Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ քրեական գործ կհարուցվի, եթե նա հրաժարվի լքել նստավայրը և շարունակի իրեն նախագահ անվանել դեկտեմբերի 29-ից հետո, երբ նոր նախագահի երդմնակալության ուժով կլրանա նրա պաշտոնավարման ժամկետը։ Այս մասին գրում են վրացական լրատվամիջոցները։
Կոբախիձեի խոսքերով, Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի, եթե փորձի նոր խորհրդարանական ընտրություններ նշանակել.
«Վստահ եմ, որ նա ունի բավականաչափ ողջախոհություն, որպեսզի չխախտի Քրեական օրենսգրքի նորմերը... ոչ ոք չի ուզում 72-ամյա կնոջը բանտ ուղարկել, բայց նման գործողություններով նա փորձություն կբերի բոլորի գլխին, որոնք նրա հետ կլինեն նախագահական նստավայրում՝ նման սցենարով:
Կրկնում եմ՝ ես այլ սցենար եմ ենթադրում, կարծում եմ, որ նա դեռ բավարար ողջախոհություն կունենա, որ ինքը չխախտի Քրեական օրենսգիրքը, ոչ էլ ստիպի մեկ ուրիշին խախտել այն նորմերը, որոնք երկար տարիներ ազատազրկում են նախատեսում»։
Կոբախիձեն ասել է, որ շաբաթ օրը կայացած հանրահավաքը ներգրավել է առավելագույնը երեք հազար մարդ, և «մարդիկ այլևս չեն գնում բողոքի ցույցերի»: Նա պնդում է, որ լրատվամիջոցները հին կադրեր են ցուցադրում։
«Ինչպես տեսնում եք, մարդիկ այլևս չեն մասնակցում հավաքներին։ Երեկ նրանք հայտարարեցին լիակատար մոբիլիզացիա, բայց նույնիսկ այդ դեպքում դժվարությամբ հավաքեցին մոտ 3000 մարդ։ Դրանից հետո նրանք սկսեցին կիսվել անցյալ տարվա բողոքի ցույցերից լուսանկարներով։
Մարդիկ այլեւս չեն գնում բողոքի ակցիաների, նրանք չկարողացան սադրել ոստիկաններին, չկարողացան ստեղծել նույն լարված իրավիճակը՝ օգտագործելով բռնություն։ Արմատական ընդդիմությունն ունի ծանր էմոցիոնալ ֆոն, մի տեսակ հիստերիկ վիճակ»,- նշել է Կոբախիձեն։
«Նոր ընտրությունների բոլոր պահանջները զավեշտալի են»,- ասել է վարչապետը։ Նրա խոսքով, ԿԸՀ-ն ընտրությունները ճանաչել է կայացած, հրապարակել արդյունքները: Բացի այդ Սահմանադրական դատարանը հաստատել է ընտրությունների օրինականությունը, իսկ նորընտիր խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարությանը։
Հիշեցնենք, որ Զուրաբիշվիլին ժամեր առաջ ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ գրոհելու են բոլոր ուղղություններով և որ պայքարը նոր թափ է ստանալու: Նա մտադիր չէ լքել նախագահական նստավայրը, ավելին՝ պատրաստակամություն հայտնել հանդիպել իշխող կուսակցության հիմնադիր ղեկավարին՝ Բիձինա Իվանիշվիլիին: Պահանջը միակն է՝ նոր խորհրդրանական ընտրությունների հրատապ նշանակման հարցի քննարկում:
Հիշեցնենք, որ Վրաստանում ազատազրկված է նաև երկրի նախկին նախագահներից, ընդդիմադիր առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին: