«Հրապարակ»ի հարցերին պատասխանում է հոգեբան Աննա Գալստյանը:
-Աննա, ինչպես հաղթահարել սթրեսը՝ տնային պայմաններում: Ինչպե՞ս հնարավորինս դառնալ սթրեսակայուն:
-Սթրեսները մեր կյանքում անխուսափելի են։ Չունենալ սթրես, նշանակում է չապրել, կամ աշխարհից փակված ապրել (գրեթե հավասարազոր է չապրելուն)։ Քանի որ ամեն նոր բան, փոփոխություն, անսպասելի իրադարձություն մեզ սթրեսի է ենթարկում։ Կուզե՞ք ես ձեզ հաճելի անակնկալ մատուցեմ։
- Այո, ես սիրում եմ անակնկալներ։
-Դա էլ է ձեզ սթրեսի ենթարկելու։
-Այսինքն չի՞ կարող այնպես լինել, որ մարդ սթրեսի չենթարկվի:
-Ոչ, չի կարող։ Բայց երևի դուք սթրեսի բացասական հետևանքների ու դիսթրեսի մասին եք հարցնում, որը քայքայում է մեր առողջությունը, հոգեկան վիճակը։
-Այո, ինչի պատճառով մենք չենք կարողանում լիարժեք ապրել։
-Լիարժեք ապրելու համար երբեմն դիսթրեսն էլ է օգտակար է։
Ինչպես արդեն ասացի, ամեն նոր երևույթ կամ դիպված, որն անցանկալի էր, ինչ որ բան, որին մարդ չէր սպասում, կա'մ սպասում էր, բայց պատրաստ չէր դրան` սթրեսի է ենթարկում մարդուն։ Հնարավոր չէ սթրեսի չենթարկվել։ Այլ բան է, որ մեր ադապտացիոն մեխանիզմները այնքան լավ են աշխատում, որ մենք արագ դուրս ենք գալիս սթրեսային վիճակից։
Մարդը գոյատևել է սթրեսից դուրս գալու ու հարմարվողական մեխանիզմների շնորհիվ։ Սթրեսային իրավիճակում մարդիկ 2 ռեակցիա ունեն` փախչել կամ պայքարել, երկուսն էլ օգնում են գոյատևել։ Կատաղած շանը տեսնելիս դուք կամ փախչում եք կամ փայտով, քարով վախեցնում` այսինքն պայքարում։
Երրորդ տարբերակը քարանալն է, կամ անտեսանելի դառնալ։ Որն իրատեսական չէ, հատկապես երբ հանդիպել է մի խնդիր, որից կախված է իր կամ ուրիշների կյանքը։ Նման իրավիճակում մարդիկ չեն կարողանում ռացիոնալ որոշումներ կայացնել, ենթարկվում են ուրիշների կարծիքին, փակվում են իրենց մեջ կամ ոչ ադեկվատ որոշումներ են կայացնում։ Պատճառն այն է, որ պատրաստ չէին դրան, հոգեկանը չի կարողանում ադապտացվել։ Սովորաբար ենթագիտակցության մեջ պահպանվում են բոլոր լուծումները (որոնք հետո վերածվում են հարմարվողական մեխանիզմների) որոնք մարդ իր կյանքի ընթացքում հանդիպելով գտել է։ Իսկ կոլեկտիվ անգիտակցականում պահպանվում են մեր նախնիների փորձառությունը, անգամ մարդկության զարգացման էվոլուցիան։ Ու երբ մարդ հանդիպում է մի երևույթի, ուղեղում առկա «լուծումների» շնորհիվ արագ հարմարվում է իրավիճակին կամ ելք է գտնում։ Իսկ եթե նրա մոտ կամ նախնիների մոտ չի եղել նման փորձառություն կամ վատ փորձառություն է եղել, այդ ժամանակ ադապտացիա չի լինում ու մարդ հայտնվում է դիսթրեսի մեջ։
-Այսինքն մենք միշտ սթրեսի ենթարկվում ենք, բայց եթե չենք կարողանում իրավիճակին լուծում գտնել, այդ սթրեսը քայքայո՞ւմ է մեզ:
- Շատ ճիշտ եք: Լուծումները կարող են ավտոմատ գտնվել, որովհետև մեր ինքնապաշտպանական մեխանիզմներն արագ գործի են անցնում։ Օրինակ` երբ անձրև է գալիս, արագ ծածկվում ենք ինչ որ բանով։ Սթրեսը քայքայում է մարդուն, ինչպես դուք արտահայտվեցիք, երբ այդ փորձառությունը իր ուժերից վեր է համարում, չի կարողանում լուծում գտնել ու իրեն թույլ ու անկարող է համարում։
Եթե ուզում եք արագ ադապտացվել ու սթրեսից վատ հետևանքներ չունենալ, պետք է «իմունիտետ» ունենաք բոլոր դեպքերի համար։ Դա չի նշանակում, որ դեպքը պետք է լինի, նոր մենք ինչ որ լուծում տանք։ -Կասեք ամենասթրեսային աշխատանքը ո՞րն է:
-Կարծում եմ այն աշխատանքը, որը մարդ չի արել։
- Դուք միանգամայն իրավացի եք։ Տիեզերագնացի աշխատանքը համարվում է ամենասթրեսայինը, քանի որ ոչ իր գիտակցականում, ոչ օնտոգենետիկ, ոչ ֆիլլոգենետիկ հիշողության մեջ չկա փորձառություն տիեզերք թռչելու։ Իսկ եթե հանդիպի այլմոլորակայինների՞։ Կամ տիեզերանավի հետ անսարքություն պատահի՞, դժվար թե օգնությունը մի քանի օրում կհասնի։ Ուրեմն տիեզերագնացը ամեն իրավիճակին պետք է պատրաստ լինի։ Նրանք երևակայության միջոցով ստեղծում են իրավիճակներ և գտնում են լուծումներ։ Որովհետև ուղեղի համար միևնույն է դու իրականում ես դա անում, թե երևակայորեն։ Երկու դեպքում էլ ուղեղը ընկալում է որպես իրական։
Այս կերպ տիեզերագնացը ունենում է լուծումներ, այսինքն ադապտացվելու հնարավորություն։
Վերադառնալով ձեր հարցին ասեմ, որ այո, տնային պայմաններում հնարավոր է սթրեսի բացասական հետևանքներին դիմակայել, եթե ամեն օր մեդիտացիաներ անեք, ուղեղի վարժություններ, պատկերացնեք իրավիճակներ որոնց ենթադրաբար կարող եք հանդիպել։ Ու այդպես դուք նախ կդառնաք հարմոնիկ, հետո կհարստացնեք ձեր ենթագիտակցությունը, այլ կերպ ասած իմունիտետ կստեղծեք սթրեսային իրավիճակներում արագ ադապտացվելուն։
-Դուք ասացիք դիսթրեսը օգտակար է, ինչպե՞ս:
-Սթրեսը դիսթրես է դառնում, եթե լուծումներ չի գտնում մարդը, կամ շատ անսպասելի է, կամ շատ ուժգին է, կամ հաճախակի կրկնվող է ու մարդը չի հասցնում ադապտացվել։
Բայց, քանի որ մարդու հոգեկանը կոչված է իրեն պաշտպանելու, դիսթրեսի ժամանակ մոբիլիզանում են այնպիսի մեխանիզմներ, որոնց մասին մարդն անգամ չգիտեր։ Օրինակ` մայրը կարող է բարձրացնել մի քանի տոննայանոց մեքենան, որ փրկի երեխային։ Այսինքն, եթե այդ ժամանակ մենք կարողանանք պահպանել հավասարակշռությունն ու լսենք, վստահենք մեր անգիտակցականին, որոշ մասնագետներ էլ ասում են վերգիտակցականին, մենք կհասկանանք, որ դիսթրեսը բացել է մեր այն հնարավորությունները, որոնց մասին չէինք էլ կարող պատկերացնել։
Բայց կրկնում եմ, եթե մենք կարողանանք քարացած ու անհույս վիճակից դուրս գալ ու լսել ինքներս մեզ, մեր ինտուիցիային։
-Այսինքն, սթրեսից դուրս գալու համար մարդիկ կարիք չունեն հոգեբանի՞:
-Սթրեսի բացասական հետևանք չունենալու համար ես ասացի ինչպես կարելի է կանխել։ Իսկ եթե մարդ արդեն երկար ժամանակ չի կարողանում իր խնդիրները լուծել իրեն պետք է հենման կետ։ Շատ անգամ բարեկամներն ու ընկերներն են օգնում, բայց ոչ միշտ է դա օգնում ու կարող է ավելի երկարացնել խնդրի լուծման պրոցեսը։ Ու դրա վատն այն է, որ որքան երկար է խնդիրը մնում, այնքան երկարում է բուժման պրոցեսը։ Փորձառու մասնագետը մի քանի սեանսում խնդիրը կարող է վերացնել ու այն էներգիան ու ժամանակը, որ դուք ծախսում եք խնդրի վրա, կօգտագործեք ձեր կյանքն ավելի լավացնելու վրա։
-Շուտով ամանոր է։ Ինչո՞ւ է մեր հասարակությունը ագրեսիվ, ընկճված, չարացած: Ուրախ չեն։ Վերջին տարիներին ամեն տոն այնպես են նշում, ասես դա վերջին տոնն է: Մարդիկ տպավորություն է, թե ուրախության, տոնական տրամադրության պակաս ունեն: Ինչո՞ւ:
-Մեր խնդիրների մեծ մասը գալիս են սպասելիքներից ու իրավիճակի ոչ ռեալիստիկ գնահատականից։
Մեր հասարակությունը լավ ապագայի սպասում չունի։ Այս տարիների ընթացքում բոլոր սպասումները կոտրվեցին վատագույն սցենարներով։ Ի՞նչ սպասում ունեն հաջորդ տարվանից, դուք հարցում անցկացրե՞լ եք բնակչության մեջ։
-Ոչ, օֆիցիալ հարցում չի եղել։
-Մեր կյանքը ողողված է ավելի շատ վատ ինֆորմացիայով, քան լավ. պատերազմի վտանգը Իսրայելի ու Իրանի միջև, որից կարող է մեր տարածաշրջանը տուժել։ Պատերազմը Իսրայելում, քաղաքական իրավիճակը Սիրիայում ու Լիբանանում։ Պատերազմը Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև։ Այս բոլոր վայրերում հայեր են ապրում։ Մենք չենք կարող անտարբեր մնալ մեր արյունակցի ցավին, անգիտակցական թելերով բոլորս բոլորիս կապված ենք։ Մինչև հիմա Ադրբեջանի հետ տարածքային խնդիր ունենք, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը նույնպես մտածելու տեղիք է տալիս: Դա արտաքին քաղաքականության մեջ։ Հայաստանի ներսում էլ շատ խնդիրներ կան. առաջին անհրաժեշտության սնունդ շատերը հազիվ են ձեռք բերում իրենց փոքր աշխատավարձերով։
Տրանսպորտի թանկացումը, անհուսալի տնտեսական վիճակը, պատերազմի չամոքված վերքերը, գերիները, ամեն օր պատահարների, դժբախտ դեպքերի, հիվանդությունների մասին լուրերը անգամ ապահովված ու անհոգ հային ագրեսիվ, ընկճված, չարացած հոգեվիճակի մեջ են գցում։
Այդ ամենը հաղթահարելու ու լավ սպասումներով Նոր Տարին դիմավորելու համար, հարկավոր է մեծ ջանք գործադրել։
-Իսկ ո՞րն ելքը։
-Անգամ ծանր վիճակում ապագայի դրական սպասելիքներով ու ռեալիստիկ կյանք պլանավորել։
-Իսկ դա ինչպե՞ս անել:
-Գիտեմ դժվար է միայնակ դժվարություններ հաղթահարելը։ Այն էլ երբ մեծամասնությունն այդ վիճակում է։ Դրա համար էլ առաջ են եկել հոգեթերապիան, հոգևոր ուսմունքները, քոուչինգը և այլն, որ այդ մասնագետները հենարան դառնան, օգնեն մարդուն իր մեջ ուժ գտնելու։
-Իսկ եթե մարդը փող չունի հոգեբանին դիմելու։ Ի՞նչ անի։
-Փող միշտ էլ մարդը գտնում է, կյանքի կարևոր խնդիրների համար։ Օրինակ եթե բժշկի կարիք է լինում կամ իր ուզած հագուստը գնելու համար։ Ուրեմն նրա համար կյանքի որակը փոխելը ակտուալ չի։ Որոշ մարդկանց համար գոյատևելը ապրելու ստիլ է, այլ կերպ չգիտի ապրել։ Նա նախնիներին հերոս է համարել, որ կարողացել են գոյատևել դժվար պայմաններում, իսկ ինչո՞ւ ինքը հետ մնա հերոսի կոչումից։ Ուղեղով հասկանում է, որ իրեն նման կերպ ապրելը չի գոհացնում, բայց կյանքի փորձ չկա, որ օրինակ վերցնի։ Նոր քայլ անել էլ չի համարձակվում։ Երբ ազատվի խնդիրներից, մտածելակերպը փոխի, կտեսնի թե ինչ արդյունավետ ճանապարհներով ու արագ է հասնում իր նպատակներին։
Խնդիրը սկսում է փոխվել, երբ մարդ որոշում է կայացնում կյանքը փոխելու ու դիմում է հոգեբանի։
-Ախր հոգեբանի մոտ գնալը իրոք թանկ հաճույք է։ Ամեն ժամի համար 15 հազար դրամից ավելի գումար են ուզում ու ոչ մի մասնագետ չի ասում, թե որքան ժամանակում կլուծվի խնդիրը։
-Ոչ մի մասնագետ չի կարող ասել որքան ժամանակում կլուծվի խնդիրը, որովհետև դա կախված է խնդրի բարդությունից, թե որքան ժամանակ է այդ խնդիրը մարդու կյանքում «իշխում», մարդու անձնային հատկանիշներից է կախված, թե որքան է պատրաստ արագ լուծել և մասնագետի փորձից ու պրոֆեսիոնալիզմից։ Դրա համար ես արդեն մի տարի է չեմ աշխատում ժամավճարով, այլ խնդրի լուծելու վրա։
-Ինչպե՞ս:
-Ես իմ աշխատանքը արդյունավետ ու արագ, հիմնովին ու ավարտուն դարձնելու համար եմ այդ սիստեմով աշխատում, հասկանալով ` թե ինչպես են առաջանում խնդիրները, ինչ հետք են թողնում մարմնում ու ուղեղում, ինչպես պետք է դրանք վերանան։
Առաջին հանդիպմանը հասկանում եմ ինչ խնդիր է, ինչ բարդության, գնահատում եմ մարդու ռեսուրսներն ու պատրաստակամության աստիճանը և ասում գումարի չափը, որով կաշխատեմ։ Իմ Ինստագրամի էջում ու Ֆեյսբուքում կա ինֆորմացիա, թե ինչ խնդիրների հետ, ինչպես և ինչ գներով եմ աշխատում։ Գինը կախված չի մարդու վճարունակությունից, այլ խնդրի բնույթից։ Դա մեկ անգամ ու ամբողջական վճարվող գումար է, որի դիմաց ես աշխատում եմ ինտենսիվ, հնարավորինս շուտ լուծելու խնդիրը։ Հետագայում էլ, մեկ տարվա ընթացքում մարդիկ ամիսը մեկ գալիս են պրոֆիլակտիկ աշխատելու (դրա համար մարդ լրացուցիչ չի վճարում), որովհետև ուղեղի նեյրոնային շղթան, որն առաջացել է խնդրի առաջանալուն պես, մեկ տարի տևում է մինչև ապաակտիվանում է (հատկապես բարդ խնդրի դեպքում)։ Դրա համար են շատ խնդիրներ կրկնվում, որովհետև ինչ որ տրիգեր ակտիվացնում է խնդիրը ու մարդ նորից հայտնվում է նույն հոգեվիճակում։ Ամիսը մեկ հաճախումները, կանխում են ակտիվացումը, կամ թուլացնում են էներգետիկ լիցքը։
Բայց ես չեմ աշխատում բոլորի հետ, ով դիմում է։ Գնահատում եմ մարդու ռեսուրսները։ Կարող եմ հրաժարվել, եթե մարդ պատրաստակամ չի կամ ռեսուրս չունի խնդիրը լուծելու։ Որովհետև չկան չլուծվող խնդիրներ, ամեն ինչ մարդ կարող է հաղթահարել։ Ես այցելու եմ ունեցել, ում դիագնոզել էին չարորակ ուռուցք, վերջին փուլում։ Երբ ասաց` իմաստ չունի պայքարել, ես ասացի, որ միայն մահվան դեպքում իմաստ չունի, քանի կենդանի ես, դու կարող ես փոխել իրավիճակը։ Ու փոխեց, արդեն 4 տարի է առողջ է ու ապրում է իր երազած կյանքը։
-Վերադառնանք մեր ժողովրդի վիճակին։ Ի՞նչ անեն մարդիկ, որ տարին ուրախ դիմավորեն, ի՞նչ պրակտիկ խորհուրդ կտաք։
-Պատրաստի բաղադրատոմսեր չկան։ Ամեն մարդ գիտի ինչն իրեն կերջանկացնի։ Կարող եմ մի վարժություն ասել, որն անելով մարդ կփոխի տրամադրությունը և մոտ կլինի երազանքների իրագործմանը: Նստեք մի տեղ, որտեղ ոչ ոք չի խանգարի ու պատկերացրեք ձեզ այն իրավիճակում, որում կուզեր հայտնվել, ինչը ձեզ կերջանկացնի։ Ամեն ինչ մանրամասնորեն պատկերացրեք, գործի դրեք ձեր բոլոր զգայարանները, այնպես արեք, որ զգաք հենց հիմա դա ձեզ հետ կատարվում է։ Իրական էմոցիաներ ապրեք։ Մի նայեք ձեզ կողքից, այլ նայեք ձեր աչքերով, լսեք ձեր ականջներով։ Հետևեք մարդկանց, ովքեր ականատես են ձեր հաջողությանը, ինչպե՞ս են նրանք արձագանքում։
Օրինակ, եթե ավտոմեքենա եք ուզում պատկերացրեք այն քշում եք արդեն կամ եթե ուզում եք ամուսնանալ` պատկերացրեք ձեզ հարսանեկան ճանապարհորդության ժամանակ։
Ու ասեք. «եվ դա կատարվում է ինձ հետ»։ Պատկերացրեք, թե ինչպես են ձեր բոլոր բջիջները, ողջ ձեր օրգան համակարգերն աշխատում այդ ուղղությամբ, որ դա կատարվի։
Որքան էլ վատ տրամադրություն ունենաք նախատոնական, տոնական, հետտոնական օրերին կրկնեք այդ վարժությունը։ Նախ ձեր տրամադրությունը կփոխվի, հետո ձեր գիտակցությունն ու անգիտակցականը կաշխատեն այդ ուղղությամբ ու ձեզ կտան լուծումներ։