Հարցազրույց

Մի անգամ արդեն չեն մտածել, թե ում են բերում իշխանության, հիմա դրա հետեւանքները տեսնում են

Մի անգամ արդեն չեն մտածել, թե ում են բերում իշխանության, հիմա դրա հետեւանքները տեսնում են

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Մանվել Սարգսյանն է:

- Մայիսի 9-ից մեկնարկած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նպատակը Փաշինյանին հեռացնելն ու այս հակահայ քաղաքականությունը կանխելն է: Դուք հետեւո՞ւմ եք զարգացումներին:

- Առաջին հարցը, որ առաջանում է, այն է, թե ինչու ժողովուրդն ունեցավ նման պոռթկում, ի՞նչն է պատճառը: Երեք տարի շարունակ` Արցախյան պատերազմից հետո մեր երկրում մի հոգեբանական իրավիճակ ստեղծվեց, երբ մարդիկ չափազանց ճնշված էին, ճնշված էր նաեւ ցանկացած ցանկություն: Լավ եմ հիշում, թե մարդիկ, պատերազմի շանտաժով պայմանավորված, ինչ վիճակում էին, որ կարող է ամեն րոպե պատերազմ սկսվել, եւ այլն: Այդ անորոշ ու դաժան իրողությունը սարսափելի վիճակի էր հանգեցրել: Մարդկանց թվում է, որ եթե մի ավելորդ խոսք ասեն, հատկապես Արցախի հետ կապված պրոցեսներում, երբ բոլորը լուռ միայն հետեւում էին, թե ոնց են մարդիկ սովամահ լինում, կարող է նոր պատերազմ սկսվել: Դա, իհարկե, պետք է նման ծանրագույն նստվածք թողներ մարդկանց հոգեբանության մեջ: Այդպես էլ եղավ: Դեկտեմբեր-հունվարից ես արդեն գիտեի, որ գալու է մի նման շրջան, որ մարդիկ չեն կարող անդադար լռել, Տավուշի դեպքերը, փաստորեն, պոռթկման առիթ եղան, ու սկսվեց այս պրոցեսը: Տավուշում տեղի ունեցող պայքարի ժամանակ հետաքրքիր մտքեր էին հնչում, ասում էին, որ սա արժանապատվության պայքար է, մոտեցումն այդ փուլում աբստրակտ էր: Այդ ամենից հետո առաջ է գալիս երկրորդ խնդիրը` ովքե՞ր կարող էին տեր կանգնել այս պրոցեսին, ովքե՞ր կարող էին օգտվել եւ այլն: Բնական երեւույթներ են դրանք: Հետաքրքիրն այն է, որ ասպարեզ եկավ հոգեւորականը, դա էլ իր հերթին կոնկրետ իրավիճակ ստեղծեց, մի կողմից՝ եկեղեցին է մեղադրվում հիմա, մյուս կողմից՝ միանշանակ չընդունվեց այն, որ Բագրատը դիմեց ընդդիմադիր ֆրակցիաներին: Սրանք ամենաէական երեւույթներն են, որոնք առկա են այսօր: Միանշանակ, այդ խմբերին չպետք է թույլ տային՝ մտնել այս շարժման մեջ: Հայ ժողովրդի կարծիքը կիսվել է, ու մինչ օրս այդպես է: Անհասկանալի մի իրավիճակ է ստեղծվել, ես կարծում եմ, որ այժմ լրջագույն սխալներ են տեղի ունենում, այս շարժումը, դիմելով այդ հին ու մերժված ուժերին, ստեղծում է պրոբլեմատիկ իրողություն, դա առնվազն կիսում է ժողովրդին: Հասկանալով այդ ամենը՝ ես դեռ վաղուց ասացի, որ շարժում ստեղծելը բարդ է լինելու:

- Կարծում եք՝ նախկին մերժված ուժերին, ընդդիմադիր ուժերին դիմելը սխա՞լ էր սրբազանի կողմից:

- Նա կոնկրետ դիմեց ընդդիմադիր ֆրակցիաներին, որ նրանք ինչ-որ բան անեն:

- Բայց նույն այդ ֆրակցիաներին հայ ժողովուրդն է քվե տվել, այնպես չէ, որ նրանց հետ մարդիկ 2021-ին հույսեր չէին կապում:

- Ձայներ ունեն, դա կարեւոր չէ: Հիմա շատ են փորձում համեմատել այս շարժումը Նիկոլ Փաշինյանի շարժման հետ, բայց Փաշինյանի պարագայում ամեն ինչ հստակ էր, իսկ երբ խնդիրը հստակ է դրված լինում, գործը հեշտանում է, վերջ…. շարժումը պետք է հստակ լինի ու միաբեւեռ: Ողջ ժողովուրդը պետք է պրոցեսին միանա, բայց երբ նույն այդ ժողովրդի կարծիքը կիսվում է, արդյունք չի լինի` խաղաղ ճանապարհով:

- Բագրատ սրբազանն ինքն է երկրի առաջնորդի թեկնածուն: Արդյո՞ք այս պարագայում կարելի է այս շարժումը կապել նախկին իշխանությունների հետ:

