Եթե Նիկոլը լիներ ադեկվատ ղեկավար…
Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» առումով գոյություն ունի երկու տեսակետ: Առաջինը թուրք-ադրբեջանականն է, ըստ որի միջանցքը պետք է պատկանի Ադրբեջանին: Որպեսզի ապահովվի անխոչընդոտ տեղաշարժ թե՛ Ադրբեջանի երկու հատվածների և թե՛ Թուրքիայից դեպի միջինասիական թյուրքախոս երկրներ: Երկրորդը հայ-ռուսականն է, ըստ որի գոյությունի չունի ոչ մի միջանցք, դա ՀՀ տարածք է, որով պետք է իրականացվեն հաղորդակցություններ: Բայց հաղորդակցությունների անվտանգության առումով առկա է երկու, առաջին հայացքից, իրարամերժ կարծիք: Ներկայացնենք ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի կարծիքը: Ահա այն. «2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը»:
Ռուսական կարծիքի համաձայն, «Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգությունը պետք է ապահովվի ՌԴ անվտանգային դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ուժերով»: Բայց Փաշինյան Նիկոլի ասելով, «եռակողմ հայտարարության մեջ նման բան չկա գրված: Դա պարզ տեքստ է, հրապարակային, կարելի է բացել և կարդալ: Այնտեղ հակառակը, գրված է, որ ՀՀ-ն է ապահովում, երաշխավորում անվտանգությունը հաղորդակցության»:
Իսկապես, տեսնենք, թե ինչ է ասվում եռակողմ հայտարարությունում. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»:
Որքան էլ զարմանալի հնչի, այս հարցում Փաշինյան Նիկոլը ճիշտ է: Եթե ՀՀ-ն երաշխավորում է հաղորդակցության անվտանգությունը, ապա ոչ մի միջանցքի մասին խոսք լինել չի կարող: Իսկ ռուսական սահմանապահների միջոցով վերահսկողությունն էլ կարող էր իրականացվել այնպես, ինչպես Թուրքիայի և Իրանի հետ սահմանների դեպքում է: Այսինքն, ռուսական կողմին վերապահվելու էր զուտ սահմանային վերահսկողություն: Ու իրարամերժության խնդիր էլ չէր առաջանա: Բայց դրա համար անհրաժեշտ էր, որպեսզի Հայաստանը չթշնամանա Ռուսաստանի հետ: Այլ շարունակի նախորդների փոխլրացման քաղաքականությունը՝ ինչպիսի անվանում էլ տրվեր դրան:
Ինչ մնում է Ադրբեջանին, ապա պատերազմից այս կողմ Իլհամի ախորժակը գնալով աճեց, իսկ Նիկոլը՝ խեղճացավ: Եվ եթե եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո Նիկոլը ոչ թե ոչ ադեկվատ վիճակում վրեժի կոչ աներ իր համախոհներին՝ թաքնվելով ինչ-որ բունկերում, այլ հրաժարական ներկայացներ, ապա այսօր վստահաբար միջանցքի հարց չէր առաջանա: Վերհիշենք, որ միջանցքի հարցը բացվեց այն ժամանակ, երբ Իլհամը որոշեց Լաչինի միջանցքին համահունչ միջանցք ստանալ Սյունիքում: Բայց Արցախը բռնի զավթելուց հետո ցանկացավ զավթել նաև Հայաստանի հարավային մասը՝ դա ներկայացնելով որպես միջանցքի խնդիր:
Եթե Նիկոլը գիտակցեր, որ ռուսական ազդեցության գոտում գտնվող պետությունը հենց այնպես չի կարող ազատագրվել այդ ազդեցությունից, Ռուսաստանի հետ չէր թշնամանա: Հատկապես հաշվի առնելով, որ մեր տարածաշրջանում Արևմուտքի «ներկայացուցիչը» Թուրքիան է, որը ցանկանում է մեր վերացումը կամ էլ, լավագույն դեպքում, 10 հազար քառ/կմ-անոց տարածքում պարփակվելը՝ առանց Իրանի հետ սահմանի: Թե՞ իրեն թվում էր, թե ինքը Սաակաշվիլիից ավելի խելացի է, կամ, ավելի ճիշտ, «շուստրի», ու կկարողանա հասնել նրան, ինչին չկարողացավ հասնել վերջինս:
Մոռանալով, որ Միխեիլի թիկունքին ոչ թե ընդհանրապես Արևմուտքն էր, այլ ԱՄՆ-ը: Բայց դա ոչնչով չօգնեց ո՛չ Վրաստանին՝ երբ տարածքներ էր կորցնում, և ո՛չ էլ անձամբ իրեն: Իսկ Նիկոլի թիկունքին հիմնականում եվրաչինովնիկներն էին, ովքեր այսօր կան՝ վաղը չկան: Որոնք մեծ հաշվով թքած ունեն Հայաստանի վրա՝ նպատակ ունենալով նաև մեր երկրի միջոցով մասնատել կամ գոնե թուլացնել Ռուսաստանի Դաշնությունը:
Այսօր նիկոլականները գոհ ու երջանիկ են, որ նրա կողմից ստորագրվելիք թղթի կտորում միջանցքի հարցը բացակայելու է: Գիտակցելով, որ դա տեղի է ունեցել ոչ թե Արևմուտքի, այլ Իրանի շնորհիվ, բայց որի հետ հարաբերությունները սերտացնելու ցանկություն չեն դրսևորում: Անկեղծ ասած, որոշակիորեն անհասկանալի է միջանցքի հարցով Իրանի դրսևորած հակառուսականությունը: Բայց եթե ընդունենք, որ դա ընդամենը պատասխան է ռուսական ղեկավարության՝ հականիկոլական վերաբերմունքին, ամեն ինչ ընկնում է իր տեղը: Չմոռանալով, իհարկե, Իրանի պետական շահը ՀՀ-ի ընդհանուր սահմանի առումով: Եվ եթե Նիկոլը լիներ ադեկվատ ղեկավար, ապա «կկառչեր» այդ հանգամանքից՝ դրա միջոցով ամրապնդելով ՀՀ հարաբերությունները Իրանի ու բարելավելով Ռուսաստանի հետ:
Վերջաբանի փոխարեն. ՀԱՊԿ-ի դեմ կռիվ տալով՝ Նիկոլը փորձում է անխափան պահել հարաբերությունները ԵԱՏՄ-ում: Ու միաժամանակ, որքան էլ դա զարմանալի լինի, սերտացնել հարաբերությունները Եվրամիության հետ: Մոռանալով, որ ինքը երկու մոր կաթ խմող գառ չի, ու իրարամերժ երկու տնտեսական միություններում միաժամանակ լինել չի կարող:
Կարծիքներ