փուլն ավարտվել է, որին 13 թեկնածու է մասնակցել: Ի դեպ, նրանք բոլորն էլ մարզում ճանաչված անձինք են՝ գյուղապետեր, մարզպետարանի աշխատակիցներ: Դեկտեմբերի 18-ին կայացած մրցույթի առաջին փուլը հաղթահարել են 7 թեկնածու: «Արփի լիճ» ազգային պարկի նախկին տնօրեն Պետրոսյան Արան մրցույթի առաջատարն է. նա 100%-ից հավաքել է 99%: Հաջորդ բարձր միավորը «Արփի լիճ» ազգային պարկի գիտության բաժնի պետ Արմեն Իգիթյանինն է՝ 88%: Աշոցքի տարածաշրջանի ԱԱԾ-ի նախկին պետ Հրաչ Գալոյանը 85%-ով առաջատար եռյակում է: Ընդամենը մեկ տոկոսով վերջինին զիջում է Մյասնիկ Մարտիրոսյանը: 81% հավաքած Շիրակի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Մուշեղ Մուրադյանի շուրջ են ծավալվում հիմնական խոսակցությունները:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի իրական թեկնածուն հենց նա է, քանի որ վայելում է Շիրակի նախկին մարզպետ, ներկա ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Կարեն Սարուխանյանի հովանավորությունը:Նա է բարեխոսել թեկնածուի օգտին, եւ սպասվում է,որ հենց այսօր էլ ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նրան կնշանակի «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն: Որքանո՞վ է տեղեկությունը իրական, hraparak.am-ը փորձեց պարզել «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Կարեն Սարուխանյանից: «Ես գործուղման եմ, Ուզբեկստանում եմ գտնվում, բայց կարճ կասեմ, որ որևէ մեկին ես չեմ հովանավորում: Ես դրա լիազորություններն էլ չունեմ, և առհասարակ՝ մեր որդեգրած քաղաքականությունում հովանավորչություններ չկան:Մուրադյան Մուշեղին լավ ճանաչում եմ, ինչպես նաև այլ թեկնածուների։ Աշխատել եմ Մուշեղի հետ և լավ հարաբերություններ ունեմ» ,-մեզ հետաքրքրող հարցին պատասխանեց նա:
Ուշագրավ է, որ Մուշեղ Մուրադյանն ու իր հայրը «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում խոշոր ֆերմերային տնտեսություն և վարձակալած տարածքներ ունեն: Ավելացնենք, որ մյուս 2 թեկնածուներն էլ, հաղթահարելով անցողիկ 70%-ի շեմը, նույնպես ճանաչված անձիք են: Խաչատրյան Հմայակը , որը ստացել է 76%, ՋՕԸ-ի նախկին բաժնի պետերից է ։Հարությունյան Վարդանը 70,5%-ով վերջին տեղում է:
Հիշեցնենք, որ ընդամենը շաբաթներ առաջ «Արփի լիճ ազգային պարկ»-ի տնօրենի պաշտոնակատար Գևորգ Ալեքյանին կալանավորեցին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով: Դատախազության փոխանցմամբ՝ Գևորգ Ալեքյանը 2017-19 թվականների ընթացքում ազգային պարկի տարածքում խոտհունձ կազմակերպելու համար չորս հոգուց առերևույթ պահանջել ու որպես կաշառք ստացել է ավելի քան երկու միլիոն դրամի արժողությամբ խոտի հակեր և ավելի քան 500 հազար դրամ:
Կարծիքներ