Բուլդոզերով ու տրակտորով

Բուլդոզերով ու տրակտորով

Էնդշպիլը խոստանում է դրամատիկ լինել։ Վերջին օրերին հայ հասարակությունը կլանված հետեւում էր Երեւանի քաղաքապետի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հանգուցալուծմանը։ Իբրեւ թե իշխող կուսակցությունը «հորով-մորով» էր արել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եւ լուծել համայնքների խոշորացման ու նոր համայնքապետերի ընտրության հարցը, հիմա էլ անցել է ամենամեծ համայնքին` մայրաքաղաքին:

Ո՞ւմ համար էր գաղտնիք, որ մոտ 2 տարի մայրաքաղաքի ու երկրի գործադիր իշխանությունների միջեւ լարված, անգամ` թշնամական հարաբերություններ են, եւ Նիկոլ Փաշինյանը վաղուցվանից է մտմտում Հայկոյին փոխելու հարցը: Բայց կարծում էինք, որ պատերազմից հետո ստեղծված վիճակը, արտաքին թշնամին եւ սահմանների հարցը, հետո նաեւ ՏԻՄ ընտրությունների` իրենց համար ոչ այնքան շահեկան արդյունքները կստիպեն, որ հրաժարվեն քաղաքապետ փոխելուց: Ողջամիտ կգտնվեն եւ այս պահին, երբ արտաքին մարտահրավերներն այդքան շատ են ու ճակատագրական, ներսում նոր կոնֆլիկտի օջախ չեն բացի: Մանավանդ, ակնհայտ է, որ Մարությանի դեմ ծավալված արշավը շատերը չեն ողջունում, այն համարում են հակադեմոկրատական եւ ամոթալի գործընթաց, որն ուղղված է բացառապես մեկ անձի ամբիցիաների բավարարմանը:

Սակայն նման կերպ մտածող մարդիկ պարզապես չեն ճանաչում Նիկոլ Փաշինյանին, չգիտեն, որ նա կոնֆլիկտների, բախումների, հակասությունների մարդ է եւ նման իրավիճակում ինքն իրեն զգում է ինչպես «ձուկը ջրում»: Այ, խաղաղ, ստեղծագործական աշխատանքը, կառուցելը, դժվարությամբ ու դժվարությունները հաղթահարելով քարը քարի վրա դնելն այս իշխանություններին բնորոշ չէ: Նրանք տրակտորով ու բուլդոզերով են աշխատում` իրենց ճանապարհին սրբելով ամեն բան եւ հետեւանքների մասին չմտածելով: