Փաշինյանին հաջողվեց կուռ ՀՅԴ-ն էլ պառակտել

Փաշինյանին հաջողվեց կուռ ՀՅԴ-ն էլ պառակտել

Մարտի 8-ին ՀՅԴ Բյուրոն հայտարարություն էր տարածել՝ ՀՅԴ շարքերից արտաքսվել են Արեւմտյան Ամերիկայի կազմակերպական շրջանի անդամներ Ավետիք Իզմիրլյանը, Քարմեն Օհանյանը, Լեւոն Կիրակոսյանը, Կարո Իսբենճյանը։ «ԱՄՆ Արեւմտյան շրջանի կառույցում երկար տարիներ կուսակցական պատասխանատու պաշտոններ վարած մի խումբ, հիմնականում փառատենչությունով տարված, իրենց մի շարք համախոհներով ու որոշ այլ մոլորյալներով, ՀՅԴ կազմակերպական կանոնների թյուր ու կամայական մեկնաբանություններով խախտել են իրենց դաշնակցականի երդումը՝ «միշտ հավատարիմ մնալ Հ.Յ.Դաշնակցության Ծրագրին, Կանոնագրին եւ որոշումներուն․․․ «Այս խումբն ունեցել է խիստ հակակարգապահական ընթացք. ի շարս այլ հակականոնագրային քայլերի՝ «գումարել» է ապօրինի «ժողով» եւ «ընտրել» ապօրինի «մարմին», որ ապօրինի կերպով հանդես է գալիս «ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե» անունով, կուսակցության պաշտոնաթերթ «Ասպարեզ»-ը իր վերահսկողության տակ է պահում, զավթել է կուսակցապատկան անշարժ ու շարժական գույքեր ու դրամատնային հաշիվները»,- ասվում է հայտարարության մեջ։

Բանն այն է, որ ԱՄՆ-ում Դաշնակցությունը գրանցված չէ որպես կուսակցություն, այլ հասարակական կազմակերպություն է, եւ ՀՅԴ-ի գույքն էլ գրանցված է արտաքսված դաշնակցականների վրա։ Այսինքն՝ նախկին դաշնակցականները տիրապետում են կուսակցության գույքին եւ նույնիսկ տպագիր մամուլի օրգանին։ ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանին հարցրինք, թե ինչպես է ՀՅԴ-ն պատրաստվում հետ ստանալ իր գույքը։

«Համապատասխան իրավական ընթացակարգերով եւ մեր կազմակերպական, կանոնադրությամբ սահմանված ընթացակարգերով ժամանակի ընթացքում այդ բոլոր հարցերն իրենց լուծումները կստանան։ Իրավաբանների, փաստաբանների խորհրդակցության ընթացքում համապատասխան որոշումները կկայացնենք, թե իրավիճակից ելքի որ ճանապարհներն են նախընտրելի»,- պատասխանեց նա։ 

Մարտի 12-ին Դաշնակցության՝ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում նշում էր․ «Երբ մեր կուսակցությունը, մեր երիտասարդությունը, մեր համակիրները երկուսուկես տարի շարունակ բացահայտորեն ենթարկվում էին վարչապետի, նախարարների, պատգամավորիկների սպառնալիքներին ու լուտանքներին, Արեւմտյան Ամերիկայի շրջանից մի խումբ անձինք, ի զարմանս բոլորի, «բարեկամություն» էին փնտրում այդ նույն իշխանության հետ, սրեր էին ճոճում ՀՅԴ Բյուրոյի դեմ եւ փոփոխություններ պահանջում կուսակցության ռազմավարության մեջ, որ մոտենանք, գործակցենք, համաձայնենք այժմ արդեն բացահայտված թուրքամետ վարչապետի եւ նրա թիմի հետ: Այս նույն խմբակն էր, որ նյութական խոշոր ներդրումներով Լոս Անջելեսում դիմավորեց վարչապետին եւ հովանավորեց ու հունավորեց նրա տիկնոջ իբր բարեսիրական ֆոնդը, որին նվիրած սփյուքահայության օժանդակությունները մինչ օրս էլ պարզ չէ, թե ինչի վրա են ծախսվում»։ Համբարձումյանին հարցրինք՝ արտաքսված  դաշնակցականների ո՞ր քայլերն են նման խիստ որոշման պատճառ դարձել։ «Կոնկրետ վերջին պատժական տնօրինումները կայացվել են հակակարգապահական, հակականոնադրային արարքների համար»,- ասաց նա։

