Հանրային կարծիքի վրա թքած ունենալու արվեստը

Իմ կարծիքով` ցանկացած երկրում դեմոկրատիայի առկայության չափման մի քանի գործոններ կան: Եվ դրանք ոչ այնքան ազատ-արդար ընտրություններն են, ոստիկանների կողմից քաղաքացիների խոշտանգումների բացառումը, հավաքների եւ խոսքի ազատությունը, որքան հանրային կարծիքից իշխանությունների վախն ու կախվածությունը: Դեմոկրատական երկրներում, որտեղ ընտրությունները չեն կեղծվում, ցանկացած կուսակցություն գիտի, որ անգամ եթե հանրությունը փողոց դուրս չգա եւ վաղաժամ իրենց տուն չուղարկի, գալու է ընտրությունների օրը ե,ւ ինքն իր հաբրգած պահվածքի, կոռումպացվածության, մարդու իրավունքները ոտնահարելու, հարկեր-տուրքերն ավելացնելու, իսկ թոշակներն ու նպաստները չավելացնելու պատասխանը ստանալու է քվեի, ավելի շուտ` չի ստանալու քվեի տեսքով: Ուստի ցանկացած կուսակցություն` լինի իշխանական, թե ընդդիմադիր, ընտրությունից ընտրություն ընկած շրջանում փորձում է չզայրացնել ընտրողին, չանել բաներ, որոնք կհիասթափեցնեն նրան: Փորձում է շահել քաղաքացիների համակրանքը եւ չարժանանալ հակակրանքին: Սա չկա միայն այն երկրներում, որտեղ իշխանության ձեւավորումը կախված չէ ընտրողի քվեից: Նման երկրներում տիրում է քաոս, ամենաթողություն, կոռուպցիա, անօրինականություն, ինչպիսի իրավիճակ այսօր տիրում է Հայաստանում:
Երեկվա միջադեպը` Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած, վկայեց հենց այդ մասին, որ ոչ միայն իշխանությունը, այլեւ իշխանության ձգտող մեկ այլ կուսակցություն եւս արհամարհում են հանրային կարծիքը, չեն վախենում նրա հիասթափությունից եւ հանցագործին դատապարտելու փոխարեն մեղադրում են զոհին: Քիչ թե շատ ադեկվատ ցանկացած կուսակցություն թաղապետի սենյակի մոտ քաղաքացուն 10 հոգով ծեծելու միջադեպը կդատապարտեր, կփորձեր տարանջատվել բռնարար թաղապետից եւ նրա աշխատակազմից, ներում կհայցեր հասարակությունից եւ տուժած անձից, որ երես ունենար հաջորդ ընտրություններում նորից քվե հայցելու:
Իսկ ի՞նչ արեց «Հանրապետություն» կուսակցությունը. դատապարտեց զոհին, հերոսացրեց հանցագործին, ցույց տվեց, որ դա իր քաղաքական գիծն է` բռնությամբ հարցեր լուծելը: Փորձեց քաղաքականացնել կատարվածը եւ վերագրել ընդդիմադիր ուժերին ու ռուսամետներին, որ իբր թե` սա անկախ պետականության եւ դեպի Եվրոպա մեր ընթացքի դեմ իրականացված ոտնձգություն էր, սադրանք, պլանավորված գործողություն: Բացի այն, որ ծիծաղելի էին այդ դավադրապաշտական մեկնաբանությունները եւ մատից ծծած, այլ նաեւ դեմագոգիկ ու ամոթալի էին, որովհետեւ, եթե իրենք հավատում են իրենց ասածին, ուրեմն մտածելու հետ կապված խնդիրներ ունեն, եթե չեն հավատում եւ ստում են, ուրեմն բարոյականության հետ խնդիրներ ունեն:
Կարծիքներ