- Ես խոսում եմ տարբեր մարդկանց հետ, մի մասը մասնակցում է այս շարժմանը, մի մասը չի մասնակցում, շատերն ասում են` հո չենք գնալու պայքարենք, որ չգիտենք՝ ում վերադարձնենք իշխանության։ Այ, խնդիրն այստեղ է: Եթե 2018 թվականին խնդիր կար՝ կոնկրետ քրեաօլիգարխիկ համակարգին դեմ գնալու, այդ ամենը հստակ էր, եւ բոլորի մեջ դա էր նստած: Շատ քչերին էր հետաքրքրում, թե ով է գալու իշխանության, առաջնային խնդիրը նախկին ռեժիմից ազատվելն էր: Այն ժամանակ կարծիքները չէին բաժանվում: Բայց հիմա մեր ժողովուրդը մի քանի մասի է բաժանվել:

- Բայց հիմա երկիրն է վտանգված: Անվտանգության հետ կապված խնդիրները մի կողմ թողած, նորմա՞լ է նման դիկսուրս ծավալելը: Արդյո՞ք չպետք է մարդիկ կարեւորն ու անկարեւորը զանազանեն:

- Ամեն ինչ էլ նորմալ է: Խնդիրները տարբեր են, այն ժամանակվա խնդիրը մեկն էր` 25 տարի շարունակ ժողովրդից կախված օլիգարխիան պետք է հեռանար, թե ով էր գալու, դա հանրությանը շատ քիչ էր հետաքրքրում: Ասվում էր, որ ով կարող է հեռացնել նրանց, նա էլ կարող է իշխանության գալ: Մտածողությունը միաբեւեռ էր, որը բերեց կոնսոլիդացիայի: Հիմա հարց է դրված` ո՞ւմ ենք բերում իշխանության, էլ մարդիկ չեն մտածում, թե ում են հեռացնում, դա պարզ է բոլորի համար, խնդիրն այն է, թե ում ենք բերում: Մի անգամ արդեն չեն մտածել, թե ում են բերում, հետեւանքները տեսնում են: Այդ պատճառով էլ նոր շարժումը չի հաջողում: Երբ կարծիքները կիսվում են, այլեւս հնարավոր չէ տեսնել միասնականություն: Ես շատ եմ ուսումնասիրել, թե աշխարհում քանի հաջողված ու քանի չհաջողված շարժումներ են եղել: Անհաջողությունները լինում են բացառապես այն դեպքում, երբ հասարակության կարծիքը կիսվում է մասերի, դա նորմալ է, թե աննորմալ է` էական չէ: Բագրատը եթե իմանար՝ շարժումն ինչպես են ստեղծում, անմիջապես գործ կունենար գործող ուժերի հետ, ինչպես որ Նիկոլն արեց:

- Ո՞վ է գործող ուժը:

- Իրենց հակառակորդը: Բագրատը չի աշխատում հակառակորդների հետ, դիմում է այլոց, դուք էս արեք, դուք էն արեք: Քաղաքական խառնաշփոթ է հիմա, այնպես որ, խնդիրը հնարավոր չէ ուղիղ ճանապարհով տանել լուծման:

- Այժմ երկիրը ծանր վիճակում է, Կիրանցից արդեն տներ են Ադրբեջանին հանձնվում, Արցախը հանձնվեց, ի վերջո: Այժմ ի՞նչ անել:

- Ինչ ասես՝ ստիպել են կուլ տալ այս ժողովրդին: Եթե այս իշխանությունը մնա, Ադրբեջանի թելադրանքով քայլ առ քայլ պրոցեսը գնալու է: Մարդիկ, երբ դնում են խնդիր, պետք է պատասխանատվություն վերցնեն իրենց վրա: Ես շատերին եմ ճանաչում, ովքեր 2018-ին խնդիր ու պատասխանատվություն վերցրին՝ հեռացնել իշխանությանը, եւ դա արեցին: Հիմա ի՞նչ են անում: Մարդկանց հետաքրքրում է` կարո՞ղ են լուծել այն խնդիրները, որոնք բարձրաձայնում են, ի վերջո՝ դրանք բոլորի համար էլ պարզ են: Եթե չեն կարող, հո միայն խոսելով չէ:

- Ի՞նչ եք առաջարկում Դուք:

- Չի կարելի մերժված ուժերով շարժում ստեղծել:

- Բայց որտե՞ղ եք տեսնում մերժված ուժերին:

- Ո՞նց` նկարները նայեք: Եթե մեր ժողովրդի գիտակցության մեջ կա, որ նրանք են այս ամենի ետեւում, գուցե մի բան էլ ներշնչում են, ամեն ինչ փոխվում է: Ամսի 12-ը Ռուսաստանի անկախության օրն է, հիմա էլ ասում են` այ, տեսեք, ծառայում են Ռուսաստանին եւ այլն: Պետք է միանշանակություն:

- Բայց քանի՞ տոկոս են կազմում նման անհեթեթություններ ասողները:

- Եթե փոքրամասնություն լիներ, մարդիկ փողոց դուրս կգային: Մարդիկ հոգնել են: Երբ դուրս են գալիս փողոց, տեսնում են՝ նույն դեմքերն են, հետ են գնում տուն: Նոր ուժեր են պետք: Օլիգարխիան հեռացնելուց հետո ամեն ինչ փոխվել է: Ժողովուրդը փորձ ունի արդեն, նայում է՝ ում է բերում:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image