Շուրջ 130 տարեկան ՀՅԴ-ում նման դեպքեր էլի եղե՞լ են, թե՞ Փաշինյանը միակն է, որը կարողացավ նաեւ Դաշնակցությունը պառակտել։ «Դաշնակցությունը 130 տարվա ընթացքում շատ դեպքեր եւ առիթներ է ունեցել, ամենատարբեր խնդիրների է առնչվել, մշտապես հաղթահարել է, կարծում եմ՝ այս անգամ բացառություն չի լինի, այս մարտահրավերը եւս կհաղթահարվի, որեւէ խնդիր չկա»։ Հետաքրքրվեցինք՝ իսկ Արեւմտյան Ամերիկայի Կենկենն ինչպե՞ս է համալրվելու։ 
«Խնդիրը հետեւյալն է․ Միացյալ Նահանգներում covid-ի համավարակի հետ կապված խիստ սահմանափակումներ են՝ մասնավորապես Կալիֆորնիա նահանգում, եւ այդ պարագայում ժողովական ընթացք ապահովելը, որ հնարավորություն ընձեռեր, որպեսզի բոլորը կարողանային ազատորեն մասնակցել, չկար նախորդ դեկտեմբերին, այսինքն՝ մարդկանց իրավունքների սահմանափակման հետ կապված խնդիրներ կային։

Ըստ այդմ՝ բյուրոյի մոտեցումը եղել է այն, որ մեր ժողովները պետք է անցկացվեն համապատասխան ժամկետներում եւ այնպիսի պայմաններում, որ հնարավոր լինի բոլորի հավասար մասնակցությունը, մինչդեռ անցկացվել են կանոնագրքի տառին եւ ոգուն անհամապատասխան, ոտնահարվել են բազմաթիվ շարքային դաշնակցականների իրավունքներ։ Ժողովը, որը հրավիրվել է, հրավիրվել է ապօրինի, մասնակից շրջանակը չի ընդգրկել ամբողջ կազմակերպական կառույցը, եւ ընտրված մարմինը, հետեւաբար, եւս ապօրինի է։ Այդ հիմնավորմամբ ՀՅԴ բյուրոն նշանակել է կենտրոնական կոմիտե՝ նոր ժամանակավոր մարմին, մինչեւ համապատասխան պայմանների առկայությամբ հնարավոր լինի հրավիրել շրջանային ժողով, եւ ընտրվի նոր մարմին, եւ այն անձինք, որոնք շեղվել են այս ընթացքից, այսինքն՝ նախաձեռնել են այդ ապօրինի ժողովը, արժանացել են պատժական տնօրինումների։ Այսինքն՝ հիմա այնտեղ կա Կենտրոնական կոմիտե, որը նշանակված է բյուրոյի կողմից, եւ այդ կոմիտեն նախապատրաստում է համապատասխան ընթացակարգերով հերթական շրջանային ժողովը»։ 

Հիշեցնենք, որ կապիտուլյացիայի գիշերը, երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին վրեժի էր կոչում, ասում էր, որ գնալու են նաեւ Դաշնակցության «կոռուպցիոն» հատվածի հետեւից․ «Ինչի՞ եմ ասում՝ կոռուպցիոն հատվածի, որովհետեւ էնտեղ մարդիկ կան․․․ ինչքան էլ համաձայն չլինեմ, չեմ կարա ուրանամ որոշ բաներ»՝ հավանաբար նկատի ուներ արտաքսված դաշնակցականներին, որոնց հետ համագործակցել են։