Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՅԴ-ի համաձայնությունը կարող է չկայանալ

Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՅԴ-ի համաձայնությունը կարող է չկայանալ

Ինչպես հայտնի է, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է կուսակցությունների հետ դաշինքով։ Ըստ տարածված տեղեկությունների՝ այդ կուսակցություններից մեկը Հայ հեղափոխական դաշնակցությունն է, իսկ մյուսը՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կողմից ստեղծված «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, որին անդամագրվել են Սյունիքի մի շարք համայնքապետեր։

Մեզ տեղեկություններ հասան, որ Քոչարյանի եւ Դաշնակցության միջեւ բանակցությունները ծանր են ընթանում, որոշակի տարաձայնություններ են առաջացել ցուցակի եւ աշխատանքների բաշխման հետ կապված։

Մասնավորապես, ՀՅԴ-ն, որն իրեն միակ ազգային եւ ինստիտուցիոնալ կուսակցությունն է համարում, կարծում է, որ իր կուսակցության առանցքի շուրջ պետք է կազմվի համամասնական ցուցակը, որի ուղիղ կեսը կամ մի քիչ պակաս, պետք է իրենք զբաղեցնեն։ Իսկ Քոչարյանը չի համաձայնում նման հարաբերակցության։ Մենք կապվեցինք ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ՝ հարցնելով, թե ՀՅԴ-ն արդյոք հստակեցրե՞լ է Քոչարյանի հետ համատեղ ընտրությունների գնալու հարցը: Սաղաթելյանը պատասխանեց․ «Երբ որ Դաշնակցությունը որոշում կունենա, այդ մասին կհայտարարի, Դուք եւ բոլորը տեղյակ կլինեք»։ Հարցրինք՝ Քոչարյանի հետ քննարկումներ ունենո՞ւմ են, եթե այո, ապա ինչի՞ վերաբերյալ, Սաղաթելյանը համառորեն չպատասխանեց այս հարցին եւս․

«Ես Ձեր հարցին պատասխանեցի՝ երբ Դաշնակցությունը որոշում ընդունի, այդ մասին կհայտարարի, մենք մեր օրակարգի մասին բազմաթիվ անգամ հայտարարել ենք, նոր բան չունեմ ավելացնելու»։ Փաստորեն, չե՞ն հերքում Քոչարյանի հետ նույն ցուցակով գնալու մասին լուրերը։ «Ես պատասխանեցի էն, ինչ պատասխանեցի։ Բավարարվեք իմ ասածով, նոր բան չունեմ ավելացնելու»,- պատասխանեց Սաղաթելյանը։