Բանակի դերը

Բանակի դերը

Ինչպե՞ս ստացվեց, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի մնալ-չմնալու հարցը դարձավ օրվա գլխավոր հարցը եւ նույնացավ իշխանափոխության հետ։ Ի՞նչ է տալիս ընդդիմությանը Օնիկ Գասպարյանի հետագա պաշտոնավարումը, եւ հակառակը՝ ի՞նչ է տալիս նրա հեռացումը Նիկոլ Փաշինյանին։

Առաջին դեպքում, կարծում եմ, հասկանալի է, որ ընդդիմությունը ծրագրում է պայքարը շարունակել, անգամ գնալ վճռական գործողությունների, եւ քանի որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն վարչապետին են ծառայում՝ ընդդեմ ժողովրդի, բանակը կարող է զսպող դեր խաղալ եւ կանգնել ըմբոստացած հասարակության ու պատժիչ գործողություններ կիրառող ոստիկանների եւ հատուկ ջոկատայինների միջեւ։ Իսկ սա միանգամայն ռեալ վտանգ է, քանզի երեկ իշխանությունն արդեն ցուցադրեց, որ պատրաստ է անգամ կրակել ժողովրդի վրա։ Ազգային ժողովի շենքի բաց պատուհաններից դեպի խաղաղ ցուցարարներն ուղղված դիպուկահարների հրազենի փողերը դրա մասին էին վկայում։ Մի կասկածեք՝ եթե ժողովուրդը որոշեր գրոհել խորհրդարանի շենքը, հրազենը գործի էր դրվելու՝ այնպես, ինչպես արվեց 2008-ի մարտի 1-ին։ Եվ եթե 2008-ից հետո չհաջողվեց պարզել, թե ով է տվել մարտական զենք կիրառելու հրահանգը, ապա այս անգամ հնարավոր կլիներ պարզել, քանզի կրակողները կհայտնաբերվեին, եւ նրանք կվկայեին, թե ում հրահանգով են կրակել։

Վերադառնանք այն հարցին, թե ինչով է Օնիկ Գասպարյանը խանգարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ այսպես հետեւողականորեն ուզում է նրան հեռացնել պաշտոնից։ Մի պատասխան կա այս հարցին․ եթե առաջիկայում ծրագրում են արտահերթ ընտրություններ կազմակերպել, ապա բանակի դիրքորոշումը կարող է էական լինել իշխանությունների համար։ Բանակը ե՛ւ հօգուտ իշխանության ձայներ են, ե՛ւ վտանգ՝ իշխանափոխությանն աջակցելու, հեղաշրջում անելու առումով։