Վանաձորում մի «լայքի» համար մարզպետը պոլիկլինիկայի բժիշկ ու գլխավոր բժիշկ է ազատում աշխատանքից

Վանաձորում մի «լայքի» համար մարզպետը պոլիկլինիկայի բժիշկ ու գլխավոր բժիշկ է ազատում աշխատանքից

Վանաձորում մի «լայքի» համար պոլիկլինիկայի բժիշկ ու նրա պատճառով նաև գլխավոր բժիշկ են ազատում աշխատանքից։ Եվ սա՝ իշխանությունների ցուցումով։ Մեզ ասացին՝ Վանաձորում մի բլոգեր կա, որը քաղաքի աղտոտվածության հետ կապված տեսանյութեր է նկարում և տարածում համացանցում։ Օրինակ՝ կարող է գետնին թափված աղբ նկատել, նկարել, տեղադրել իր էջում և գրել, որ չի կարելի աղբը գետնին թափել, կամ, ասենք, «աղբի տեղը աղբամանն է»։ Նրա նմանատիպ տեսանյութերից մեկն էլ դարձել է ճակատագրական Վանաձորի պոլիկլինիկայի մի բժշկուհու և տնօրենի համար։ Եվ այդ բլոգերը Ֆեյսբուքի իր էջում մի նկար է տեղադրել, որտեղ երևում է Լոռու մարզպետ, այժմ նաև Վանաձորի քաղաքապետի թեկնածու Արամ Խաչատրյանի նկարով բուկլետը՝ գետնին ընկած, նկարին կից էլ գրել է՝ «աղբի տեղը աղբամանն է»։

Նրա այդ հրապարակմանը հավանություն է տվել՝ «լայք» է դրել Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի բժշկուհիներից մեկը, բայց ոչ թե այն պատճառով, որ մարզպետին է դեմ, այլ երևույթին, որ պետք չէ բուկլետը գցել գետնին։ Նրա այս մի անմեղ «լայքը» դուր չի եկել մարզպետին ու նրա շրջապատին, որոնք հետևում են ամեն մի «լայքին»։ Ուստի կանչել են պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Սյուզաննա Բալայանին և պահանջել աշխատանքից հեռացնել բժշկուհուն։ Գլխավոր բժիշկն էլ զարմացել է, թե տվյալ կինը «հարյուր տարվա» փորձառու բժիշկ է, լավ մասնագետ, ինչո՞ւ պիտի ազատի աշխատանքից։ Հետո խոսել է բժշկուհու հետ, վերջինս էլ բացատրել է, որ այդ իմաստով չի դրել «լայքը» տվյալ հրապարակման տակ, և պատրաստակամություն է հայտնել հանել «լայքն» ու ներողություն խնդրել, որպեսզի թյուրըմբռնում չլինի։ Սակայն դա չի բավարարել մարզպետին ու նրա շրջապատին։

Պոլիկլինիկայի գլխավոր բժշկից պահանջել են՝ ցանկացած գնով աշխատանքից ազատել փորձառու բժշկուհուն, հակառակ պարագայում գլխավոր բժիշկն ինքը պիտի դիմում գրի, հեռանա։ Նա էլ հինգշաբթի օրը դիմումը գրել է։ Հետո, երբ աշխատակիցները համոզել են նրան՝ չազատվել աշխատանքից, դիմումը հետ է վերցնել։ Բայց այսօր առավոտյան պարզել են, որ մարզպետի հրամանով գլխավոր բժիշկն ազատվել է աշխատանքից՝ հղում անելով ինչ-որ օրենքի, որ բաժնետիրական ընկերության ղեկավարին մարզպետը կարող է միանձնյա իր որոշմամբ ազատել աշխատանքից։ Մեզ ասացին, որ այս ամենն իրականացվել է մարզպետի տեղակալի կողմից, քանի որ քարոզարշավով պայմանավորված՝ մարզպետն արձակուրդում է գտնվում։ Սակայն պոլիկլինիկայի աշատակիցները համոզված են, որ ամեն ինչ տեղի է ունենում մարզպետի ցուցումով։ 

Պոլիկլինիկայի բուժանձնակազմն էլ, դեմ լինելով մարզպետի այս անօրինական որոշմանը, այսօր առավոտից բունտ է սկսել պոլիկլինիկայում՝ փակելով բուժհաստատության դռները։ 

Մեզ հետ զրույցում պոլիկլինիկայի բժիշկներից Մարինե Սերոբյանն ասաց՝ ինքն առավոտյան միացել է բունտին, հետո մի պահ մտել է շենք՝ քաղաքացիներին սպասարկելու, քանզի ծանր հիվանդներ ունի։ Իսկ բունտի նպատակն էլ այն է, որ ուզում են պատճառն իմանալ՝ ինչու են իրենց գլխավոր բժշկին ազատել աշխատանքից։ Նա ասաց նաև, որ մարզպետարանից ներկայացուցիչ է եկել, որպեսզի պարզաբանի եղելությունը։ Ավելի ուշ պարզեցինք, որ «լայք» դրած բժշկուհին հենց ինքը՝ Սերոբյանն է եղել, սակայն նա այդ մասին մեզ չասաց, հեռախոսով էլ չէր ցանկանում շատ խոսել։ Մեզ ասացին՝ այս պահին մասամբ հանդարտվել է իրավիճակը, բայց այնպես չէ, թե բունտն ամբողջությամբ մարել է, ասացին՝ վաղն էլ են շարունակելու և պատրաստվում են օրվա մեջ ընդամենը երեք ժամ աշխատել՝ ի նշան բողոքի։